Սպորտում հաղթանակի գրավականը աշխատասիրությունն է
Առողջ ապրելակերպի պարզ կանոններից մեկը սպորտով զբաղվելն է, քանի որ սպորտը մարդուն կոփում է ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեպես:
Արցախում ձեւավորված տարբեր մարզաձեւերում իր առանձնահատուկ տեղն ունի նաեւ ուշուն։ Ուշուն ընդգրկում է մրցումային երեք ոճ՝ իրենց տարբեր տեխնիկական հնարքներով, իսկ քունգ-ֆուն ավելի հին մարտարվեստ է, որի վարպետները հին ոճերն ու ավանդույթները պահպանելու համար որոշել են ստեղծել քունգ-ֆուի առանձին ֆեդերացիա եւ անցկացնել աշխարհի առաջնություններ։
Ուշու մարտարվեստn ընդլայնել է իր աշխարհագրությունը եւ սկզբնավորվել Արցախում դեռեւս 1997թ.։ Այս մարզաձեւն Արցախում հիմնավորվել է Հայ սև գոտիների միջազգային ակադեմիայի հիմնադիր-նախագահ, Մեծ վարպետ Կարո Քեբաբջյանի շնորհիվ, երբ Արցախ են գործուղվել լիբանանահայ եւ ֆրանսահայ մարզիչներ Հարութ Ադամյանն ու Հարութ Բերբերյանը: Այդ ժամանակ էլ Հայ սեւ գոտիների միջազգային ակադեմիայի (ABBA) միությանը կից Արցախում ստեղծվել է ուշուի ֆեդերացիա, իսկ 1998թ.՝ պաշտոնապես ընդունվել որպես հասարակական կազմակերպություն:
‹‹Ապառաժ››-ի հետ զրույցում Արցախի ուշու-քունգ ֆուի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Դավիթ Գրիգորյանը նշել է, որ ինքը 2002թ-ից սկսել է համագործակցել Հայաստանում պաշտոնական ավանդական ուշու-ի ֆեդերացիայի հետ եւ մասնակցել նրանց կողմից կազմակերպվող մրցաշարերին: 2010թ. Արցախի մարզիկներն իրենց մասնակցությունն են ցուցաբերել աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններին:
«Այսօր ուշու մարզաձեւում Արցախն ունի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ, որոնց շարքերն օրեցօր համալրվում են նոր մարզիկներով»,- ասել է Դավիթ Գրիգորյանը: Գլխավոր մարզչի խոսքով՝ 2001-ից զբաղվում է սպորտով, իսկ 2007թ. սկսել է մարզել տարբեր խմբերի մարզիկների։ Սեփական մարզադահլիճ ունենալուց հետո, 2012-ից ուշուի ֆեդերացիան համալրվել է նոր մարզիչներով եւ մարզիկներով: Այդ տարիներին ֆեդերացիան ընդգրկում էր 40 մարզիկ, իսկ այսօր արդեն ընդլայնել է իր շրջանակները՝ համալրվելով 400-ից ավել մարզիկներով։ Մարզիկների շարքերը կազմում են 6-18 եւ բարձր տարիքային խմբի երեխաներ, որոնք բազմաթիվ հաջողությունների են հասել աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում։ 2010թ. Եվրոպայի առաջնությանն արժանանալով ոսկե մեդալի՝ Դավիթ Գրիգորյանը 2011թ. աշխարհի առաջնությանը նվաճում է արծաթե մեդալ:
ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հանձնարարությամբ անցած տարվանից նախաձեռնել են սեփական մարզադահլիճի վերանորոգման աշխատանքները:
Մարզչի խոսքով՝ Ֆեդերացիան աշխատում է սահմանամերձ համայնքներում եւս կազմակերպել այս մարզաձեւի իրականացման աշխատանքները: Դավիթ Գրիգորյանը նշել է, որ 5 տարի է, ինչ Նորշեն համայնքում Կոմիտաս Կարապետյանի աջակցությամբ գործում է ուշուի մարզադպրոցը, իսկ Ակնաղբյուրում այդ աշխատանքներն իրականացվում են Քաջիկ Խաչատրյանի եւ Արշավիր Ղարամյանի հովանավորությամբ: Արցախի ուշուի ֆեդերացիայի մարզիկները Էստոնիայում, Յալտայում, Չինաստանում տարբեր ժամանակներում աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում նվաճել են ոսկե եւ արծաթե մեդալներ։
«Յուրաքանչյուր մարզիկի հաղթանակի 80%-ի առաջնահերթ երաշխավորը մարզիչն է։ Հետագայում արդեն միջազգային մարզիկի կոչմանն արժանացած մարզիկը կարողանում է մասնակցել Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին՝ իր աշխատասիրությամբ նվաճելով սպորտի բարձունքները»,- հավելել է Դավիթ Գրիգորյանը։
Նա Արսենի հաղթելու գրավականը համարում է մարզիկի աշխատասիրությունը, միեւնույն ժամանակ գտնելով, որ Արսենը երկար ճանապարհ անցնելու համար պետք է ջանասիրաբար աշխատի եւ լրջորեն նախապատրաստվի հետագա առաջնություններին:
«Աշխարհի առաջնության մենամարտում նա հաղթել է 2017թ. աշխարհի առաջնության չեմպիոնին՝ շահելով 2020թ. անցկացվող աշխարհի գավաթին մասնակցելու հայտ», — հավելել է նա։
2018թ. աշխարհի երիտասարդների միջազգային մրցաշարին Արցախից Արսեն Բաղրյանը հռչակվել է աշխարհի չեմպիոն, իսկ Վարդան Աբրահամյանը դարձել բրոնզե մեդալակիր: Դա Արսենի միակ հաղթանակը չէ։ Աշխարհի չեմպիոնի խոսքով՝ նա երբեք չի սահմանափակել իր հաջողությունների շարքը, եւ, հետագայում ընդլայնելով իր հաղթանակների շղթան, Բաթումիում կայացած միջազգային մրցաշարում գրավել է առաջին տեղը, իսկ այս տարի մեծահասակների տարիքային խմբում՝ Շանհայում աշխարհի առաջնությանը նվաճել երրորդ պատվավոր տեղը: Մեզ հետ զրույցում Արսենն ասել է, որ մարզական կարիերան շարունակելու եւ բարձր կարգեր նվաճելու երազանքներ ունի։ 11 տարի է, ինչ մարզիկը զբաղվում է այդ մարզաձեւով եւ բավականին մեծ հաղթանակներ է նվաճել։
«Երբեք մտավախություն չեմ ունեցել մենամարտերի ժամանակ, անգամ երբ հակառակորդն ինձնից ուժեղ է թվացել», -անկեղծանում է Արսենը։ Իր հաղթանակների համար նա շնորհակալ է իր ծնողներին եւ մարզիչին, որովհետեւ նրանց շնորհիվ է կայացել այդ մարտարվեստում եւ նվաճել աշխարհի եւ Եվրոպայի բարձունքները։
Հասմիկ Հակոբյան