Ստեփանակերտի Վերածննդի հրապարակը դարձյալ բազմամարդ էր
Գլխավոր » Լրահոս » Ստեփանակերտի Վերածննդի հրապարակը դարձյալ բազմամարդ էր

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակը դարձյալ բազմամարդ էր

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակը սեպտեմբերի 15-ի երեկոյան կրկին բազմամարդ էր։

Ինչպես հայտարարել էին առավոտյան տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, քաղաքացիները կրկին պետք է հավաքվեին Վերածննդի հրապարակում նույն օրը՝ երեկոյան։ Հավաքին այսօր մասնակցել են նաև քաղաքացիներ՝ Արցախի տարբեր համայնքներից։

Այսօր 20։00-ից մեկնարկել է բազմամարդ հանրահավաքը, որի ընթացքում ավելի քան 20 քաղաքացիներ իրենց կարծիքն ու տեսակետն են հայտնել ղարաբաղյան հարցի ու Հայաստանի իշխանությունների աղետաբեր քաղաքականության վերաբերյալ։

Հանրահավաքի մասնակիցներին են միացել ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը, ԱՀ ԱԺ պատգամավորները՝ ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյնաի գլխավորությամբ, ինչպես նաև պետական այլ պաշտոնյաներ։

Խորհրդարանի ղեկավարը հանդես է եկել ելույթով և նշել, որ մշտական կապի մեջ է այս օրերին ՀՀ-ում գտնվեղ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և ԱՀ ԱԺ պատվիրակության անդամների հետ, ովքեր հանդիպումներ են ունեցել ԱՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և ԱՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ և բացատրություններ պահանջել տեղի ունեցող վերջին զարգացումների և Ադրբեջանի՝ ՀՀ սահմանների նկատմամբ իրականացրած ոտնձգությունների վերաբերյալ։ Ա․ Թովմասյանը փոխանցեց, որ հանդիպումների ընթացքում Ալեն Սիմոնյանն ու Արարատ Միրզոյանը նշել են, որ ՀՀ իշխանությունների դիրքորոշումն Արցախի կարգավիճակի հարցում համընկնում է Արցախի ժողովրդի և իշխանությունների դիրքորոշմանը։

Արթուր Թովմասյանը նաև ներկայացրել է պատմական ակնարկ Արցախի ու Արցախյան հակամարտության մասին։

Ելույթ ունեցող քաղաքացիները նշել են, որ այս վճռական պահին միայն միասնական պայքարը կարող է կասեցնել Արցախի հայաթափումն ու կործանումը։ Նրանք նաև շեշտել են օր առաջ ՀՀ իշխանություններից ազատվելու անհրաժեշտությունը, քանի որ մեր ժողովրդին անհրաժեշտ է հայ ժողովրդի շահերն առաջ տանող և պաշտպանող ղեկավար, այլ ոչ թե այնպիսի մեկը, ով կատարում է այն ամենը, ինչ իրեն թելադրում են. հաջորդիվ հետևել է հանրահավաքի մասնակիցների «Նիկո՛լ, դավաճա՛ն» վանկարկումը։

1