Ստեփանակերտում բացվել է «Հանուն Արցախի» շարժման համակարգող կենտրոնը
Գլխավոր » Երիտասարդական » Ստեփանակերտում բացվել է «Հանուն Արցախի» շարժման համակարգող կենտրոնը

Ստեփանակերտում բացվել է «Հանուն Արցախի» շարժման համակարգող կենտրոնը

Մայիսի 7-ին Ստեփանակերտում կայացել է «Հանուն Արցախի» համազգային շարժման համակարգող կենտրոնի բացումը:  Նորաբաց կենտրոնն առայժմ համախմբելու է հայրենիքում և արտերկրում գործող 5 կազմակերպությունների՝ «Հանուն Արցախի», «Հայեր միացեք», «Доктор Лиза», «Русская гуманитарная миссия», «Спеши к добру»:

Համակարգող կենտրոնի նախաձեռնող անդամներից Արթուր Բալասանյանի խոսքով՝ դեռևս 2019թ. հունիսից իրենց կողմից սկսվել էր «Հանուն Արցախի» համազգային շարժումը, որին միացել են բազմաթիվ կազմակերպություններ, հայորդիներ:

Ողջունելով կենտրոնի բացումը՝ նա հույս է հայտնել, որ այն իրականացնելու է ազգանպաստ գործունեություն: «Այսօր այս նախաձեռնությունը պետք է նոր թափ առնի և կարողանա իրականացնել մեր տեսլականները՝ վերածվելով համահայկական նոր օրակարգի: Բազմապիսի հանդիպումների ժամանակ որոշել ենք առաջին կենտրոնը բացել Արցախում, բոլոր հայորդիներին հրավիրում ենք մասնակցել՝ կապ չունի նյութական, ֆիզիկական և այլ առումներով»,- նշել է նա:

Կոորդինացնող կենտրոնի անդամներից «Հայեր միացեք» կազմակերպության ներկայացուցիչ Բադալ Փալյանն իր հերթին ավելացրել է, որ կշարունակեն ծրագրերով աջակցել կարիքավոր հայրենակիցներին: «Կենտրոնը հավաքելու է ինֆորմացիա՝ տրամադրելու այն կազմակերպություններին, ովքեր տարբեր պատճառներով չեն կարողանում գտնվել Արցախում: Շատ կարևոր եմ համարում, որ յուրաքանչյուր հայ կանգնի այն ժողովրդի կողքին, ում շնորհիվ հպարտանում է իր արմատներով»,- ասել է նա՝ ավելացնելով, որ բաց են համագործակցության համար:

Առաջիկայում կգործի նաև կենտրոնի կայքը, որտեղ տեղադրվելու են տարբեր ծրագրերի մասին տեղեկություններ:

1