Սրբատեղի դարձած նախկին մարտական դիրքը

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, տեղի է ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 31-ին Մարտունու մերձակայքում անօդաչուի հարվածից նահատակված 7 տղաների՝ Արտակ Իշխանյանի, Արսեն Դադամյանի , Միքայել Արզումանյանի, Ապավեն Բարսեղյանի, Գրիշա Գասպարյանի, Վազգեն Աբրահամյանի և Նիկոլայ Նիկողոսյանի հիշատակին կանգնեցված խաչքար-հուշարձանի բացումն ու օծման արարողությունը:


Արարողությանը ներկա էին տղաների հարազատներն ու ընկերները, ծառայակիցները, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը, ԱՀ ռազմական գերատեսչությունների բարձրաստիճան սպաներ, զինվորականներ:


Խաչքարի օրհնությունը կատարվել է Տեր Անդրեաս քահանա Թավադյանի ձեռամբ:
Տեր Անդրեաս քահանա Թավադյանը իր խոսքում նշեց, որ ինչպես Գողգոթան է քրիստոնյաների համար սրբավայր դարձել, այնպես էլ այս վայրը մեզ համար, որովհետև այս վայրը նախկինում դիրք է եղել, որն իրենց այրամբ սրբագործեցին նահատկ տղաները: «Հայաստան աշխարհում հազարավոր խաչքարեր են կանգնեցված՝ լուռ քարեր, սակայն այդ լռության միջից լսվում է մի մեծ աղաղակ, մի բողոքի ձայն, որն աշխարհին է տիրում՝ ասելով, որ մենք պայքարող ազգ ենք, Քրիստոսի ճանապարհով ընթացող ազգ ենք, և այսօր այս խաչքարն էլ լռությունից պետք է աղաղակի ամբողջ աշխարհին. վստահ եմ՝ լսելի կլինի»,-ասել է նա:
Զեկուցմամբ հանդես եկավ ԱՀ ՊԲ 3-րդ պաշտպանական շրջանի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Մհեր Սարգսյանը:
«Այսօր թախծոտ, բայց միևնույ ժամանակ արժանահիշատակ օր է, երբ մենք պատասխանատու ենք ոչ միայն մեր ապագայի, այլև մեր ամենաարժանավոր զավակների հիշատակների առաջ, մենք պատասխանատու ենք նահատակված մեր բոլոր անվեհեր մարտիկների առջև, ովքեր հայրենի հողի լուսավոր ծնունդն են եղել, սերվել ու դաստիարակվել են լավագույն ազգային վեհ հայրենասիրական գաղափարներով և հզոր հավատքով: Մեր հայրենիքի նվիրյալ զավակները արժանապատվորեն և հերոսաբար կանգնեցին և կռվեցին քոչվոր, թշվառ ու արյունախում թուրք ոսոխի դեմ, մինչև վերջ պայքար մղեցին հայրենիքի պաշտպանության, երկրի ու ժողովրդի անվտանգության համար:
Գիտենք, թե Հայոց աշխարհը ինչքան հերոսներ է ծնել, սակայն ի՞նչ: Ադրբեջանի բռնակալության ցեղասպան մանգաղը դեռևս փորձում է հնձել մեր ազգի սերուցքը, բայց թող երբևիցե չթվա, թե հակառակորդն ինչ-որ առավելություն ունի մեր նկատմամբ, քանզի մեր հերոս զավակները արիության և խիզախությոնա բացառիկ օրինակներ ցույց տվեցին, և թշվառ, անհայրենիք ոսոխը դեռ երկար կհիշի մեր տղաների բազկի ուժը: Նրանք հերոսացան հանուն մի նպատակի, նպատակ, որն ասում է.
«Դուք պարտվելու իրավունք չունեք, դուք պետք է կերտեք այն հաղթանակները, որոնք կերտել եք Ավարայրում, Սարդարապատում, Բաշ-Ապարանում»: Սերվելով Հայկ Նահապետից՝ մերօրյա հերոսները դարձան Եղիշեի «Մահ չիմացյալ մահ է, մահ իմացյալ՝ անմահություն» թևավոր խոսքերի պատգամախոսներն ու դրոշակակիրները: ԱՀ ՊԲ 3-րդ ՊՇ Դ-30 հրետանային դիվիզիոնի պահեստազորայինները մերօրյա հերոսներն են: Նրանք պատվով և բարձր գիտակցումով են կատարել վերադաս հրամանատարության հրամաններն ու առաջադրանքները: Նրանք մերօրյա հերոսներն են, ովքեր կարողացան որպես հայ զինվորականներ գտնվել իրենց բարձրության վրա՝ հրամանատարների և համածառայակիցների հուշերում մնալով միշտ անկեղծ և վեհ, սառնասրտորեն նայելով մահվան աչքերին, նրանք գնացին միաձուլվելու հայրենիքի համար հերոսացած քաջերի աստղաբույլին: Ո՛չ, նրանք սովորական զինվորականներ չէին, այլ հայրենիքի պաշտպաններ, ազգի ընտրյալ զավակներ, ովքեր հանուն հայրենիքի պատրաստ էին զոհաբերելու իրենց համար ամենաթանկը՝ կյանքը:
Նրանց հիշատակը միշտ վառ կմնա նրանց ճանաչողների սրտերում, իսկ մեր երախտագետ ժողովուրդը երբեք չի մոռանա նրանց, որոնց հետմահու կյանքը չունի մայրամուտ: Մենք, խորապես գիտակցելով մեր պարտքի մեծությունը, փորձում ենք շարունակել մեր հերոսների գործը:
2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում նրանք իրենց անմնացորդ նվիրումն ունեցան՝ մարտնչեցին մինչև վերջ՝ վեր դասելով սեփական երկրի անվտանգությունը, սերունդների ապագան, տվեցին թշնամուն զգալի կորուստներ: Ավա՜ղ, ընկան հանուն Արցախ աշխարհի ազատության, արցախահայության ազատ կամքի ինքնորոշման՝ իրենց տեղը գտնելով հայոց անվեհեր մարտիկների՝ Մոնթեի, Վազգենի, Անդրանիկի, Նժդեհի, Դրոյի, Արամ Մանուկյանի, Դավիթ-Բեկի, Լեոնիդ Ազգալդյանի, Մովսես Գորգիսյանի, Կոմանդոսի և այլոց կողքին:
Հարգելի՛ հայրենակիցներ, հպարտ ու անկոտրում հայացքով նայեք աշխարհին: Այո՛, մեր հերոս նահատակված հերոսները վերադարձել են հաղթանակած, նրանք կան, նրանք մեր կողքին են, մեր շարքերում, նրանք հավերժ են, հավերժ են մեր լեռների պես, նրանք հերոս են, իսկ հերոսները չեն մեռնում:
Մեր գետնատարած խոնարհումը բերելով ձեզ՝ դառը, բայց հպարտ ճակատագիր ճաշակած սգակիր հարազատներ, հավաստիացնում ենք ձեզ՝ ապրելու կեսն էլ պատվով մեռնելն է: Կեցցե՛ք դուք և հավերժ փա՛ռք մեր մարտիրոսված հերոսներին, հավերժ փառք հայ ժողովրդին, Հայաստան և Արցախ աշխարհին: Աստված ապավեն մեզ և մեր նախնյաց բնօրրանին:
Միասնական կամքով մեր հերոս զավակների անունները մեր սրտերում՝ մշտապես պատրաստ ենք պահպանել և պաշտպանել ձեր և մեր կողմից պաշտպանված այս սուրբ հողակտորը և մենք դա կանենք հանուն ՀՀ և ԱՀ, հանուն ձեզ: Աստված մեր ժողովրդին զորավիգ»,-ասել է Մհեր Սարգսյանը :
Հետո ելույթ են ունեցել տղաների հարազատները:



Տղաները ԱՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել են «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով, որոնք նախագահը հանձնել է հարազատներին:


Վերջում նահատակ տղաների հոգիների հանգստության համար կատարվել է հոգեհանգստյան կարգ:



