«Սողոմոնի երգերը» ֆիլմի առաջնախաղը՝ Ստեփանակերտում
Գլխավոր » Լրահոս » «Սողոմոնի երգերը» ֆիլմի առաջնախաղը՝ Ստեփանակերտում

«Սողոմոնի երգերը» ֆիլմի առաջնախաղը՝ Ստեփանակերտում

Սեպտեմբերի 17-ին Ստեփանակերտում կայացել է Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» ֆիլմի առաջնախաղը: Ֆիլմը պատմում է Կոմիտասի մանկության մասին՝ անդրադառնալով նրա կյանքի այն շրջանին, որը համընկնում է Համիդյան սարսափելի ջարդերի տարիներին` 1894-1896 թթ.-ին՝ սուլթան Աբդուլ Համիդ II-ի իշխանության ժամանակաշրջանին: Ֆիլմի հերոսներից մեկը թուրք կին է, որը վտանգում է իր ու իր ընտանիքի կյանքը՝ կրոնական հողի վրա հետապնդվող լավագույն ընկերուհուն փրկելու համար։ Ֆիլմն ավարտվում է Կոմիտասի վերջին համերգով: Հեղինակները վստահ են՝ Կոմիտասը խելագար չէր, նա նուրբ հոգի ուներ, ամեն ինչում գեղեցկություն ու երաժշտություն էր տեսնում և չէր հասկանում, թե ինչպես կարող են մարդիկ այդքան դաժան լինել: Այդ իսկ պատճառով նա հեռացավ, փակվեց աշխարհից և զրկեց նրան հանճարից:

Ֆիլմի նկարահանումները կատարվել են 2018թ., տեսարանները նկարահանված են Արցախի տարբեր վայրերում, որոնց մի մասը ներկայումս բռնազավթված է թշնամու կողմից:

«Ապառաժի» հետ զրույցում Արման Նշանյանը նշել է, որ հիմա էլ շարունակվում է 1890-ական թթ. իրադարձությունները: «Այստեղ կրկնվել է 100 տարուց ավելի առաջ կատարվածը ու աշխարհը նորից երես է թեքում: Այն ժամանակ տեղեկատվությունը դանդաղ էր տարածվում, հիմա արագ է և ամեն ինչը արագ փոխանցվում է, բայց միևնույնն է, նույն բանը կատարվել է: Ոչ մեկը ոչ մի բանի համար պատասխան չի տալիս»,- ասել է Ա. Նշանյանը: Նա շեշտել է, որ այդ տարածքները սուրբ են և այսպիսի նկարահանումներով անմահացել են:

Իր խոսքում ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը նշել է, որ ամբողջությամբ զգացվել ու փոխանցվել է նկարագրվող ժամանակաշրջանի ոգին: «Նույն ապրումները ես ունեցա, երբ Էրդողանը եկավ Շուշի ու տրորեց մեր հոգին: Ֆիլմից մի մեսիջ է մնացել իմ մեջ՝ վրեժ: Մենք վերադառնալու ենք, հավատացեք»,- ասել է Լուսինե Ղարախանյանը՝ շնորհակալություն հայտնելով կատարած աշխատանքի համար:

1