Սփյուռքի հետ ՀՀ քաղաքականությունը հստակության բավականին մեծ կարիք ունի
Գլխավոր » Լրահոս » Սփյուռքի հետ ՀՀ քաղաքականությունը հստակության բավականին մեծ կարիք ունի

Սփյուռքի հետ ՀՀ քաղաքականությունը հստակության բավականին մեծ կարիք ունի

րերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ էական փոփոխություններ են կատարվել  վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կանոնադրության մեջ։ Մասնավորապես, դադարեցվել է տարբեր երկրներում գործող հայ համայնքների վարչությունների հետ գործունեությունը։ Yerkir.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գևորգ  Ղուկասյանն ասաց, որ այս ամենը խոսում է ոլորտում համակարգային մոտեցման բացակայության մասին։

— Հուլիսի 6-ին, ՀՀ Վարաչպետի որոշմամաբ, փոփոխություններ են կատարվել վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի մի որոշման մեջ, որը վերաբերում էր սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կանոնադրության հաստատմանը։ Փաստորեն, ստացվում է, որ մինչեւ հուլիսի 6-ը, սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը գործում էր նախկին սփյուռքի նախարարության նույն կառուցվածքով։ Այսինքն, այսօրվա  իշխանությունների կողմից տեւական ժամանակ քննադատված սփյուռքի նախարարության կառուցվածք, ըստ էության, իշխանությունները մեկ տարուց ավելի պահել են։ Այս առումով անհասկանալի է նրանց մոտեցումը, եթե քննադատում եւ սփյուռքի նախարարության գործունեությունը համարում էին կառուցվածքային առումով աննպատակահարմար, ապա՝ ինչպե՞ս են կառուցվածքը պահել այսքան ժամանակ, երբ կառուցվածքի փոփոխությունը, կարծեմ, մեկ շաբաթվա աշխատանք ենթադրող զուտ վարչական աշխատանք է։ Սա խոսում է  ոլորտում համակարգային եւ պատասխանատու մոտեցում չլինելու մասին։

Ինչ վերաբերում է կառուցվածքային փոփոխություններին, ապա՝ նախկին սփյուռքի նախարարությունը եւ հանձնակատարի գրասենյակը, մինչեւ բոլորովին վերջերս, աշխատում էին այն նույն կառուցվածքով, որի ստորաբաժանումները հիմնականում բաժանված էին ըստ երկրների ու տարածաշրջանների։ Կային Ամերիկայի, Եվրոպայի, Մերձավոր և Միջին Արեւելքի հայ համայնքների վարչություններ և այլն, իսկ հիմա դրանք վերացվել են։ Խնդիրն այն է, որ եթե տեսական առումով մոտենանք հարցին, ապա սփյուռքը միատար երեւույթ չէ։ Հայկական սփյուռքի համայնքներ կան, որ ե՛ւ նման են, ե՛ւ միմյանիցից խիստ տարբեր, ընդ որում, տարբեր են նույնիսկ համայնքների ձեւավորման պայմանները, քաղաքակրթական միջավայրը, համայնքների քաղաքականացվածության մակարդակը եւ այլն։ Այս դեպքում, երբ վերացվում է այդ բաժանումը, ըստ տարածաշրջանների, եւ ստեղծվում են ընդամենը 3 վարչություն, ապա ընդհանրապես խիստ կասկածելի է սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի գործունեությունը, նպատակահարմարությունը եւ արդյունավետությունը։ Համահավասար մոտեցմամբ վերաբերվել սփյուռքյան բոլոր համայնքներին, կարծում եմ՝ նպատակահարմար չի լինի։

-Պարոն Ղուկասյան, հիմնականում, Հայաստան եկած ներդրումները կատարվում են սփյուռքից, ինչո՞ւ է ՀՀ կառավարությունն այս մարտավարությունն ընտրել, սփյուռքին նեղացնելով ինչ-որ հարց ե՞նք լուծում։

—  Չեմ կարծում, որ սա նպատակաուղղված նեղացման քաղաքականություն է, խնդիրը մոտեցման, տեսլականի, հայեցակարգային մոտեցումների, առկայության կամ չառկայության մեջ է, կամ դրանից բխող ռազմավարական մոտեցումների բացակայության մեջ է։ Հայաստանի հանրապետության քաղաքականությունը՝ սփյուռքի հետ, որպես այդպիսին հստակության բավականին մեծ կարիք ունի։ Ընդ որում, վարչապետն էլ վերջերս, սփյուռքի հետ կապված, իրարամերժ հայտարարություններ արեց։ Նման քայլերով ընդհանրապես հասկանալի չէ մեր կառավարության մոտեցումները՝ սփյուռքի հետ հարաբերություններում։ Իշխանությունները փորձում են ինչ-որ բաներ անել՝ կանոնադրական նպատակները, խնդիրները, գործառույթները, հիանալի ձեւակերպված են, բայց ձեւակերպումները նախապես չեն քննարկվել սփյուռքյան կառույցների հետ։ Այստեղ հարց է առաջանում, եթե նրանք մտադիր են սփյուռքյան համահայկական կառույցների հետ աշխատել, համահայկական օրակարգեր ձեւավորել, ապա այդպիսի աշխատանքը ենթադրում է փոխըմբռնվածություն, փոխգործակցության բարձր մակարդակ, բայց մեր իշխանությունները, թեկուզ այս կանոնադրական փոփոխություններով, սփյուռքյան եւ համահայկական կազմակերպությունների հետ պատշաճ քննարկումներ չեն արել։ Սա եւս կասկածի տեղիք է տալիս, ընդհանրապես այս ամբողջ աշխատանքը արդյո՞ք հաջողությամբ պսակվելու է, թե՝ ոչ։ Շատ կուզենանք, որ հաջողությամբ պսակվի, որ հայրենիքի եւ սփյուռքի հետ խնդիրներ չլինեն, անկախ Հայաստանում գործող իշխանությունների բնույթից եւ որակից։ Բայց, ցավոք, նման երեւույթները այդքան էլ շատ լավատեսության հենք չեն տալիս։

-Օրինակ, նախկինում ներգաղթի ծրագիրը կարեւոր տեղում էր գտնվում, այսօրվա կառավարությունն արդյո՞ք  չի մտածում, որպեսզի նպաստի նաեւ ներգաղթին՝ սփյուռքի հետ հարաբերությունները չփչացնելով։

— Ներգաղթի հարցը մի քիչ ավելի բազմաշերտ է, այն շոշափում է շատ ավելի լայն շերտեր, քան՝ հայրենիք-սփյուռք հարաբերություններն են։ Դրա համար պետք է տնտեսական եւ բարոյահոգեբանական ուժեղ միջավայր, որպեսզի լինի համերաշխության բարձր մակարդակ։ Պիտի այն սփյուռքահայերը, որոնք Հայաստան վերադառնալու ցանկություն են հայտնել, այստեղ որեւէ հարցով օտարված չզգան։ Այսինքն, սա համալիր մոտեցում է ենթադրում, որի տեսլականը, ցավոք, մեր իշխանությունները չունեն։ Այսինքն՝ հայրենադարձության ռազմավարական քաղաքականություն չունենք։ Մենք շատ հարցերի վերաբերյալ ունենք հանրահռչակված հիանալի սկզբունքներ, տեսակետներ, քաղաքական ելույթներ, բայց դրանց տակ իրավական ակտեր դրված չեն, չկան հայեցակարգեր, ռազմավարություններ, եւ ռազմավարություններից բխող միջոցառումների ծրագրեր, որոնք կոնկրետ կատարողականներ կենթադրեն։ Այս պարագայում, երբ քաղաքական իշխանության կողմից ունենք անընդհատ արվող քաղաքական բնույթի հայտարարություններ, նաեւ տեսնում ենք, որ հաճախ ակնհայտ է, որ սփյուռքի հետ հարաբերություններն էլ շատ միանշանակ չեն եւ խնդիրներ կան, այսինքն՝ լավատեսության շատ տեղ չունենք։ Բայց, կարծում եմ, իշխանությունները պիտի փորձեն սփյուռքի եւ համահայկական կազմակերպությունների հետ ուղիղ երկխոսության մտնել, որովհետեւ հայրենք-սփյուռք հարաբերությունները ենթադրում են փոխգործակցության բարձր մակարդակ՝ երկու կողմերից։ Իսկ, եթե բարձր մակարդակ չկա, նաեւ երաշխավորված չի լինելու արդյունքը։

— Ըստ Ձեզ, այդ կանոնադրական փոփոխություններից հետո, ի՞նչ սպասել սփյուռքից։

— Սփյուռքը, որպես այդպիսին, կարող է այդ փոփոխությունների մասին տեղյակ էլ չլինել, բայց մենք այս կանոնադրական փոփոխություններին պետք է անդրադառնանք գնահատելու, կամ արդյունավետությունը կանխատեսելու համար, թե որոշ ժամանակ հետո, մասնագիտական կառուցվածքային 3 ստորաբաժանում ունեցող հանձնակատարի գրասենյակից մենք ինչ աշխատանք կարող ենք սպասել։ Սփյուռքը հսկայական աշխատանք է ենթադրում, բազմաշերտ եւ բազմաոլորտ աշխատանք, այս մարդիկ, եթե նույնիսկ հանճարեղ լինեին չէին կարողանա ամբողջությամբ սպասարկել Հայաստան-սփյուռք հարաբերությունների լայն օրակարգը, որը բազմաշերտ է՝ ՀՀ շահերի պաշտպանությունից մինչեւ Արցախի Հանրապետության շահերի պաշտպանություն, ցեղասպանության ճանաչում, ներդրումներ, կրթական, մշակութային  ծրագրեր․․․ այսինքն՝ հսկայական եւ իրարից տարբեր ոլորտներ։ Իմ կարծիքով, լավագույն տարբերակը սփյուռքի նախարարությունն էր։ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի ծավալը ըստ էության փոքրացնելով, ցավոք, չեմ կարծում, թե հնարավոր է որոշակի եւ լուրջ արդյունքի հասնել։

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

https://youtu.be/YdeXdODBcmw

yerkir.am

1