Սպորտն ինձ համար կյանք է եւ փիլիսոփայություն
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Սպորտն ինձ համար կյանք է եւ փիլիսոփայություն

Սպորտն ինձ համար կյանք է եւ փիլիսոփայություն

‹‹Ապառաժը›› բազմիցս անդրադարձել է արցախցի լավագույն մարզիկների՝ աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում ունեցած հաջողություններին ու ձեռքբերումներին: Վերջերս ներկայացրել ենք նախորդ տարվա մեր լավագույն մարզիկներին, որոնցից առանձնացրել ենք կիոկուշին մարտարվեստի աշխարհի միակ եռակի չեմպիոն Արթուր Առուշանյանին:

Հայ կարատեիստ Արթուր Առուշանյանը ծնվել է ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում: Վեց տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է հայրենիք՝ Արցախի Հանրապետություն եւ ուսանել Ստեփանակերտի ռուսական, այնուհետեւ՝ ֆիզմաթ դպրոցներում: Արթուրն անկեղծացել է, որ հայերենին լավ չտիրապետելու նպատակով է տեղափոխվել հայկական դպրոց: Ըստ նրա՝ կարեւոր է մայրենի լեզվի իմացությունը բուհում ուսանելու եւ սպորտում զարգանալու առումով:

 2010-2016թթ Արթուր Առուշանյանը սովորել է Երեւանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում: 2011- 2013թթ. ծառայել ՀՀ զինված ուժերում:

Մեզ հետ զրույցում 26-ամյա մարզիկն անկեղծացել է, որ կիոկուշին մարզաձեւի ընտրությունը պատահական է ստացվել: Մարզիկի խոսքով՝ սկզբնական շրջանում Ստեփանակերտում ընդգրկվել է խմբային պարապմունքներում: 2005թ. Երեւան տեղափոխվելուց հետո Արթուրը կրկին վերադարձել է մեծ սպորտ:

2007թ-ին վերածնվել է կիոկուշին մարտարվեստը, եւ մեծ կարատեիստը շարունակել է սպորտային կարիերան: Արթուրը բազմաթիվ հաջողությունների է հասել ՀՀ առաջնություններում՝ նվաճելով ըստ էության՝ փոքր, բայց իր խոսքով՝  ամենաբարձր տիտղոսները: Այսօր նա նաեւ զբաղվում է մարզչությամբ։ Խմբային պարապմունքներ են կազմակերպում Ասկերանի շրջանի չորս համայնքներում: Արթուրի խոսքով՝ հետագայում ընդլայնվելու նպատակներ ունեն:

Արթուր Առուշանյանը նաեւ Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության Արցախի մասնաճյուղի վարչության անդամ է: Նա անմիջական մասնակցություն է ունեցել սկաուտական ճամբարների կազմակերպման աշխատանքներին:

Աշխարհի եռակի եւ Եվրոպայի հնգակի չեմպիոնը նշել է, որ մրցաշարերում հաղթանակների է հասել գրագետ պատրաստվածության եւ ինքնավստահության շնորհիվ: Վերջերս Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում կայացած առաջնությունում 60 կգ քաշային կարգում նվաճել է աշխարհի եռակի չեմպիոնի պատվավոր տիտղոսը: Անձնական մարզիչը Արմեն Պետրոսյանն է:

Ըստ Արթուրի՝ առաջին բուռն զգացողությունն ապրել է իր պատվին հայկական հիմնը հնչելու ժամանակ:

‹‹Մի առանձնահատուկ հպարտություն ես զգում, երբ բոլորը հոտընկայս լսում են մեր հիմնը››,-հավելել է նա:

Արթուրը նշել է, որ բավականին մեծ ծանոթություններ եւ ընկերներ է ձեռք բերել ՀՀ-ում եւ արտերկրում:

 ‹‹Յուրաքանչյուր նոր մրցաշար ինձ համար մի սովորական օր է, նոր նպատակների հասնելու սովորական մի ճանապարհ: Սկզբում հաղթանակը տիեզերքի պես անհասանելի է թվում ինձ: Իսկ արդեն վերելքի պահին հասկանում ես, որ ամեն անգամ միեւնույն զգացողություններն ես ունենում ››,-անկեղծացել է նա:

Լավ ամուսին եւ հոգատար հայր է Արթուր Առուշանյանը: Վաղ առավոտյան, երբ ընտանիքի անդամները դեռ քնած են լինում, նա հաճախում է պարապմունքների: Ընտանիքի հետ հաճախ կինոդիտումներ են կազմակերպում:

Կինը՝ Աշխեն Ավանեսյանը, Արցախի պարի պետական համույթի պարուհի է: Արթուրի խոսքով՝ դստեր մոտ արդեն նկատելի է սպորտի հանդեպ սերն ու փոքրիկ ունակությունները: Նա ցանկանում է, որ աղջիկն այս ամենի հետ լավ տիրապետի նաեւ ազգային մշակույթին:

Արթուրը նշել է, որ ընտանիքի անդամները երբեմն դժգոհում են, որ քիչ ժամանակ է անցկացնում նրանց հետ, բայց միեւնույն ժամանակ ըմբռնումով են մոտենում խնդրին եւ միշտ ոգեւորում նրան սպորտային կյանքում:

‹‹Սպորտն ինձ համար կյանք է եւ փիլիսոփայություն: Ես գոհ եմ սպորտից, որովհետեւ այն ինձ տալիս է ամեն ինչ՝ կոփելով ինձ ֆիզիկապես եւ հոգեպես››,- հավելել է նա:

Հասմիկ Հակոբյան

1