«SOS Artsakh»․ 24-ժամյա նստացույց ՀՀ-ում ԱՄՆ-ի, ՌԴ-ի ու Ֆրանսիայի դեպանատների և ԵՄ ներկայացուցչության դիմաց

Այսօր, առավոտյան Ժամը 08։30-ից ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատների և ԵՄ ներկայացուցչության դիմաց մեկնարկել է ՀՅԴ Հայասատանի ԳՄ նախաձեռնած «SOS Artsakh» խորագիրը կրող 24-ժամյա նստացույցը։
Ցուցարարներն իրենց հետ բերել են Արցախի Հանրապետության դրոշները, ինչպես նաև «Բացեք կյանքի ճանապարհը»,«Գործելու պահը հիմա է», «Արցախում 120,000 մարդ է ապրում», «Առանց Արցախ չի լինելու նաև Հայաստանը», «Արցախը դիմակայում է ֆաշիզմին», «Վերջ տվեք ապօրինի շրջափակմանը» և նմանատիպ այլ գրություններով պաստառներ:
«ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահող երկրների դեսպանատների, ԵՄ գրասենյակի դիմաց նստացույցի նպատակը մեկն է. մենք պահանջում ենք վերջ դնել երկակի ստանդարտներին։ Արցախը գտնվում է հումանիտար ճգնաժամի, էթնիկ զտման, ցեղասպանության առջև»,-ԵՄ գրասենյակի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նա ընդգծեց՝ ստեղծված իրավիճակում միջազգային հանրությունն ընդամենը բավարարվում է հայտարարություններ անելով, երբեմն բանաձևեր ընդունելով։
«Բայց փաստն այն է, որ Արցախը շարունակում է մնալ շրջափակված։ Մեր նպատակն է բողոքի ձայնը բարձրացնել, պահանջներ ներկայացնել»,-ասաց Սաղաթելյանը։
Նա նշեց՝ կարևորում են ռուս խաղաղապահների դերն ու առաքելությունն Արցախում։
«Պետք է քննարկվի նաև նրանց առաքելության երկարացման հարցը։ Բայց այսքանով հանդերձ, մենք ունենք հստակ պահանջներ, քանի որ ՌԴ խաղաղապահ ուժերի առաքելությունն է նաև ապահովել Լաչինի միջանցքի անխափան ընթացքը։ Այս իմաստով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագող երեք երկրներից մենք ունենք ակնկալիքներ»,-ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը, ԱԽՔ-ը եւ մնացած ախքերը հայ ժողովուրդ չեն եւ չեն արտահայտում հայ ժողովրդի կարծիքը, չունեն մանդատ, չունեն լեգիտիմ իրավունք հայ ժողովրդի անունից նման դավաճանական հայտարարություններ անել. Այսօր տարբեր դեսպանությունների մոտ բարձրաձայնումը նաեւ դրա վկայությունն է, ինչպես նաեւ միջազգային հանրությանը իրական գործողությունների մղելուն. Ռուսաստանի դեսպանատան մոտ նստացույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Տվյալ դեպքում ՌԴ-ն, որը նոյեմբերի 9-ի ստորագրող կողմն է եւ ունի պարտավորություններ, որի խաղաղապահ առաքելության ներկայությունն այսօր, ցավոք սրտի, միակ անվտանգային երաշխավորն է եւ առաջիկա տարիներին էլ ՌԴ զորքերի ներկայությունը Արցախում կենսական անհրաժեշտություն է ցեղասպանության վտանգի դիմագրավման համար, բայց Ադրբեջանը այնքան է լկտիացել, որ իր թշնամական գործողություններն իրականացնում է նաեւ ռուս խաղաղապահների նկատմամբ, ՌԴ-ն ավելի կտրուկ գործողությունների պետք է դիմի այսօրվա խուլ շրջափակումը վերացնելու, Արցախում հումանիտար աղետը կանխելու համար»,-ասաց նա:
Անդրադառնալով Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների մեկնարկի հետ, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «ԱՄՆ-ն փորձում է հապշտապ ինչ-որ պայմանական «խաղաղության պայմանագիր» անունով թուղթ ստորագրել, այնինչ Արցախը շարունակում է շրջափակված մնալ»: Նա վստահություն հայտնեց, որ հայ ժողովուրդն իր կամքով եւ կազմակերպվածությամբ թույլ չի տա նման պայմանագրի վավերացում:
Գեղամ Մանուկյանն ասաց, որ հիմա իրենց ուղերձը փոխանցելու են ՌԴ դեսպանատուն, որը համապատասխանաբար, կհասնի Մոսկվա:
Ըստ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՅԴ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի՝ Արցախը 6 ամսից ավելի գտնվում է տոտալ շրջափակման մեջ եւ 120 հազար հայ մարդ այսօր գտնվում է էթնիկ զտման, ցեղասպանության եզրին:
«Ցավոք, միջազգային հանրությունն իր լուռ կեցվածքով նպաստում է, որ Ադրբեջանի հանցավոր ռեժիմը իրականացնի իևր մեկնարկած ցեղասպան քաղաքականությունը: Այսօր գործելու ճիշտ ժամանակն է, մենք ուշացնում ենք եւ ամեն օրը, ամեն ժամը արժանանալու է մարդկային կյանքեր: Միջազգային հանրությունը պարտավոր է նաեւ կյանքի կոչել միջազգային դատարանի վճիռը. 6 ամսվա ընթացքում միջազգային հանրությունը արդարադատության միջազգային դատարանի վճիռը չի կարողանում պարտադրել, կյանքի կոչել»,-ասաց նա:
Նշենք, որ նստացույցը բոլոր վայրերում մեկնարկել է այսօր առավոտյան ժամը 08։30-ից և կավարտվի հունիսի 28-ին, ժամը 10։00-ին՝ ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց։








arfd.am