Ստեփանակերտի 2-րդ դպրոցում նշվել է անհետ կորած ազատամարտիկ Սպարտակ Գրիգորյանի 50-ամյակը
Գլխավոր » Լրահոս » Ստեփանակերտի 2-րդ դպրոցում նշվել է անհետ կորած ազատամարտիկ Սպարտակ Գրիգորյանի 50-ամյակը

Ստեփանակերտի 2-րդ դպրոցում նշվել է անհետ կորած ազատամարտիկ Սպարտակ Գրիգորյանի 50-ամյակը

Հոկտեմբերի 27-ին Ստեփանակերտի 2-րդ դպրոցում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված անհետ կորած ազատամարտիկ, 2-րդ դպրոցի սան Սպարտակ Շուրայի Գրիգորյանի 50-ամյակին:

Միջոցառմանը ներկա էին պետական և հոգևոր այրեր, նրա մայրը՝ «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության» նախագահ Վերա Գրիգորյանը, ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը, նրա դասընկերները, ուսուցիչները, հարազատները, ինչպես նաև 2-րդ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները:

Միջոցառումը մեկնարկել է Բենիամին քահանա Ծատրյանի և ներկաների միասնական աղոթքով, որից հետո ներկաները 1 րոպե լռությամբ հարգել են արցախյան պատերազմներում զոհված ազատամարտիկների հիշատակը:

Սպարտակ Շուրայի Գրիգորյանը ծնվել է 1972թ. հոկտեմբերի 27-ին քաղաք Ստեփանակերտում՝ բանվորի ընտանիքում: Միջնակարգ կրթությունը ստացել է Ստեփանակերտի 2-րդ դպրոցում, այնուհետև կրթությունը շարունակել Ստեփանակերտի Գյուղատնտեսական տեխնիկոմի մեքենայական բաժնում:

1991թ.-ից ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում, սակայն լսելով պատերազմի մասին՝ գաղտնի հեռացել է ծառայության վայրից ու վերադառնալով հայրենի քաղաք՝ միացել պայքարին:

1992թ.-ից նա միացել է Աշոտ Ղուլյանի լեգենդար առաջին վաշտին: 1994թ. հունվարի 16-ին Ֆիզուլիի շրջանի Կարախանբեյլի գյուղում մղված պաշտպանական մարտերի ընթացքում անհետ կորել է:

Միջոցառմանը ելույթ են ունեցել Ստեփանակերտի 2-րդ դպրոցի տնօրեն Լաուրա Մարտիրոսյանը, ԱՀ Պետնախարար Արտակ Բեգլարյանը, Վերա Գրիգորյանը և այլ հրավիրյալներ: Նրանք շնորհավորել են Սպարտակ Գրիգորյանի ծննդյան 50-րդ ամյակը, մաղթել, որ Սպարտակն ու բոլոր անհետ կորածները շուտով տուն վերադառնան: Նրանք նաև շնորհակալություն են հայտնել աշակերտներին և Վերա Գրիգորյանին, որ այսքան տարի ոչ թե պարփակվել է մեծ ցավի մեջ, այլ շարունակել իր հայրենանվեր գործունեությունը:

1