Ստեփանակերտցի պատանի ծանրամարտուհին նվաճել է ՀՀ փոխչեմպիոնի տիտղոսը
Երևանում ընթացիկ տարվա հուլիսի 22-ից մեկնարկած ՀՀ ծանրամարտի պատանիների առաջնությանը Ստեփանակերտից մասնակցող մարզուհի Էլինա Նազարյանը (մարզիչ` Արթուր Նահապետյան) նվաճել է ՀՀ ծանրամարտի փոխչեմպիոնի տիտղոսը:
«Ապառաժ»-ի հետ զրույցում Արցախի ծանրամարտի ասոցիացիայի նախագահ Արթուր Շիրինյանը տեղեկացրել է, որ ծանրամարտի պատանիների առաջնությունն անցկացվում է հակահամաճարակային կանոների պահպանմամբ:
Սահմանափակ է ներկաների թիվը, իսկ մասնակիցների մրցելույթները կայանում են ըստ քաշային կարգերի, ինչը հնարավորություն է ընձեռում պահպանել սոցիալական հեռավորությունը: Այսօր արցախցի 15-ամյա ծանրամարտուհին, մրցակցելով 71 կիլոգրամ քաշային կարգում, երկամարտի 100 կիլոգրամ արդյունքով գրավել է առաջնության 2-րդ պատվավոր հորիզոնականը:
Այդպիսով, Էլինա Նազարյանն ըստ անհրաժեշտության կարող է ընդգրկվել ՀՀ ծանրամարտի պատանեկան հավաքականում:
Մեր զրուցակիցը հավելեց, որ Արցախում ծանրամարտի ասոցիացիան գործում է 2017 թվականից: Ներկայում օլիմպիական այս մարզաձևով Ստեփանակերտում և Բերդաշենում մարզվում է շուրջ 50 ծանրամարտիկ:
Վան Նովիկով