Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցն այսուհետև անվճար տաք ջուր կունենա
Գլխավոր » Լրահոս » Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցն այսուհետև անվճար տաք ջուր կունենա

Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցն այսուհետև անվճար տաք ջուր կունենա

Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորումը գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումների դեպքում այլևս չի զրկվի տաք ջրից։ Հիվանդանոցի տանիքին 300լ․ տարողությամբ 8 արևային ջրատաքացուցիչ է տեղադրվել:

 «Երբ գազամատակարարումը դադարում էր, հիվանդանոցն անցում էր կատարում էլեկտրաէներգիայի սպառման, ինչի հետևանքով հոսանքի լարերն այնպես էին ծանրաբեռնվում, որ վառվում էին։ Կլինիկայի գեներատորը, չդիմանալով ծանրաբեռնվածությանը, երկու անգամ փչացավ։ Ստիպված էինք բոլոր պլանային միջամտությունները հետաձգել, անհետաձգելի վիրահատություններ անելիս էլ հոսանքազրկում էինք հիվանդանոցի մի մասը։ Իսկ հիմա այլևս նման խնդրի առջև չենք կանգնի»,- ասում է «Արևիկ» մանկական բուժմիավորման տնօրեն Կարեն Մելքումյանը՝ նշելով, որ հատկապես մանկական կլինիկայի դեպքում խնդիրը օրհասական էր։

«Արևիկ»-ն, այսպիսով, առաջին բուժմիավորումն է Արցախում, որն անցում է կատարում արևային էներգետիկայի։ Հիվանդանոցի 3 ամենամեծ բաժանմունքները՝ վիրաբուժական, մանկաբուժական, ռեանիմացիա-ինտենսիվ թերապիայի, և վիրահատարանը մշտապես անվճար տաք ջուր կունենան՝ տարեկան խնայելով մի քանի միլիոն դրամ։

Մանկական հիվանդանոցն էներգետիկ առումով անկախ ու անխոցելի դարձնելու ծրագիրը նախաձեռնեց Արցախի նախագահի խորհրդական Հարութ Մնացականյանը, իսկ դրամահավաքը կազմակերպեց «Republic of Artsakh» և «Armenian Military Portal» տելեգրամյան ալիքների սեփականատեր Վազգեն Ղազարյանը, որին հաջողվեց ՌԴ հայ համայնքի հանգանակությունների շնորհիվ հավաքագրել անհրաժեշտ ֆինանսական միջոցները։

«Մենք նպատակ ունենք մանկական հիվանդանոցն էներգետիկ առումով լիովին անկախ դարձնելուց հետո անցնել Արցախի մյուս առաջնային անհրաժեշտության օբյեկտներին։ Վստահ ենք, որ այդ առումով կշարունակենք համագործակցությունը Shtigen Group-ի հետ»,- ասում է Հարութ Մնացականյանը։

Նախագիծը հնարավորինս հեշտ ու արագ կյանքի կոչելու համար Shtigen Group-ն իր հերթին արտոնյալ պայմաններ սահմանեց և Արցախ գործուղեց իր լավագույն վարպետներին, որոնք 5 օրում ապահովեցին ջրատաքացուցիչների տեղադրումը։

«Բուժմիավորումը լիովին արևայնացնելու արդյունքում միաժամանակ մի քանի հարց կլուծվի՝ կլինիկան ձեռք կբերի էներգետիկ անկախություն, էլեկտրաէներգիայի սպառողից կվերածվի արտադրողի, էլեկտրական ցանցի ծանրաբեռնվածությունը կթուլանա»,- ասում է Արցախում Shtigen Group-ի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը։ 

Արցախում էներգետիկ անկախություն ապահովելու նպատակով Shtigen Group-ն այս տարվա ապրիլից սկսեց իրականացնել «Արևածագ Արցախում» նախագիծը՝ նպատակ ունենալով յուրաքանչյուր տան և հաստատության տանիքին տեղադրել արևային կայան ու ջրատաքացուցիչ։ Այդ նպատակին ընդառաջ ընկերությունների խումբը կատարեց առաջին քայլը՝ անվճար տրամադրելով 12 արևային ջրատաքացուցիչ, որոնք տեղադրվեցին արցախյան պատերազմներում զոհված, հաշմանդամություն ձեռք բերած անձանց և բազմազավակ ընտանիքների տների տանիքներին։ Այդ ընտանիքներն այսուհետև կլոր տարի անվճար տաք ջուր կունենան։

Shtigen Group-ի РR բաժին

1