Ստեփանակերտում ընթանում է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Ստեփանակերտում ընթանում է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովը

Ստեփանակերտում ընթանում է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովը

Փետրվարի 24-ին Երևանում մեկնարկած ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովն այսօր իր աշխատանքները շարունակում է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում:

ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովին մասնակցում են 25 երկրների  50 ներկայացուցիչներ:

Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի Արցախյան հատվածի բացման արարողությանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք, Հայ Դատի հանձնախմբերի ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես է եկել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը:

Իր խոսքում Հակոբ Տեր-Խաչատուրյանը նշել է, որ Հայ դատի բանակի ներկայացուցիչներն Արցախ են այցելել վերահաստատելու, որ անխոնջ աշխատելու ենք, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը մնա հավերժական, հզոր, անվտանգ և շարունակաբար զարգացող: «Մեր սերնդի մեծագույն իրագործումներից է Արցախի ազատագրումը Ադրբեջանի ջարդարար ջիրաններից և անհրաժեշտ է, որպեսզի աշխատենք արյամբ ու քրտինքով ձեռք բերված Արցախի ազատագրումը չմսխվի դիվանագիտական սեղանների շուրջ»,- նշել է Հակոբ Տեր-Խաչատուրյանը:

ԱՀ նախագահ Բակո Սահակյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ Հայ Դատն այն համահայկական կառույցն է, որը տասնամյակներ շարունակ համառ պայքար է մղում մեր համազգային խնդիրների լուծման ուղղությամբ՝ հատուկ ուշադրության կենտրոնում պահելով Արցախը:

«Անհնարին է պատկերացնել միջազգային հարթակներում Արցախի շահերի պաշտպանությունը, տարբեր երկրներում եւ ատյաններում մեր մասին ճշմարտացի տեղեկությունների տարածումը, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանն ուղղված քայլերի իրականացումը, բազմաթիվ պետությունների ու նրանց սուբյեկտների հետ կապերի հաստատումն ու խորացումը, մեր հանրապետությունում զանազան ծրագրերի իրականացումն առանց Հայ Դատի գործուն մասնակցության, նրա մեծածավալ եւ անձնվեր աշխատանքի»,- ընդգծել է Արցախի Հանրապետության նախագահը:

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանն իր ողջույնի խոսքում խորհրդանշական է համարել խորհրդաժողովի անցկացումն Արցախում:

«Աշխարհով մեկ Սփռված Հայ Դատի հանձնախմբերի ու գրասենյակների նվիրյալները բոլորից լավ գիտեն, որ Արցախով է անցնում հայի լինելիության մայր ճանապարհը, որը պետք է զերծ պահել օտարածին թափանցումներից ու քաղաքական խարդավանքներից: Այդ ճանապարհը բոլորիս պատվի ուղին է ու դա այն հստակ սահմանումն է, որ ապացուցելի ու վիճելի չէ»,- նշել է Դավիթ Իշխանյանը:

Հավելենք, որ խորհրդաժողովի աշխատանքները վաղվանից շարունակվելու են Երևանում և տևելու է մինչև փետրվարի 28-ը:

Նշենք նաև, որ ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովը թվով երկրորդն է, որ անցկացվում է Արցախում. առաջինը կայացել է 2016թ.-ին:

1