«Սրբազան հողեր, ընդհանուր տեսլական». Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված միջազգային համաժողով Հռոմում
Գլխավոր » Լրահոս » «Սրբազան հողեր, ընդհանուր տեսլական». Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված միջազգային համաժողով Հռոմում

«Սրբազան հողեր, ընդհանուր տեսլական». Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված միջազգային համաժողով Հռոմում

Հռոմի Սուրբ Թովմա Ակվինացու անվան քահանայապետական համալսարանում նոյեմբերի 18-19-ը տեղի է ունեցել միջազգային համաժողով նվիրված Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը։ Այն կրում էր «Սրբազան հողեր, ընդհանուր տեսլական» խորագիրը («Sacred Grounds, Shared Vision»)։

Համաժողովը կազմակերպվել է Սուրբ Աթոռում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցչության և Անգելիկումի էկումենիկ հետազոտությունների ինստիտուտի կողմից՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսության հովանավորությամբ:

Համաժողովին իր մասնակցությունն է բերել Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ով իր ողջույնի խոսքը փոխանցեց համաժողովի մասնակիցներին։ Վրթանես Սրբազանն իր խոսքում մասնավորաբար անդրադարձ կատարեց տարածաշրջանում տեղի ունեցած պատերազմին և բռնի տեղահանությանը, ինչը խախտել է այն բազմադարյա ներդաշնակությունը, որը տիրում էր տարածաշրջանում արցախցիների տեղաբնակությամբ պայմանավորված:

Սրբազան Հայրը ժողովականներին ներկայացրել է, որ ներկայումս պղծվում և ոչնչացվում է մեր բազմադարյա մշակույթը, ինչը ստեղծվել է նվիրական հավատքի և քրտնաջան աշխատանքի շնորհիվ` հիշեցնելով և կոչ անելով, որ գիտական միտքը պիտի դառնա գերիշխող քաղաքական մտքի նկատմամբ, որպեսզի օբյեկտիվ արդարությունը տեսանելի լինի։ Վրթանես Սրբազանը նաև կոչ արեց քրիստոնյա աշխարհին աղոթել և գործել տարածաշրջանում խաղաղության պահպանման համար։ Ամփոփելով իր խոսքը` Սրբազան Հայրը շնորհակալություն հայտնեց համաժողովի կազմակերպիչներին, մասնավորաբար Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին, որից հետո ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը։

Համաժողովին ելույթ է ունեցել Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը: Համաժողովին ներկա հոգևորականները ընթերցել են Կարդինալ Կուրտ Քոխի, Կարդինալ Կլաուդիո Գուջերոտտիի և Կարդինալ Խոսե Տոլենտինո դե Մենդոնսայի ողջույնի խոսքերը: Ելույթով հանդես են եկել Արցախի թեմի թեմական խորհրդի անդամ Արմինե Ալեքսանյանը՝ «Հակամարտության գոտիներում մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության դիվանագիտական և այլ միջոցներ. ի՞նչ կարելի է անել դրանք ընդլայնելու համար» թեմայով և պ․գ․դ․, պրոֆ․, ԵՊՀ, ՀԱԻ Համլետ Պետրոսյանը «Հուշարձանների ներկայիս վիճակը Արցախում» թեմայով։

Համաժողովում զեկույցներով հանդես եկան նաև մի շարք այլ փորձագետներ Եվրոպայից, ԱՄՆ-ից, Հայաստանից և Մերձավոր Արևելքից։ ՀԱՍԵ Արցախի թեմ

1