Սրբությունները պետք է արյան գնով պաշտպանել
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Սրբությունները պետք է արյան գնով պաշտպանել

Սրբությունները պետք է արյան գնով պաշտպանել

Զենք և հավատք, բանակ և եկեղեցի, Աստված և հայրենիք: Ինչքանո՞վ են այս հասկացությունները համատեղելի, չե՞ն հակասում արդյոք իրար: Այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք Պաշտպանության բանակի ավագ գնդերեց Տեր Վարդան քահանա Ներսիսյանի հետ: Նա Պաշտպանության բանակում իր ծառայությունը մատուցում է 2018թ. հուլիս ամսից, նախ՝ որպես Ասկերանի զորամասի գնդերեց, հետո՝ Խոջալուի զորամասի գնդերեց, իսկ հիմա՝ ԱՀ ՊԲ ավագ գնդերեց:

Եթե ծառայում ես քո հայենիքին, դա ծառայություն է նաև Աստծուն

Յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ ինչպես ծառայել, մեկը՝ հոգևորական դառնալով, մեկը՝ հայրենիքին, մեկ ուրիշը՝ գիտությանը ծառայելով: Ծառայությունը հայրենիքին և Աստծուն տարբեր է լինում: Եթե ծառայում ես քո հայրենիքին, դա ծառայություն է նաև Աստծուն: Արդեն 25 տարի է, ինչ Զինված ուժերում հոգևոր սպասավորություն գոյություն ունի, և ժամանակ առ ժամանակ հոգևոր սպասավորները համալրվում են. այդպիսի մի  հնարավորություն էլ ինձ էր ընձեռնվել: Վեհափառ Հայրապետի օրհնությամբ նշանակվել եմ զինված ուժերում ու սպասավորել եմ: Հետագայում ցանկություն եմ հայտնել շարունակել, Վեհափառ Հայրապետն ընդառաջել է իմ ցանկությանը և իր օհնությունն ու տնօրինությունն է, որ շարունակեմ իմ հոգևոր ծառայությունը զինված ուժերում:

Արդյո՞ք համատեղելի են զենքը և հոգևորականի առաքելությունը

Աստվածաշնչում այսպիսի հրահանգ կա, որ քո սրբությունները պիտի արյան գնով պաշտպանես: Մեր հայրենիքի սահմանները մեր սրբությունների սկիզբն են, մեր յուրաքանչյուր սրբություն սկսվում է առաջնագծից, հայրենիքի սահմաններից, այնտեղից է սկիզբ առնում մեր ընտանիքը, մեր հարազատների ապրելու վայրը: Կանգնելով սահմանին՝ պաշտպանում ենք մեր հարազատներին, քույրերին, եղբայրներին, մեր բարեկամներին, ընկերներին, այսինքն՝ մեր սրբությունները: Հոգևորականը կարող է զենք վերցնել, գնալ առաջնագիծ և պաշտպանել մեր հայրենիքի սահմանները վայրագություններից: Մեր հակառակորդն ուզում է զավթել մեր հայրենիքը, և կարևոր է, որ հոգևորականը լինի զինվորների, սպաների կողքին հավասարապես, զենքը ձեռքին պայքարի:

Այդպես պայքարում էին նաև Վարդանանց քաջերը, և մենք պատմությունից գիտենք, որ Վարդանանց պատերազմի ժամանակ հոգևորականները Ղևոնդ երեցի և կաթողիկոսի գլխավորությամբ գտնվում էին առաջնագծում, մինչ ճակատամարտը պատարագ մատուցեցին, հաղորդություն բաժանեցին, զորքին մկրտեցին և նրանց հետ զենքը ձեռքներին պայքարի դուրս եկան: Այն ժամանակ էլ պայքարում էին հանուն հայրենիքի, հանուն հավատքի, այսօր էլ նորից պայքարում ենք հանուն հայրենիքի և հանուն հավատքի: Այս պայքարի մեջ հոգևորականը պիտի լինի առաջամարտիկներից, այլ ոչ թե հետևում կանգնի և միայն կոչերով հանդես գա. միայն կոչերով հայրենիք չեն փրկում,  հայրենիք չեն պաշտպանում:

Նաև պիտի զանազանենք պայքարի բնույթը՝ նվաճողակա՞ն է, թե՞ պաշտպանողական: Հոգևորականը չի մասնակցի նվաճողական պայքարի, մեկ այլ ազգի հողակտորը, հայրենիքը չի զավթի, իսկ պաշտպանողական պայքարին կմասնակցի և կլինի առաջնագծում: 44-օրյա պատերազմի, Ապրիլյան քառօրյա պատերազմի, Արցախյան առաջին գոյապայքարի ժամանակ էլ մեր հոգևորականները եղել են առաջնագծում, եղել են զինվորների, մարտիկների կողքին և նրանց հետ միասին հավասարապես պայքարել են: Հոգևորականը պիտի լինի իր հոտի, իր զավակների կողքին, իսկ իր զավակները գտնվում են առաջնագծում և պայքարի մեջ են հանուն հայրենիքի պաշտպանության:

Մեր հոգևորականները գտնվում են իրենց զինվորների կողքին՝ առաջնագծում

Շատ եմ կարևորում հոգևորականի դերը զինված ուժերում, որովհետև այնտեղ ծառայում են մեր հասարակության տարբեր շերտերի, խավերի զինվորներ, զինծառայողներ, և երբեմն ինչ-որ խնդիրներ, միջադեպեր են լինում: Հոգևորականը բանակում նրա համար է, որ օգնի յուրաքանչյուր զինծառայողի ճիշտ լուծումներ գտնել, իր լուման ներդնի մեր հայրենիքի պաշտպանության գործում: Հոգևորականը միայն քարոզչության համար չէ զորամասերում: Այո՛, պիտի Աստծո խոսքը քարոզի, բայց դրա հետ զուգահեռ՝ պիտի նաև իր հոգևոր ծառայությունը մատուցի մեր հայրենիքին, լինի մեր զինվորի կողքին, նրա հոգսերով մտահոգվի, նրա ուրախություններով ուրախանա:

Եթե մարդ ցանկանում է հայրենիքին ծառայություն մատուցել, առաջնահերթ պիտի լինի առաջնագծում կանգնած զինվորի հետ և կիսի նրա հոգսը, առօրյան: Եվ այս առումով՝ մեր հոգևորականները գտնվում են իրենց զինվորների կողքին, առաջնագծում և մտահոգվում են նրանց հոգսերով, ուրախանում նրանց ուրախություններով, փորձում են հայրենիքի հանդեպ իրենց ծառայությունը մատուցել և օգնել, որպեսզի զինվորները լսեն Աստծո խոսքի մասին, մասնակիցը լինեն հոգևոր արարողություններին, դրանց միջոցով համախմբվեն, միասնականություն ձեռք բերեն, լինեն մեկ ընտանիք: Հոգևորականը զորամասում քարոզում է, որ զորամասը բազմաթիվ անդամներից բաղկացած տուն է, ընտանիք, յուրաքանչյուր զինծառայող այդ ընտանիքի մի անդամ է, որտեղ պիտի տիրի սերը, համերաշխությունը, միասնականությունը, փոխհամաձայնությունը, փոխըմբռնումը, որպեսզի կարողանան կատարել մեր հայրենիքի և մեր ազգի հանդեպ ծառայությունը:

Պատերազմի թեժ կետերում եղած զինծառայողներն ունեցել են որոշակի հոգեբանական խնդիրներ

Յուրաքանչյուր պատերազմ իր հետ բերում է հոգեբանական տրավմաներ, սթրեսներ: Պատերազմից հետո որոշակի դժվարություններ են ի հայտ եկել՝ կապված զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի հետ: Եթե մինչ պատերազմը անմիջական շփումն ավելի հեշտ և արագ էր ստացվում, պատերազմից հետո արդեն մի քիչ բարդությունների ենք հանդիպում, ու այստեղ խնդիր կար, որ հոգևորականը կարողանար ճկուն մոտեցում դրսևորել: Զինծառայողների քանակը շատ է, հոգևորականը մեկն է: Յուրաքանչյուրին չես կարող նույն մոտեցումը ցուցաբերել, որովհետև մարդն իր էությամբ տարբեր է: Մի քանի րոպեի ընթացքում մի քանի զինծառայողների հետ պիտի շփվես, երկխոսես և պիտի կարողանաս արագորեն անհատական մոտեցում ցուցաբերել, որը պրակտիկայում մինչ պատերազմն այլ էր, պատերազմից հետո՝ այլ: Այդպիսի պրակտիկա ես նախկինում չեմ ունեցել, և պատերազմից հետո դա ինձ փորձառություն տվեց է՛լ ավելի լավ զինվորներին հասկանալու և է՛լ ավելի լավ նրանց հոգեկան աշխարհն ընկալելու:

Պաշտպանելու համար յուրաքանչյուրը պարտավոր է զենք վերցնել

Եթե մեկը կոչ է անում զենք չվերցնել, չպայքարել հանուն քո հայրենիքի, ապա դա ազգային անվտանգության խնդիր է առաջացնում: Եկեղեցին էլ է պայքարում այս արատավոր երևույթների դեմ: Եթե Աստծո կամոք այնպիսի մի ժամանակաշրջան հասնենք, որ մեր որևէ հարևան երկիր չփորձի մեր տարածքը զավթել և խաղաղություն, համերաշխություն տիրի հարևան ազգերի միջև, ապա վստահաբար կարիք չի լինի հայրենիքի սահմանները պաշտպանելու: Այդ ժամանակ կարիք չի լինի, որ մենք զենք վերցնենք և օրուգիշեր պահենք մեր հայրենիքի սահմանները: Սակայն, եթե ապրում ենք այնպիսի ժամանակաշրջան, որ եթե հայրենիքի սահմանները մեկ րոպե անգամ չպահվի, մեր հարևան ազգը կհարձակվի և կխլի մեզանից, ապա այս պարագայում պիտի միանշանակ զենք վերցնի յուրաքանչյուր հայորդի և կանգնի առաջնագծում: Պաշտպանելու համար յուրաքանչյուրը պարտավոր է զենք վերցնել և պաշտպանել հայրենիքի սահմանները: Եկեղեցին էլ՝ հանձինս բանակում գնդերեցների առկայության, ընդունում է  այն գաղափարը, որ պիտի պաշտպանես քո սրբությունները, քո հայրենիքը, քո ընտանիքը, քո քաղաքն ու գյուղը: Եկեղեցին իր օրհնությունն է տալիս հայրենիքի սահմանները պաշտպանող յուրաքանչյուր մարդու:

Եկեղեցին շարունակում է պահպանել մեր ազգայինը

Դարեր շարունակ եկեղեցին պահել է մեր ազգայինը և փոխանցել սերնդեսերունդ: Այսօր էլ եկեղեցին շարունակում է պահպանել մեր ազգայինը: Սակայն այսօր, չարի ու բարու պայքարի մեջ, այն կառույցը, որ հազարամյակներով պահպանել է մեր ազգային սովորությունները, դիմագիծը և փոխանցել սերունդներին, ենթարկվում է բազմաթիվ հարվածների: Շատ հարվածներ են հասնում եկեղեցուն՝ խանգարելու, խոչընդոտելու, իսպառ վերացնելու ազգայինի կրման, փոխացման առաքելությունը: Սակայն եկեղեցին, ինչպես առաջ, այնպես էլ հիմա պայքարում է այդ ուժերի, հարվածների դեմ ու շարունակում է իր առաքելությունը:

Մեր եկեղեցական արարողակարգի մեջ շատ ազգային սովորություններ են շարունակում կիրառվել, և եկեղեցական տոների ժամանակ ազգայինն է համախմբում հավատացյալներին: Եկեղեցին փորձում է այս ամենը է՛լ ավելի զարգացնել, լայն շերտերին հասու դարձնել: Դրա վառ ապացույցը Վարդանանց քաջ նահատակների հիշատակի օրն է, երբ եկեղեցին ազգային երգ-երաժշտությամբ, պարերի, ազգային միջոցառումների միջոցով հասարակությանը ծանոթացնում է մեր քաջերի, մեր պատմության հետ: Այսօր, ցավոք սրտի, մեր ազգային երաժշտությունն է փորձում անտեսվել, այս բազմազանության մեջ շատ քիչ հայորդիներ են լսում ազգային, հայրենասիրական, աշուղական երաժշտությունը: Եկեղեցին փորձում է այս ամենը պահել, պահպանել և տարբեր միջոցառումների ժամանակ մատուցել մեր հայրենակիցներին:

Հավատքի շնորհիվ կկարողանանք կերտել մեր վաղվա հաղթանակները

Պատերազմից հետո կարծես մեր հասարակության մոտ ամրացել է հավատն առ Աստված: Այդ հավատքի շնորհիվ է, որ մեր պատմության մեջ բազմաթիվ հաղթանակներ ունենք կերտված և այդ հավատքից հեռանալու արդյունքում է եղել այն, ինչ տեղի է ունեցել: Մեր հասարակությունը կարծես սթափվել, արթնացել է թմբիրից, քնից: Միայն հավատքի շնորհիվ մենք կկարողանանք կերտել մեր վաղվա հաղթանակները:

Այսօր Արցախի թեմը բազմաթիվ աշխատանքներ է իրականացնում՝ մեր հասարակության բոլոր շերտերին հաղորդակիցը դարձնելու թե՛ եկեղեցական արարողություններին, թե՛ մեր ազգային սովորություններին, միասնական աղոթքներ է կազմակերպում մեր հայրենիքի փրկության, միասնականության համար, խոկումներ, որտեղ մարդիկ հրավիրվում են գալ, խորհել, աղոթել, մտածել այն ամենի մասին, ինչն օգտակար կլինի մեր հայրենիքին: Պատերազմից հետո թեմը հանձն առավ նաև կիրակնօրյա դպրոցների բացման գործընթացը: Այսօր Արցախում հազարից ավելի երեխաներ հաճախում են կիրակնօրյա դպրոցներ, որտեղ Աստծո խոսքն են լսում, սովորում են մեր ազգային երգ-երաժշտությունը, զբաղվում են ձեռագործ աշխատանքներով, նկարչությամբ: Յուրաքանչյուր շրջանում, եկեղեցում, որտեղ կա քահանա, իր համայնքում շրջայցներ է կատարում, անմիջականորեն շփվում է բնակչության հետ և կիսում յուրաքանչյուր արցախցու հոգսը, ուրախությունը, վիշտը: Հոգևորականն ապրում է իր համայնքում, որտեղ նշանակվել է ծառայության:

Սակայն լինելով պատերազմի մասնակից՝ կարող եմ ասել, որ պատերազմից հետո մեր հասարակության՝ դեպի եկեղեցի իրենց քայլերն ուղղելուն նաև նպաստել է այն հանգամանքը, որ օրհասական պահին եկեղեցին՝ հանձին հոգևորականի, իր կողքին է: Պատերազմի դաշտում, երբ շուրջն են նայել, տեսել են հոգևորականին և իրենց պես հասարակ մարդկանց, ովքեր պայքարում են հանուն մեր հայրենիքի: Այլ կրոնական կազմակերպության ներկայացուցիչներ գրեթե չկային առաջնագծում, և հասարակությունն իր վերլուծություններով հանգել է նրան, թե որն է ճշմարիտը, որն է մեր հայրենիքի փրկության համար մտահոգվող կառույցը և որն ուղղակի խաղաղ ժամանակ ինչ-որ քարոզչությամբ զբաղվողը:  

Դրա ապացույցը պատերազմի ժամանակ զոհված, անհետ կորած և վիրավորված հոգևորականներն են: Նրանցից է Զինված ուժերի հոգևոր առաջնորդի օգնական Նարեկ սարկավագ Պետրոսյանը, ով իր ծառայությունը մատուցում էր ՊՆ-ում, սակայն պատերազմի սկզբից Երևանից եկել էր Արցախ, եղել տարբեր դիրքերում, տարբեր վայերում և զոհվել Սոս գյուղի մատույցներում անօդաչու թռչող սարքի հարվածից: Իր հետ նաև զոհվել է Ռուստամ սարկավագը, ով ծառայություն էր մատուցում Մարտունու N 3 զորամասում: Անհետ կորել է հայր Մկրտիչը, ով Մայր Աթոռում էր իր հոգևոր սպասավորությունը մատուցում, սակայն կռվի ժամանակ կամովին եկել էր Արցախ, մեկնել առաջնագիծ: Հադրութի Տող գյուղից դեպի Ֆիզուլի տանող ճանապարհին իր հետ կապն ընդհատվել է, և մինչ այսօր անհետ կորած է համարվում: Երեք սարկավագ տարբեր աստիճանի վիրավորում են ստացել: Բազմաթիվ դեպքեր կան, որ սարկավագները հրաշքով են փրկվել: Օրհասական պահին զավակներին լքելը դավաճանական քայլ կնկատվեր:

 Տաթևիկ Աղաջանյան

1