Ստեփանակերտի պատմական անցյալն ու ներկան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Ստեփանակերտի պատմական անցյալն ու ներկան

Ստեփանակերտի պատմական անցյալն ու ներկան

Փետրվարի 15-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկում։ Քննարկման ընթացքում Ալիևը Խանքենդիի օրինակը բերելով՝ ասում էր, թե Ղարաբաղում հայկական պատմական ժառանգություն չկա։

Ստորև ներկայացնում ենք պ.գ.դ., պրոֆեսոր Վահրամ Բալայանի հոդվածը՝ Ստեփանակերտի պատմության վերաբերյալ: Հոդվածին ծանոթանալը օգտակար կլինի դիվանագետների և բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ծանոթանալ Ստեփանակետի պատմությանը: «Ապառաժ»-ը ներկայացնելու է նաև Շուշիի պատմության մասին գիտական հոդված:

Ստեփանակերտ (պատմական անցյալն ու ներկան)

Քաղաքը գտնվում է ԱՀ կենտրոնական հատվածում նախկինում Արցախի Խաչեն և Վարանդա գավառներում: Բնակավայրը տեղաբաշխված է Ղարաբաղյան լեռնաշղթայից դեպի արևելք ձգվող լեռնաճյուղերի վերջնամասի թեք հարթության վրա, Կարկառ գետի միջին հոսանքի երկու ափերին:

Ժամանակակից Ստեփանակերտը ներառում է նախկին Ներքին շեն, Սողոմոնի շեն, Հին և Նոր Արմենավան, Կրկժան, Փահլուլ (Վարդուտ), Մալիբեկու գյուղերի տարածքները:

Ստեփանակերտից և նրա շրջակայքից հայտնաբերված հնագիտական նյութերը վկայում են, որ այստեղ մարդը բնակություն է հաստատել անհիշելի ժամանակներից: Առայժմ Ստեփանակերտում հայտնաբերված ամենահին գործիքները` հատիչներ, մուրճեր, վերագրվում են նեոլիթյան  (նոր քարե դար) ժամանակշրջանին:

1895թ. Շուշիի ռեալական ուսումնարանի ուսուցիչ Էմիլ Ռյոսլերը Ստեփանակերտի տարածքում պեղումներ է կատարել: Հնագետը իր հաշվետվություններում հիշատակել է այդտեղից ձեռք բերված բրոնզե դարաշրջանի առարկաների մասին:

1938-1939թթ. այստեղ հնագիտական ուսումնասիրություններ է կատարել գերմանացի ճանաչված հնագետ Յու. Հումմելը: Պեղումների ընթացքում ի հայտ են եկել Ք.ա երկրորդից առաջին հազարամյակների գործիքներ, որոնք ներկայումս (Հումմելի զեկուցագրերի հետ միասին) գտնվում են Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում:

1960-1980-ական թվականներին Ստեփանակաերտում շինարարական աշխատանքների ժամանակ բացվել են կարասային տիպի թաղումներ: Կարասների մեջ հայտնաբերվել է երկաթե թուր, երկկանթ կճուճ, գործվածքի պատառիկ, ոսկրե հյուսիչներ, խեցեղեն, բրոնզաձույլ արձանիկներ:

1988թ. նոյեմբերին,  Ստեփանակերտի Նոր Արմենավան թաղամասում շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է մի ընդարձակ դամբարանադաշտ, որտեղ պեղումներ է կատարել ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը` Համլետ Պետրոսյանի ղեկավարությամբ: Դամբարանադաշտից ոչ հեռու տարածվել է բնակատեղին:  Հետազոտվող տարածքից հայտնաբերվել են 3-րդ հազարամյակի և ուշ բրոնզի վաղ երկաթի դարաշրջաններին բնորոշ խեցեղենի բեկորներ:  Ձեռք բերված նյութերի մեջ կա  Ք.ա. 14-10-րդ դարերի կապույտ ապարանջի մի բեկոր:

ԱՀ մայրաքաղաքի տարածքում հայտնաբերվել է նաև 6-8-րդ դարերի վաղ քրիստոնեական շրջանի դամբարանադաշտ, որը իր զուգահեռներն ունի Այրարատում, Շիրակում և Գուգարքում հայտնաբերված համանման հուշարձանների հետ:

Ներկայիս Ստեփանակերտի շրջագծի մեջ, քաղաքի հյուսիս արևմտյան կողմում է տարածված և մինչև 19-րդ դարի կեսերը գոյություն ունեցած զուտ հայաբնակ Վարարակն գյուղը:

Այս բնակավայրի հիմնադրումը կապվում է Հայոց Արևելից կողմանց թագավոր Վաչագան Բարեպաշտի անվան հետ:  Վարարակն գյուղատեղիի մի հատվածում քաղաքի հյուսիսային ձորի ձախ լանջին, պահպանվել են աղբյուր, Սբ. Աստվածածին եկեղեցին, ինչպես նաև գերեզմանոցը:

Որոշ աղբյուրներում Վարարակնի  եկեղեցին անվանված  է Սբ. Հռիփսիմե, որի մասին ականատեսը 1890թ. գրել է. «Խանքենդի աւանի արևմտյան կողմում, կէս վերստաչափ հեռավորութեամբ գտնւում է Վարարակն կոչուած գիւղը, որի միայն տների հետքերն են երևում այժմ: … Սակայն որպէս մի կենդանի յիշատակ այդ գիւղի այդտեղ կանգնած է մի եկեղեցի, որի վրայ, դժբախտաբար, ոչ մի արձանագրութիւն և թուական չկայ…»[1]:

Վարարակնը որպես հին բնակավայրի տեղեկություններ է հաղորդում Մակար Բարխուդարյանցը[2]:

Տակավին 1841թ. Վարարակնը 31 տուն` 133 շունչ (74 արական, 59 իգական) բնակչով հիշվում է որպես առանձին գյուղ[3]:

Ստեփանակերտի հյուսիսային թաղամասերից մեկում՝ Կրկժանում,  մինչև խորհրդային կարգերի հաստատելը միայն հայեր էին ապրում: 1890-ական թվականներին գյուղում կար 61 տուն, 405 բնակիչ: Այդտեղ կառուցված էր Սբ. Աստվածածին եկեղեցին[4]: Խորհրդային տարիներին այդտեղ հաստատվել էին ադրբեջանցիներ և արցախյան ազատագրական պայքարի առաջին շրջանում այդ թաղամասը նրանք դարձրել էին կրակակետ, որը հայ ազատամարտիկների հարվածների տակ 1991թ. ազատագրվել է:

Ստեփանակերտի հյուսիս արևմտյան մասում գտնվող Փահլուլ (Փահլուր) գյուղի մասին հիշատակություններ են պահպանվել 1667թ. կազմված «Արցախի թեմի վերաբերյալ զանազան կալվածագրերի և պայմանագրերի ժողովածու»-ի, «Խալխեն խարճեր» հատվածում[5]:

18-րդ դարի վերջին այժմյան քաղաքի հյուսիս-արևելյան կողմում հիմնվում է Շուշվա խանի ձմեռանոց` Խանեն բաղը  (Խանի այգի): Տարածքը դառնում է խանի «անձնական» սեփականությունը:Վերջինս իրեն է ենթարկում նաև Վարարակն գյուղը, որն անվանափոխվում է Խանքենդի` խանապատկան գյուղ: Բայց սա չի նշանակում, թե այստեղ ապրում էին խանի ցեղակիցները: Պարզապես Ղարաբաղի խաները, վարելով հայաջինջ քաղաքականություն, ձգտում էին վերանայել այն , ինչ հայկական էր և իրենց հայեցողությամբ փոխում էին հայկական գյուղերի անունները` նրանց տալով թուրքական աղավաղված անվանումներ:

19-րդ դարի 20-ական թվականներին Խանքենդում, որտեղ միայն 40 ծուխ հայեր էին ապրում[6],   տանուտերն էր Դավիթ Քյոխվան: Վերոհիշյալ ժամանակահատվածում անգլիացի ճանապարհորդ Գեորգ Կեպպելը իր հուշերում բնակավայրը անվանել է Խանախին: 1824թ. նա մի կարճ ժամանակահատված ապրել է Շուշիում: Մինչև Շուշի հասնելը նա նկարագրել է այն ճանապարհը, որտեղով անցել է: «Հեռվում երևում է Ղարաբաղի մայրաքաղաք Շիշան: Հնագույն քարտեզներում այս նահանգը ներկայացվում է որպես սակասենիների երկիր, իսկ ուսյալ մարդիկ փորձել են ապացուցել, որ նրա բնակիչները ծագում են այն նույն ժողովրդից , որից սերում են անգլոսաքսերը:…Ձախ կողմում որոշ հեռավորության վրա, մենք տեսանք Խանախին (նա նկատի ուներ ներկայիս Ստեփանակերտը, որտեղ տեղակայված է եղել Շուշիի 6-րդ գնդի հեծյալ զորամասը, որի հրամանատարն էր փոխգնդապետ Գլադելինը-Վ.Բ.), լավ կառուցապատված մի քաղաք , որտեղ ռուսական ուժեր են ներկայացված»[7]:

19-րդ դարի սկզբներին Խանքենդին դարձավ Փանահ խանի շառավիղներից մեկի Ղարաբաղի վերջին խան Մեհտի Ղուլիի կալվածքը: Նա այն նվիրել է իր կնոջը` Փարիջահան Բեգումին: Նրանից էլ այն անցնում է վերջինիս և Մեհտի Ղուլի խանի փեսա ծագումով ավար, ռուսական բանակի սպա ՈՒցմիևին:

Խանքենդը Ղարաբաղի խաների հետ կապելու հանգամանքը մերժելի է համարում Հայկ Խաչատրյանը: Նա նշել է, որ «Վարարակնի տափարակը գտնվում էր Բալուջա և Կարկառ գետերի արանքում և որպեսզի սրբագործվեր որպես Վարանդայի մելիքների տիրույթ, Վարարակնում բնակություն հաստատած Բաղուն շենի բնակիչները ընդարձակված բնակավայրը անվանում են խանի դաստակերտ: Խան ասելով` նրանք նկատի են ունեցել հայկազուն մելիք Բաղր խանին, որը Կարկառ գետի աջ ափին 1600-ական թվականներին հիմնադրել է Բաղուն շենը:…Նրանք (այսինքն` ռուս իշխանավորները) 1847 թվականին, Մելիք-Շահնազարյանների զարմորդիների հուշումով Վարարակնը խանի դաստակերտ դարձած տեղանունը թարգմանել են Խանքենդ (խանի դաստակերտ) գյուղ, ռուսները դաստակերտը գյուղ են թարգմանել` գտնելով, որ այդ բնակավայրը դաստակերտի շնորհներ չունի):  Այսպիսով, Վարարակնի Խանքենդ դառնալը պաշտոնական անվանակոչություն չի եղել, այլ միայն խանի դաստակերտ անվան թարգմանություն»[8]:

1830-ական թվականներին Վարարակնի արևելյան եզրին ռուս զինվորականները զորակայան են հիմնում: «Ռուսները տիրապետելով Ղարաբաղին 1835թ.,-ինչպես երևում է զորամասի արձանագրություններից,- հիմն են դնում Խանքենդու զօրանոցներին: Այժմ Խանքենդում կայ 2 զօրագունդ,-մէկը Պլաստունեան հետևակ, միւսը Բատարէյեան ռմբաձիգ զօրագունդ: Այդ զօրագնդերի բոլոր զինուորներն էլ Կուբանից և Թերէքի շրջանների բնակիչ կազակներիցն են»[9]:

Զորանոցի շրջակայքում նոր բնակավայր է ձևավորվում, որտեղ ապրում էին հայ և ռուս ընտանիքներ:

Մեկ այլ տեղեկության համաձայն էլ ավանը հիմնվել էր 1847թ.: «Խանքենդին հիմնուած է 1847թուին, այն ժամանակ երբ տերութիւնը  ցանկանում էր իւր սահմանները ամրացնել Պարսկաստանի կողմից: Այդ թուին Խանքենդում կենտրոնացել են Մինգրելեան զօրաց գունդը, թուով 5-10 հազար զինուորներով : Այժմ այնտեղ մնում են Սունժինսկիյ գնդի 1 վաշտը 600 հեծեալ կազակներով…»[10]:

Հայտնի է, որ 1847թ. ռուսական բանակի Մինգրելյան գնդի շտաբի պետ Ուցմինևը ներկայիս Կենտրոնական պաշտպանական շրջանի գնդի տարածքում հիմնել է զորանոց, որը ժողովրդի մոտ ստացելէ  «Կազաչի պոստ» անվանումը[11]:

19-րդ դարի երկրորդ կեսին վերոհիշյալ զորանոց շտաբի հարևանությամբ կառուցվել է մեկ այլ զորանոց: Այդ շենքը խորհրդային տարիներին ծառայում էր որպես Ստեփանակերտի պոլիկլինիկա, իսկ մեր օրերում վերանորոգումից հետո դարձել է «Արցախ պարկ հոթել» հյուրանոց: Երկու զորանոցների արանքում էլ կառուցվել է ռուսական փոքր եկեղեցի, որի հիմքերը 2018թ. բացվել է Ստեփանակերտի Սբ. Աստվածամոր Հովանու մայր տաճարի հրապարակի կառուցման ժամանակ:

Ռուսական զորակայանների կառուցումից հետո Վարարակնի հայերի մեծ մասը տեղափոխվել է Շուշի, և հաստատվել քաղաքի վերին թաղում ու կազմել Սբ. Հովհաննես –Մկրտիչ եկեղեցու ծուխ[12]: Վարարակնի մնացած բնակիչներն էլ նոր տներ են կառուցում զորանոցի շրջակայքում:

Փաստորեն ներկայիս Ստեփանակերտի շրջագծում 1830-ական թվականներին Խանքենդ-զորանոց բնակավայրի հիմնադրումը ուղղակի կերպով քայքայում է դրկից հայկական երկու` Վարարակն և Բաղաշեն գյուղերը, որոնց բնակիչների հիմնական մասը հաշված տարիների ընթացքում փոխադրվում են վարչական իմաստով առավել կարևորություն ձեռք բերած նորահիմն Խանքենդ ավանը:  Հատկանշական է, որ Վարարակնի ամայացումն ու Խանքենդ ավանի ծնունդը ժամանակագրորեն գրեթե միմյանց հաջորդելով` Վարարակնի հին գերեզմանատունը պահպանել է իր նշանակությունը և ծառայել ավանի բնակիչներին:

Ի դեպ տակավին 1889թ. արդեն գոյություն չունեցող Վարարկն գյուղի գերեզմանոցում նկատելի են եղել 17-րդ դարին վերաբերող տապանաքարեր.«Այդտեղ առաջ եղել է խանի գիւղը և հին Վարարակն հայոց գիւղը, որ այժմ գոյութիւն չունի որի բեկորներն երևում են., գրել է ականատեսը: Վարարակնի հանգստարանում այժմ գտնւում են 200 տարուան արձանագրութիւն  գերեզմանաքարերի վրայ…»[13]:

Շուտով Խանքենդը համալրվում է նաև այլ բնակավայրերից բերված հայերի, մասամբ նաև թուրքերի հաշվին.  «Խանքենդը մի գեղեցիկ ավան է, զօրքերի բնակութեան տեղի` ընկած Շուշուց դէպի հիւսիս 7 վերստ հեռաւորութեան վրա: Այդ աւանում նախ բնակութիւն հաստատեցին Շուշու տակ ընկած Բաղինշէն և Վառարակն փոքրիկ գիւղերի հայերը, յարմար դատելով թողնել իրենց գիւղերը և տեղափոխւել Խանքէնդ: Ապա ի նկատի ունենալով զօրքերի ներկայութիւնը և նրանց հետ կապւած առևտուրը` այստեղ եկան հաստատւեցին Շուշուց և շրջակայ գիւղերից առևտրով և արհեստներով պարապող հայեր ու թուրքեր…»[14]:

19-րդ դարի վերջերին այստեղ են փոխադրվել Շուշիից, Կրկժանից Խնածախից, Բալուջայից և Փահլուլից (Փահլուր)  60 տուն հայ ընտանիքներ[15]:

Նույն ժամանակահատվածում Խանքենդ են փոխադրվել նաև մերձակայքում գտնվող Ներքին շեն և Բաղեն շեն գյուղերից: Արխիվային փաստաթղթերից մեկում գրված է «Խճուղու հարավային կողմը, գետի միւս ափում են Ներքին շէն և Բաշէն Շէն  գիւղերի աւերակները. Այդ գիւղերի բնակիչներն  ինչ-ինչ պատճառներով չկարողանալով դիմանալ իրենց թուրք կալուածատէր բէկի պահանջներին, թողել են տուն, տեղ, այգիներ և անցել, գնացել Շուշի քաղաքը և Խանքենդի: Այսօր էլ գիւղերի տնատեղերը երևում են, կանգուն է եկեղեցին և անկորուստ հանգստարանը իւր արձանաքարերով…»[16]:

Հաստատվելով նոր բնակավայրում կապված ռուսական զորագնդի կարիքների սպասարկման հետ, հայերը հիմնականում զբաղվում էին արհեստագործությամբ և առևտրով:  Այդ կապակցությամբ ժամանակակից մամուլը գրել է. «Դրանց առևտուրը զօրքի հետ է և դրա համար իւրքանչիւր տուն մի խանութ ունի. Երկրագործութեամբ ոչ ոք չի պարապում»[17]:

Հակառակ Վարարակնի, Ներքին շենի և Բաղեն շենի թափուր մնացած եկեղեցիների առկայությանը Խանքենդում հաստատված հայերը 1880թ. հիմնում են նոր եկեղեցի և օծում Սբ. Գևորգ անվամբ: Տակավին 1887թ. նշյալ եկեղեցին դեռևս կիսաշեն էր. «…պատերը բարձրացած են մինչև  կամարները  և այնուհետև նիւթական աղբիւրը հատնելով, գործը արդէն 7-րդ տարին է, որ նույնութեամբ մնում է: Ժամերգութիւնը կատարում են մի փայտաշէն տան մէջ…»[18]:

19-րդ դարի վերջերին եկեղեցին վերջնական կառուցվել և գործող էր: Սբ. Գևորգ եկեղեցին քանդվել է 1936թ. և տեղը կառուցվել Ստեփանակերտի թատրոնի շենքը:

1990-ական թվականների սկզբներից երբ դեռ Ստեփանակերտում եկեղեցի չկար իրենց հոգևոր պետքերը հոգալու նպատակով թատրոնի երկրորդ հարկի դահլիճը մայրաքաղաքի բնակիչները դարձրել էին աղոթատուն, որտեղ ամեն օր ժամերգություն է կատարվել և կիրակի օրերին էլ պատարագ մատուցվել:

Ավանի հիմնական ազգաբնակչությունը, հայերից բացի կազմում էին նաև ռուսները, որոնք  թուրքերից առաջ էին բնակություն հաստատել Խանքենդում:  Նրանք հիմնականում ռուսական զորամասում ծառայող սպաների ընտանիքների անդամներն էին: 1897թ. այստեղ բնակվող ռուսների մասին նշվել է «Ռուսների տները բոլորը փայտաշեն են Ռուսաստանի խրճիթների ձևով, բայց դրանց գեղեցկութիւն տուող ակացիաներն ու լորենիներն են, որոնք շարուած են փողոցների երկու կողմով և որոնք իրանց անուշահոտութեամբ զմայլեցնում են անցնողներին: Փողոցները կանոնավոր և հարթ ու լայն են, քաղաքից աւելի գեղեցիկ, միայն դրանց պակասութիւնն այն է, որ ձմեռը  մի քանի փողոցներ սարսափելի ցեխ է լինում, այնպէս, որ դժուար է լինում անցնել: Ռուսները պարապում են անասնապահութեամբ և վարելահողեր ունեն Խոջալու կայարանի մօտ»[19]

1897թ. ռուսների թիվը ավանում կազմում էր 70 տուն, իսկ 1899-ին` 52 տուն[20]:

ԽՍՀՄ գոյության ժամանակահատվածում Ստեփանակերտի զորամասում տեղակայված էր խորհրդային մի զորագունդ, որտեղ ծառայող սպաների ընտանիքները շարունակում էին ապրել մարզի կենտրոնում: 1991թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումից հետո, նշմարելի էր դառնում վերահաս լայնամասշտաբ պատերազմի ուրվականը: Հաշվի առնելով այդ հանգամանքը 1991թ. սեպտեմբերի 16-ին ԽՍՀՄ մինիստրների խորհուրդը որոշում էր կայացրել խորհրդային բանակը դուրս բերել ԼՂԻՄ տարածքից[21]:

Այդպես մեկ և կես դար անց Ստեփանակերտից հեռացավ ռուսական զորագունդը:  ԱՀ կառավարության որոշմամբ այդտեղ տեղակայվեց պաշտպանության բանակի ամենամարտունակ զորամասերից մեկը` Կենտրոնական պաշտպանական շրջանի գունդը:

Ռուս սպաների ընտանիքների մի մասը, որոնք մերվել էին Ստեփանակերտի հայկական միջավայրին, որպես լիիրավ քաղաքացիներ շարունակում են ապրել այս անգամ ԱՀ մայրաքաղաքում:

Հայերի, ռուսների հետ միասին քաղաքում ապրում էին նաև թուրքեր: Ցարական կառավարության հրամանով քոչվորությունից հարկադրաբար նստակեցության անցած թուրքերը, ինչպես ամենուր, այնպես էլ ավանում հռչակված էին որպես «պարապ ավազակներ,  կրթութիւնից բոլորովին զուրկ»[22]:  Նրանց մի մասը զբաղվում էր մանրավաճառությամբ:

1897թ. Խանքենդում թուրքերը կամել են 50 տուն[23]:20-րդ դարի սկզբին վկայվել է, թե Խանքենդն ուներ 100 տուն հայ և 60 տուն թուրք բնակիչ[24]:

Ավանում մզկիթ չլինելու պատճառով թուրքերը  «…իրենց կրօնական տօներին գնում են Շուշի: Երբեմն մօլլաները պատահմամբ ընկնում են Խանքենդի, որոնց շուրջը մահմեդի որդիքը գիշերները խմբուելով մի որևիցէ պատուաւոր թուրքի տանը, մինչև լոյս լսում են նրանց տուած ղուրանի բացատրութիւները»[25]:

19-րդ դարի վերջերին բնակավայրն ու հարակից հողերը, պարտքի դիմաց անցել են Շուշիի բնակիչ Հ. Մելիք Շահնազարյանցին: Նրա դեմ 1897թ. հարուցվել է դատական գործ, որը` 1911թ. լուծվել է հօգուտ վերջինիս: Մամուլը անդրադառնալով աղմկահարույց այդ գործին գրել է  «Խանքենդ ավանը ինչ-որ ժամանակ պատկանում էր Ղարաբաղի խաներին  և փոխանցվում էր սերնդեսերունդ: Նախ, տեղում թույլատրեցին բնակություն հաստատել ռուս պաշտոնաթող զինվորներին և հայերին, որոնք այնտեղ տնատերեր էին դառնում, մշակում հողը և այլն: Ժառանգներից վերջինն ավանը վաճառել էր շուշիաբնակ Մելիք Շահնազարովին:  Տեղի բնակիչները, առանձնապես ռուս  վերաբնակիչները, դիմել են վարչությանը`            Խանքենդի հողերը ետ վերադարձնելու խնդրանքով: Այդ գործն ավելի քան 14 տարի քննվել է տարբեր ատյաններում և այժմ, ինչպես երևում է, լուծվել է հօգուտ Մելիք Շահնազարովի»[26]:

19-րդ դարի վերջերին ավանի տնտեսական կյանքի աշխուժացման պայմաններում բնակավայրը կառուցապատվում է Շուշիում գործող քաղաքաշինության կանոնավոր սկզբունքներով: Դա պայմանավորված էր ոչ միայն ստեղծված համեմատաբար բարենպաստ միջավայրով, այլև կառուցողական արվեստի, շինարարական գործի կատարելագործմամբ, հասարակության կողմից առաջադրված գործնական պահանջներով և իշխող գաղափարների ազդեցությամբ:

Ավանի բնակիչները 1880-ական թվականների վերջերին սկսել էին իրենց հին փայտաշեն տները քանդել և փոխարենը կառուցել նոր ձևի բնակարաններ: «Ամենքը` ով նիւթական ոյժ ունի, առաջին գործերն այն է լինում, որ ունենայ կարգին տուն կանոնաւոր սենէակներով»[27]: Վերոբերյալին այսպես է արձագանքել ժամանակաշրջանի մամուլը: 

20-րդ դարի սկզբին ավանը ականատեսին ներկայացել է որպես «…մի գեղեցիկ բնակավայր…»[28]:

Խորհրդային տարիներին այդ հին շինությունների նկատմամբ անխնա վերաբերմունք էր որդեգրվել: Դրանց մի մասը վերափոխվել և ձևախեղել են:  2018-2019 թվականներին Թումանյան փողոցի վրա գտնվող, 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին կառուցված շինությունները, ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի բարերարությամբ, բերվել է նախնական տեսքի, որը նոր հմայք է տալիս մայրաքաղաքի կենտրոնական հատվածին:

Ավանի միջով էր ձգվում կառավարության հոգածությամբ բարեկարգված Շուշի-Եվլախ փոստային գլխավոր ճանապարհը: Գլխավոր այս ճանապարհից զատ Խանքենդը մի քանի այլ ճանապարհներով էլ կապված էր մերձավոր գյուղերի և անգամ սրբատեղիների հետ: 

Հայտնի է օրինակ 1889թ. խանքենդաբնակ Սողոմոն Սողոմոնյանի միջոցներով բարեկարգված Խանքենդիից Դաշուշեն գյուղի Սբ. Սարիբեկ ուխտատեղին տանող ճանապարհը: Այդ կապակցությամբ ականատեսը գրել է.«…Սարիբէկ ուխտատեղին, որ գտնվում է Խանքենդու հարաւ-արևելեան կողմը 3 վերստաչափ հեռաւորութեամբ, Դաշուշեն գիւղի մօտ, ճանապարհը մինչև Մազէ կամուրջը շատ ուղիղ և հաստատ է. անցնելով կամուրջից` զատւում է խճուղուց և դէպի ձորի միջով հոսող Դաշուշէնի գետը: Օգտուելով ջրի պակասութիւնից, կարողացանք առանց նեղութիւն կրելու գետից անցնել միւս ափը: Այդ տեղից ճանապարհը բարձրանում է դարձեալլ դժուար կլիներ գնալ` եթէ խանքենդաբնակ  հանգուցեալ Սողոմոն Սողոմոնեանը անցեալ տարի շինէլ չտար այդ ճանապարհը: Այժմ այդ ճանապարհը լաւացած է, այնպէս որ երկու անիւաւոր սայլակ է կարողանում գնալ»[29]:

Ավանի սոցիալ-տնտեսական կյանքի բարելավումը նպաստում է բնակչության թվաքանակի ավելացմանը:

Բնակավայրում 1855թ. կար 95 բնակիչ[30], 1886թ.` 106[31], 1897թ.` 1495, 1917թ.` 1519[32]: 1920թ. հայ-թուրքական ընդհարումների ժամանակ բնակավայրը ավերվեց ու թալանվեց: Դրանից հետո այստեղ ապրում էին 300 մարդ[33]:

Ավանի հայությունը ծանր ժամանակներ ապրեց 1905-1906 և 1918-1920 թվականների հայ-թուրքական ընդհարումների  տարիներին: Խանքենդու հայերին հանկարծակիի բերելու նպատակով Մալիբեկլուից և Ղուշչիլարից 60 զինված թուրքեր 1905թ. դեկտեմբերի 18-ը գնում են Խանքենդ և տեղավորվում ղայֆախանաներում (սրճարաններում-Վ.Բ): Նրանց նպատակը իսկույն բացահայտվեց: Այդ ընթացքում բնակավայրի մոտ նրանք սպանել են մի պառավ կնոջ և նրա 8 տարեկան թոռանը: Ավանին հարևան հայկական գյուղերից օգնական ուժեր եկան և երկու կողմերի միջև դաժան ընդհարում տեղի ունեցավ: Թուրքերը կորուստներ տալով կարողացան ապաստան գտնել զորանոցներում: Նրանք ունեցան 30, իսկ հայերը` 6 սպանվածներ[34]:

1906թ. քուրքերը նորից փորձեցին խռովել հայերի անդորրը: «Թուրքերը պատրաստության մեջ են,-գրել է ականատեսը,- և շարունակ սպառնալիքներ են ուղարկում խանքենդցիներին, թէ Խանքենդին պէտք է աւերենք և տեղը սխտոր վարենք: Ցանկանում ենք ենք յաջողութիւն, որքան առաջին ընդհարման ժամանակ կոտորեցին, նույնն էլ հարկաւ երկրորդ անգամ կլինի»[35]: Քանի որ 1906թ. հայկական կողմը ավելի լավ էր պատրաստված, ուստի թուրքերի հարձակումը ձախողվեց:

1917թ. հոկտեմբերյան պետական հեղաշրջումից հետո Հադրութում, Շուշիում և Խանքենդում տեղակայված ռուսական զորքերը լքեցին Արցախի սահմանները:  Արցախի Ազգային խորհրդի որոշմամբ ավանի զորանոցը ժամանակավորապես օգտագործվում էր որպես բանտ[36]: Խանքենդու հայությունը 1917-1920 թվականներին արցախահայութան պետականության վերակերտման գործին մասնակցություն ունեցավ: 1918թ. ապրիլի 22-ին Խանքենդում հրավիրվել էր Խաչենի և Վարանդայի գյուղացիական համագումար, որտեղ մասնավորապես քննարկվել էր քոչվորների հետ ունեցած հարաբերությունների հարցը[37]:

Արցախի նորաստեղծ պետականության նկատմամբ ճնշումը մեծացնելու նպատակով անգլիացիների հովանավորությամբ մուսավաթական Ադրբեջանի կառավարությունը 1919թ. հունվարի 15-ին Ղարաբաղում և Զանգեզուրում ստեղծեց գեներալ-նահանգապետություն և նահանգապետ կարգեց հայտնի հայատյաց ազգությամբ քուրդ, մասնագիտությամբ բժիշկ Խոսրով Բեկ Սուլթանովին:  Շուշին և շրջակա հայկական բնակավայրերը ահ ու սարսափի մեջ պահելու և արցախահայության նկատմամբ լայնածավալ ռազմական գործողություններ իրականացնելու նպատակով 1919թ. հունվարի 27-ին Թոմսոնի հրամանով թուրք-ադրբեջանական մի զորագունդ, անգլիական մի գումարտակի հետ միասին մտնում են Խանքենդ և գրավում զորանոցներն ու սպայական ակումբը[38]:

Մուսավաթական Ադրբեջանի դեմ Արցախում 1920թ. մարտի 23-ին սկսած համաժողովրդական ապստամբության ժամանակ Արցախի ինքնապաշտպանական ուժերը կարողացան ազատագրել Խանքենդին և շրջապատել զորանոցը[39]: Ռազմագործողությունը գլխավորում էր հայտնի հրամանատար Ալեքսան Բալասանայանը, ժողովրդի մեջ ավելի շատ հայտնի Ալեքսան Դայի անունով:

Նա թուրքերին պահանջում է զենքը ցած դնել: Վերջիններս հրաժարվում են և զորանոցի վրա սկսվում է գրոհը, որի ժամանակ զոհվում է Ալեքսան Բալասանյանը: Դրանից հետո շփոթ է առաջանում հայ մարտիկների շրջանում: Թշնամին ճեղքում է պաշարման օղակը` թալանում և հրկիզում ավանի խանութները, տները, սպանում խաղաղ բնակիչներին[40]:

1920թ. գարնանը արցախահայությունն ապրում էր մղձավանջային ժամանակներ: Թուրք-թաթարական անընդմեջ կրկնվող արշավանքներին գումարվել էր խորհրդային Ռուսաստանի ծավալապաշտ քաղաքականությունը, որը ենթադրում էր ամեն գնով խորհրդային կարգեր հաստատել տարածաշրջանի երկրներում:  1920թ. մայիսի 26-ին խորհրդային կարգեր հաստատվեց Արցախում: Ստեփանակերտի համար պատմական մի նոր ժամանակաշրջան սկսվեց` առլեցուն հակասություններով և հաջողություններով:

1923թ. ԼՂԻՄ-ը կազմավորվելուց հետո, մարզի ղեկավարությունը  քաջ գիտակցում էր, որ Ադրբեջանի կառավարությունը  ոչ մի գնով չի համաձայնվի Շուշին դարձնել հայկական երկրամասի կենտրոն: 1923թ. օգոստոսի 1-ին մարզկոմի ժամանակավոր նախագահությունը իր անդրանիկ նիստում որոշեց` իր գործնեությունը ծավալել Վարարակնում, որն այդ ժամանակ ուներ Խանքենդ անունը[41]:

ԼՂԻՄ կուսակցության մարզկոմի 1923թ. սեպտեմբերի 18-ի և մարզխորհրդի նույն թվականի նոյեմբերի 23-ի որոշումներով Խանքենդին վերանվանվեց Ստեփանակերտ[42]:

Չնայած բազում դժվարություններին Ստեփանակերտում, մարզկենտրոն դառնալուց հետո, մեծածավալ աշխատանքներ կատարվեցին: Ինչպես Շուշիի կառուցման ժամանակ, նույն ձևով Արցախի տարբեր գյուղերից այստեղ էին գալիս արհեստավորներ, շինարարներ: Մեկ տարվա ընթացքում տասնյակ տներ վերականգնվեցին, կառուցվեցին նորերը, անցկացվեց էլեկտրականություն, շրջանների հետ հաստատվեց հեռախոսակապ, բարեկարգվեցին փողոցները:

Այդ օրերին Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր հեղկոմի նախագահի տեղակալ Մ. Չալյանը գրել է. «Ինքնավար Լեռնային Ղարաբաղի հեղկոմի գործնեությունն  առաջին իսկ րոպեից նվիրված էր շինարարությանը: Խանքենդին մի վայր էր, ուր բացի ավերակներից ուրիշ ոչինչ չկար, հատ ու կենտ մարդիկ ստվերների նման էին երևում փողոցներում: Առաջին հերթին հարկավոր էր բնակարաններ պատրաստել` թե  ապագա հիմնարկությունների և թե աշխատակիցների համար: Այդ նպատակով հրավիրվեց շրջանների արհեստավորությունը: Անմիջապես Խանքենդի եկան 60-ի չափ  հյուսներ, 10-ից ավելի որմնադիրներ և այլն ու մինչև 100 այլ արհեստավորներ:  Սկսվեց մի արտասովոր եռանդուն աշխատանք այդ ավերակների աշխարհում»[43]:

1923թ. բնակավայրը ստացավ քաղաքի կարգավիճակ: Անհրաժեշտ էր քաղաքը կառուցապատել ճարտարապետական կանոնների համաձայն: Ստեփանակերտի հատակագծման ու կառուցման առաջին նախագիծը կազմել է Ա. Թամանյանը (1926թ.) երկրորդը` Սլոբոտյանիկի խումբը  (1938թ.),  երրորդը` Բ. Դադաշյանը (1968թ.): Բոլոր նախագծերում պահպանվել են քաղաքի կառուցապատման Ա. Թամանյանի հղացած գաղափարները:

Ստեփանակերտի կառուցապատման համար, եթե 1929թ. հատկացվել է 39.600 ռուբլի[44], ապա 1932թ. միայն բանակաշինության համար մարզգործկոմը նախատեսել էր 882022 ռուբլի[45]:

1923-1924 թվականների ընթացքում Ստեփանակերտում հաստատվում էին իշխանության մարզային մարմինները, կազմավորվում են նոր հիմնարկություններ և արտադրական ձեռնարկություններ: Դիմակայելով դժվարություններին Ստեփանակերտը օրեցօր դառնում է ԼՂԻՄ քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոնը: Այդ ամենի շնորհիվ քաղաքի աղգաբնակչությունն օրեցօր ավելանում էր: 1924թ. մարդահամարի տվյալներով` քաղաքում ապրում էր 2467 մարդ[46], 1939թ.` 10258 մարդ[47]:

Հայրենական մեծ պատերազմի տարիներին Ստեփանակերտից զորակոչվել են 1259 մարդ, զոհվել են 576 մարդ[48]:

Խորհրդային տարիներին Ստեփանակերտում գործել են մի շարք արդյունաբերական ձեռնարկություններ, որոնց թիվը հասնում էր 20-ի:  Համախառն արտադրանքով առաջատար թեթև արդյունաբերությունն  էր համարվում:

             Արդյունաբերական հաշվեկշռում իրենց ուրույն տեղն ունեին Ղարմետաքսկոմբինատը, կոշկի  ֆաբրիկան, էլեկտրոտեխնիկական և կոնդեսատորների գործարանները, շինանյութերի կոմբինատը, գորգագործարանն ու կարի և կահույքի ֆաբրիկաները, մսի, հացաբուլկեղենի, հրուշակեղենի, կաթնամթերքների, խմիչքների արտադրության ձեռնարկությունները:

            ԽՍՀՄ փլուզումից հետո երկրի տարբեր շրջաններրի միջև տնտեսական կապերի վերացման և Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պայմաններում, այդ գործարանները մեծամասամբ փակվել կամ վերապրոֆիլավորվել են:

Ստեփանակերտը ոչ միայն ավտոճանապարհների խոշոր հանգույց էր, այլ նաև երկաթգծով կապված էր Բաքու-Թբիլիսի երկաթուղային մայրուղու հետ:

            Խորհրդային տարիներին Ստեփանակերտը դարձել էր նաև ազգային ազատագրական պայքարի խմորումների կենտրոն: ԼՂԻՄ-ը ՀԽՍՀ-ին վերամիավորելու նպատակով 1962-1966 թվականներին Ստեփանակերտի աշխատանքային կոլեկտիվներից և մտավորականության ներկայացուցիչներից ԽՍՀՄ ղեկավարությանը մի քանի անգամ նամակներ էր հղվել:  Գործընթացը ղեկավարում էր ԼՂԻՄ գրողների միության մարզային բաժանմունքի պատասխանատու քարտուղար Բագրատ Ուլուբաբյանը[49]:

1965-1968 թվականների ժողովրդական հուզումների և բողոքների ճնշման ընթացքում 50 հայեր ազատազրկվեցին: Նրանցից 20 հոգի գնդակահարվեցին կամ էլ այս կամ այն ձևով սպանվեցին բանտերում և աքսորավայրերում:  10 մարդ անհայտ  կորավ, ավելի քան 150 հոգի  բռնատեղահանվեց:  Շարունակվող հետապնդումների պատճառով 100 ընտանիք հեռացավ Լեռնային Ղարաբաղից[50]

1986թ. ապրիլից Ստեփանակերտում ընդհատակյա գործում էր  «Արցախյան միություն» կամակերպությունը[51]:Նրա աշխատանքներին մասնակցում էին երիտասարդներ, որոնք պայքարի փորձ ձեռք բերեցին ու հետագայում ազատագրական պայքարի կրողներ դարձան` ստանձնելով ուսանողության կազմակերպման, գաղափարական կողմնորոշման և իրենց հետևից տանելու առաքելությունը:

Արցախյան շարժման ակտիվիստները Ստեփանակերտի ազատության հրապարակում 1988թ. փետրվարի 13-ին ցույց կազմակերպեցին: Ըստ էության ` այդ ցույցն ինքնաբուխ էր:  Այդ օրվանից շարժումը համաժողովրդական և աննահանջ պայքարի բնույթ է ստանում: ԼՂԻՄ մարզխորհուրդի արտահերթ նստաշրջանի 1988թ. փետրվարի 20-ի նիստում, որը կայացավ Ստեփանակերտում, ԼՂԻՄ-ը ՀԽՍՀ-ի հետ վերամիավորվելու մասին պատմական որոշում կայացվեց:

Հաշվի առնելով արտաքին մի շարք մարտահրավերներ , 1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցած ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նիստն ընդունեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»: Ստեփանակերտը դարձավ նորաստեղծ հանրապետության մայրաքաղաքը[52]:

Իրողությունը սրերով ընդունեց Ադրբեջանի ղեկավարությունը: 1991թ. նոյեմբերից զինված ագրեսիա սկսեց ԱՀ նկատմամբ: Թշնամու հիմնական թիրախը Ստեփանակերտն էր: Օր ու գիշեր մայրաքաղաքը ռմբահարվում էր: Ստեփանակերտի բնակչությունը 3 տարի ճակատային գծում և նկուղներում տոկաց ու կերտեց բաղձալի հաղթանակը:  Հաղթանակի կերտման գործում անուրանալի է Ստեփանակերտում տեղակայված, մայրաքաղաքի բնակիչներից կազմված, Կենտրոնական պաշտպանական շրջանի գնդի սխրանքը: Գունդը Արցախի հերոս, գեներալ մայոր Սամվել Կարապետյանի հրամանատարությամբ Օմարից մինչև Արաքսի ափերը, ռազմաճակատի տարբեր հատվածներում թշնամուն ջախջախիչ պարտության է մատնել: Ազատագրական պայքարի տարիներին ստեփանակերտցի ազատամարտիկները և խաղաղ բնակիչները հազարավոր զոհեր են ունեցել:

1994թ. զինադադարից հետո, Ստեփանակերտում մեծ թափ ստացան վերականգնողական աշխատանքները:  Քաղաքում աչք են շոյում ճարտարապետական հուշարձաններն ու կոթողները, մասնավորապես` Մեծ հայրենականում  և արցախյան գոյամարտում նահատակվածների անմահությւոնը խորհրդանշող հուշահամալիրը, որը ժողովրդի համար դարձել է ուխտատեղի:

ԱՀ մայրաքաղաք մտնողների վրա առանձնակի տպավորություն է թողնում բարձունքում տեղադրված Ս.Բաղդասարայանի  «Մենք ենք մեր սարերը» տուֆակերտ հուշարձանը, որը մայր հողին ամուր կառչած արցախցու հավատարմություն ու հավերժությունն  է խորհրդանշում:

Ստեփանակերտում տարեցտարի կառուցվում են նոր թաղամասեր, բազմահարկ տուֆակերտ շենքեր, հիմնվում նոր զբոսայգիներ ու պուրակներ: Քաղաքի կենտրոնում 2019թ. շահագործաման է հանձնվել «Ազատամարտիկների» պուրակը: Սուրբ Աստվածամոր Հովհանու մայր տաճարը: Քաղաքում գործում է նաև Սբ. Հակոբ նորակառույց եկեղեցին:

Ստեփանակերտը ԱՀ նախագահի նստավայրն է: Այստեղ են գտնվում ԱՀ Ազգային Ժողովն ու ԱՀ կառավարությունը, նախարարություններ և գերատեսչություններ, հասարակակական և այլ կազմակերպություններ, տարբեր միություններ, կուսակցություններ, հիմնադրամներ, դատաիրավական մարմիններ, զանգվածային լրատվամիջոցներ:

Մայրաքաղաքում գործում են միջազգային կազմակերպությունների գրասենյակները:

Ստեփանակերտում օր օրի ավելանում է փոքր և միջին ձեռնարկությունների թիվը:  ԱՀ արդյունաբերական արտադրանքի 50 տոկոսը բաժին է ընկնում Ստեփանակերտին: Աննախադեպ զարգացում է ապրում ծառայությունների ոլորտը: Մայրաքաղաքում գործում են առևտրի 1200 օբյեկտներ, 15 բանկեր և բանկերի մասնաճյուղեր, 11 հյուրանոցներ` Պարկ հոթել Արցախ, Արմենիա, Նաիրի, Եվրոպա, Հեղնար, Վալեքս Գարդեն հոթել, Լոտոս, Երևան, Էդ-Էմ, ՖԴ Սոֆիա, Ստենդալ Հոթել:

Ստեփանակերտում կա  12 հանրակրթական և 1 մասնագիտական` ֆիզմաթ դպրոցներ, որտեղ սովորում են 8322 աշակերտներ և դասավանդում 774 ուսուցիչներ, 6 մանկապարտեզներ, որտեղ հաճախում են 1110 երեխաներ:

Մայրաքաղաքում գործում են Թ. Քամալյանի անվան պետական բժշկական, պարարվեստի, Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջները, արհեստագործական ուսումնարանը:

Ստեփանակերտում է գտնվում Արցախի պետական համալսարանը, «Գրիգոր Նարեկացի», «Մեսրոպ Մաշտոց» ոչ պետական հավատարմագրված բուհերը: Հարկ  է նշել, որ  խորհրդային տարիներին Ստեփանակերտում գործել էին երկամյա մանկավարժական ինստիտուտը, մանկավարժական ինստիտուտը, գյուղատնտեսական և բժշկական տեխնիկոմները, երաժշտական ուսումնարանը:

Մայրաքաղաում գործում են քաղաքային մշակութային տունը (երիտասարդական պալատ), 3 գրադարաններ, Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը (հիմնադրվել է 1932թ.), ԱՀ հանրային հեռուստառադիո ընկերությունը, Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտը, Արցախի պետական կամերային նվագախումբը, Արցախի պետական երգչախումբը,  «Մռակած» պետական կամերային երգչախումբը, «Մենք ենք մեր սարերը» երգի պարի պետական, Արցախի պարի պետական, «Ղարաբաղ» պետական էստրադային համույթները, Ջազ նվագախումբ, Ստեփանակերտի պարարվեստի քոլեջը, Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնը, «Արցախի ձայն» ՓԲԸ, Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցը, Ստեփանակերտի Հակոբ Գյուրջյանի անվան արվեստի դպրոցը:

Ստեփանակերտում են տեղակայված «Հանրապետության հիվանդանոց» ՓԲԸ, «Արևիկ» մանկական հիվանդանոց ՓԲԸ, «Արմինե Փակումյանի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ, «Ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ, «Հակապալարախտային դիսպանսեր» ՓԲԸ, «Ուռուցքաբանական դիսպանսեր» ՓԲԸ, «Մաշկավեներոլոգիական դիսպանսեր» ՓԲԸ, «Հոգեթմրաբանական դրիսպանսեր» ՓԲԸ, «Ստոմոտոլոգիա» ՓԲԸ, «Կանխարգելիչ ախտահանման բաժանմունք» ՓԲԸ, «Ք. Քոքսի անվան վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ը, «Դատաբժշկական փորձաքննության բյուրո» ՓԲԸ, «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ը և կանանց կլինիկան, զինվորական հոսպիտալը, մի շարք ստոմատոլոգիական կենտրոններ և կլինիկաներ:

Համայնքը էլեկտրաֆիկացված և գազաֆիկացված է: Ունի խմելու ջրագիծ: Ստեփանակերտի աղբյուրներն են  Վարարակն, Երեք ծորակ, Կրկժան, Հոռեն տակ, Մռակած, Փահլուր, Ղազախ բուլախ, Հաջի բուլախ, Մոսուն, Քոռ, Թթու ջուր:

Հեռուստատեսությունը, ռադիոն, բջջային և անլար հեռախոսակապը ինտերնետ ծառայությունը բնակչությանը հասանելի են:

Ստեփանակերտում 1956թ. կար 17430 բնակիչ, 1959թ.` 19600 բնակիչ[53], 2010թ.` 52860 բնակիչ[54], 2019թ. 60000 բնակիչ[55]:Նրանք հիմնականում աշխատում են տեղական և մասնավոր հիմնարկ-ձեռնարկություններում, ծառայում ԱՀ Պաշտպանության բանակում:

Այսպիսով, հնագիտական մասնակի ուսումնասիրությունների արդյունքում ներկայիս Ստեփանակերտում և նրան մերձ տարածքներում հայտնաբերվել են նոր քարե դարաշրջանից մինչև երկաթե դարաշրջանն ընկած ժամանակահատվածին առնչվող մարդու կողմից ստեղծված գործիքներ, առարկաներ:

Դրան հաջորդած պատմափուլերում, վերոհիշյալ տարածքում, կյանքը տարբեր դրսևորումներով շարունակվում է մինչև մեր օրերը:

Միջնադարում ԱՀ մայրաքաղաքի տարածքում գոյություն են ունեցել Վարարկն, Ներքին շեն, Սողոմոնի շեն, Հին և Նոր Արմենավան, Կրկժան, Փահլուլ կամ Փահլուր (Վարդուտ) հայաբնակ գյուղերը:

19-րդ դարի սկզբներին հայերի կողմից հիմնվում է նաև Խանքենդ գյուղը, որի բնակիչները 19-րդ դարի 30-ական թվականներից համալրում են ռուս սպաների ընտանիքներով, իսկ նույն դարի երկրորդ կեսին թուրք մի քանի մանրավաճառներով:

19-րդ դարի վերջերին էլ ձևավորվել է Մալիբեկլի թուրքաբնակ գյուղը: Այս բնակավայրերը նույնպես ներառվել են ներկայիս քաղաքի  շրջագծի  մեջ:

Ստեփանակերտը 19-րդ դարի կեսերից վերոհիշյալ բնակավայրերից մեկի` Խանքենդ անունը կրեց, որտեղ գտնվում էր ռուսական զորակայանը: Չնայած օտարահունչ անվանը բնակավայրը հայահավաք կենտրոններից մեկն էր: 19-րդ դարի կեսերին այն ավանի կարգավիճակ ուներ, որտեղ բնակություն են հաստատել նաև վերոբերյալ հայկական գյուղերի ընտանիքների մի մասը: 1923թ. բնակավայրը վերանվանվեց Ստեփանակերտ, դառնալով ԼՂԻՄ կենտրոնը, իսկ 1991թ. հայկական երկրորդ պետության ԱՀ մայրաքաղաքը:

Ստեփանակերտն օրեցօր զարգանալով իր շրջագծի մեջ առավ նաև վերոնշյալ բոլոր բնակավայրերի տարածքները:

Վահրամ Բալայան


[1] «Նոր դար»,  հմ. 126, 1890:

[2] Մակար եպս. Բարխուտարեանց,Աղուանից երկիր եի դրացիք, Արցախ, Երեւան, 1999,  էջ 239:

[3] ՀԱԴ,ֆ. 56, ց.1, գ.305, թ.47:

[4] Մակար եպս. Բարխուտարեանց, նշվ. աշխ., էջ 238:

[5] ՀԱԱ, ֆ.57, ց.1,գ.3, թ.113:

[6] Описание Карабагской провинции составленное в 1823г., с. 218.

[7] Personal narrative of a Journey from India to England in The dear 1824 by capitain, the Hon, George Keppec in Two volmes vocime 2, London, 1827, p.186-194., հմմտ. Բալայան Վ., Շուշի, էջ 150-151:

[8] Խաչատրյան Հ., Տարիքը տասնհինգ  դար, «Գրական թերթ», 02.09.1988, էջ  3 :

[9] «Նոր դար»,  հմ. 126, 1890:

[10]«Նոր դար», հմ. 73, 1899:

[11] Բալայան Վ., Դրվագներ…, էջ 203:

[12] «Նոր Դար», հմ.73, 1899:

[13]«Նոր դար», հմ. 32, 1889:

[14] Ա-Դօ, Հայ-թուրքական ընդհարումը Կովկասում (1905-1906թթ.), Երևան, 1907, էջ 176:

[15] Մակար եպս. Բարխուտարեանց, նշվ. աշխ., էջ 239:

[16]«Նոր դար»,  հմ.75,1899:

[17] «Արձագանք», հմ.85, 1897:

[18] «Նոր դար», հմ.174, 1887: Տես նաև «Արձագանք», հմ.38, 1887:

[19] «Արձագանք», հմ.85, 1897:

[20] «Նոր դար», հմ. 73, 1899:

[21] ,,Правда’’,17 сентября, 1991.

[22] «Արձագանք», հմ. 85, 1897:

[23] «Արձագանք», հմ.85, 1897:

[24]  Ա-Դօ, նշվ. աշխ., էջ 176:

[25] «Նոր դար», հմ.126, 1890:

[26] «Նոր դար», հմ. 100, 1911:

[27]«Նոր դար», հմ. 174, 1888:

[28] Ա-Դօ, նշվ. աշխ., էջ 176:

[29] «Նոր դար», հմ.153, 1890:

[30] Տեր Գասպարյան Ռ., Շուշի, Երևան, 1993, էջ 84:

[31] Материалы для изучения экономического быта государственных крестьян закавказского края , Т.IV, Тифлис, 1886, с.326.

[32]Բալայան Վ., Դրվագներ…, էջ 202:

[33] Սեյրան Գ., Ղարաբաղի տնտեսական կյանքը և նրա հեռանկարները, Թիֆլիս, 1928, էջ 98:

[34] Ա-Դօ, Հայ-թուրքական ընդհարումը Կովկասում, Երևան, 1907, էջ 176-177:

[35] «Մշակ», հմ.  67, 28 մարտի, 1906 :

[36] Իշխանեան Ե., նշվ. աշխ., էջ 167:

[37] Իշխանեան Ե., նշվ. աշխ., էջ 137:

[38] Իշխանեան Ե., նշվ. աշխ., էջ 331:

[39] Կիսիբեկյան Ա., Հուշեր, հ.1, Երևան, 2011, էջ 463:

[40] Իշխանեան Ե., նշվ. աշխ., էջ 614:

[41] Բալայան Վ., Դրվագներ…, էջ 202:

[42]  «Կոմունիստ», 23 սեպտեմբերի, 1923: «Республика Армения», 13 мая, 1997թ. քաղաքը կրեց Ստեփան Շահումյանի անունը: Նրան հաջողվել էր մի կարճ ժամանակահատված 1918թ. ներկայիս Ադրբեջանի մի հատվածում Բաքու կենտրոնով  կազմակերպել ըստ էության հայկական պետություն:

[43] «Կոմունիստ», 19 սեպտեմբերի, 1923:

[44] Բալայան Վ., Դրվագներ…, էջ 205:

[45] ԱՀ պետարխիվ Ֆ.250, ց.11,գ.1,թ.38:

[46] Սարգսյան Ս., Արցախ, պատմաաշխարհագրական ճշգրտումներ, Երևան, 1996, էջ 64:

[47] ԱՀ պետարխիվ, Ֆ 268, ց.1, գ.1, թ.6:

[48] Բարսեղյան Ս., Արցախ-Ղարաբաղ մեծ հայրենականում (1941-1945թթ.), Ստեփանակերտ, 2015, էջ 273-280:

[49] Բալայան Վ., Դրվագներ…, էջ 268-276:

[50] Սարումյան Ն., Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը 1960-1988 թվականներին, Երևան, 2008, էջ 93 և 95:

[51] Բալայան Վ., Դրվագներ…, էջ 277:

[52] Մինչև 1978թ. Ստեփանակերտը Մարզային վարչական կենտրոն լինելուց բացի, նաև համանուն շրջանի կենտրոնն էր: 1978թ. հետո Ստեփանակերտի շրջանը վերանվանվում է Ասկերանի շրջան, իսկ շրջանային կենտրոնն էլ դառնում է Ասկերան ավանը:

[53] Տեր Գասպարյան Ռ., Շուշի, Երևան, 1993, էջ 84:

[54] Լեռնային Ղարաբաղի հանրապետության շրջանները թվերով (2004-2010), վիճակագրական ժողովածու, Ստեփանակերտ, 2011, էջ 217:

[55] ԱրՊՀ հայագիտական կենտրոն:

1