Ստեփանակերտի թատրոնը վճռականորեն է տրամադրված՝ չդադարեցնել իր 92-ամյա գործունեությունը
Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը 2023 թվականի սեպտեմբերի բռնատեղահանությունից հետո փորձում է պահպանել իր գործունեությունը Երևանում։ Չնայած բոլոր դժվարություններին ու խնդիրներին, թատրոնը վճռականորեն է տրամադրված՝ չդադարեցնել իր 92-ամյա գործունեությունը։
Թատրոնի տնօրեն Արմեն Հարությունյանն «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է, որ ամեն գնով պետք է պահպանվի Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնը. «Իհարկե կան դժվարություններ, որոնք կապված են ֆինանսավորման, փորձերի համար մշտական տեղի բացակայության և, առհասարակ, թատրոնի հիմնական տեղ չունենալու հետ, բայց թատրոնը տրամադրված է աշխատելու, և կփորձենք վերականգնել խաղացանկի արդեն եղած ներկայացումները, ունենք նաեւ հրավերներ, սակայն միջոցներ չունենք ներկայանալու»։
Թատրոնի նախկին գեղարվերստական ղեկավար, դերասան Մարատ Դավթյանն «Ապառաժ»-ի հետ զրույցում անդրադարձավ թատրոնի դժվարություններին․
«Կարծում եմ՝ բոլորին է հուզում Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի ճակատագիրը։
Մեր թատրոնի պահանջարկը միշտ էլ կա, սակայն այսօր հնարավորություններն են քիչ։ Տեղ չունենք ներկայացումներին պատրաստվելու, նոր բեմադրություննուներով հանդես գալու։ Մեր դերասաններն այսօր Հայաստանի տարբեր թատրոններում են ներկայացված։ Ինքս աշխատանքի եմ անցել Երևանի Հ. Պարոնյանի անվան կոմեդիայի պետական թատրոնում։
2020 թվականից հետո Արցախի թատրոնը ճգնաժամ էր ապրում, սակայն կարողանում էր իր բեմադրություններով ներկայանալ հանդիսատեսին։ Հույս ունեմ, որ հիմա նույնպես կկարողանանք հաղթահարել խնդիրները, կգտնենք ֆինանսավորողներ ու կներկայանանք թատերասեր հասարակությանը։ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը պահելը պետք է գերնպատակ լինի»։
Նշենք, որ տեղահանվելուց հետո Արցախի պետական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով մեկնել է ԱՄՆ, հանդես եկել յոթ ներկայացումներով։ Ինչպես նաև Երևանում հանդիսատեսի դատին է հանձնել «Անմահների դիրքը» ներկայացումը։ Ստեփանակերտի թատրոնն այսօր ունի բոլորիս աջակցության կարիքը:
Ապառաժ