Սոցիալական «խնդիրներից զուրկ» Արցախի սոցիալական խնդիրները
Գլխավոր » Լրահոս » Սոցիալական «խնդիրներից զուրկ» Արցախի սոցիալական խնդիրները

Սոցիալական «խնդիրներից զուրկ» Արցախի սոցիալական խնդիրները

Չնայած որոշ վայ-նախարարներ համարձակություն են ունենում այդպիսի աղետալի պատերազմից հետո բաց ճակատով հայտարարել, որ «Արցախում սոցիալական և հումանիտար բնույթի խնդիրներ չկան», այնուամենայնիվ, իրականությունն այլ բան է հուշում:
«Ապառաժ»-ը փորձել է պարզել՝ ի՞նչ բնույթի սոցիալական խնդիրներ կան հետպատերազմյան Արցախում և ինչ է արել ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը այս խնդիրներին լուծում տալու համար:

ԱՀ ԱՍՄՀՆ լրատվության բաժնի պետ Անի Ավանեսյանի տրամադրված տվյալների համաձայն՝ պատերազմի ընթացքում ներքին տեղահանվածների թիվը կազմել է 36 000 մարդ, որի 60%-ն արդեն վերադարձել է Արցախ: Այն հակասում է ՀՀ-ում Արցախի օպերատիվ շտաբի հրապարակած տվյալներին, որի համաձայն՝ տեղահանվածների շուրջ 60%-ը չի վերադարձել Արցախ, և այժմ ՀՀ-ում փաստացի բնակվում է 24456 տեղահանված:

Բնակարանային և կոմունալ փոխհատուցումների խնդիրներ
Ըստ Անի Ավանեսյանի՝ Արցախ վերադարձածների կացարանային խնդիրները լուծվել են հյուրանոցներում, հյուրանոցային տներում ու կեցության համար նպաստավոր պայմաններ ունեցող այլ շենքերում կամ վարձակալած հիմունքներով բնակվող բնակարաններում՝ վարձերի փոխհատուցմամբ:
ՀՀ կառավարության հետ համատեղ սոցիալական ծրագրով նախատեսվել էր սեփականության իրավունքով իրենց պատկանող տանը Արցախի բռնազավթված և վերահսկողության ներքո մնացած համայնքներում հաշվառված արցախցիներին հյուրընկալող քաղաքացիներին տրամադրել վեցամսյա աջակցություն՝ Հայաստանում՝ ամսական 30 000, իսկ Արցախում՝ 45 000 դրամի չափով, իհարկե՝ թղթային տարբերակով միայն։

Նկատենք, որ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը հայտարարել էր բնակչությանը կացարանով ապահովելու պետական տարբեր ծրագրերի մեկնարկից հետո հատկապես Ստեփանակերտում արհեստականորեն բնակվարձերի թանկացման մասին, ինչից մեծապես տուժում են Ստեփանակերտում բնակվող, բայց ոչ տեղահանված բնակիչները:
Տեղահանված քաղաքացիների համար, Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ փոխհատուցվող վարձավճարի չափը Ստեփանակերտում մասնավորապես կազմում է՝ 1 սենյակի դեպքում՝ 40 հազար դրամ, այնուհետև, ըստ սենյակների թվի, փոխհատուցումն աճում է 10-հազարական դրամով:
Արցախի շրջաններում գտնվող բնակարանների դեպքում՝ պետությունը 1 սենյակի համար փոխհատուցում է 30 հազար դրամի չափով, մեկից ավելի սենյակների դեպքում վարձավճարի փոխհատուցման չափն աճում է 10-հազարական դրամով:
Ակնհայտ է, որ փոխհատուցման չափն ավելի ցածր է, քան շուկայում ձևավորված տների վարձակալության գներն են:

Սակայն, նույնիսկ այս պարագայում կարծես թե այս փոխհատուցման մեխանիզմն իրեն չի արդարացնում, որովհետև շատ են դժգոհություններն այն մասին, որ շահառուները չեն ստանում վարձակալության և հյուրընկալության գումարները:

Ապառաժ»-ը զրուցել է մի շարք քաղաքացիների հետ՝ հասկանալու համար, թե ինչպես են գործում այս ծրագրերը
Թաղավարդ գյուղի բնակիչ Ն․ Վ․-ն պատմում է, որ պատերազմից հետո ստիպված են եղել տեղափոխվել Ստեփանակերտ, քանի որ իրենց տունը մնացել է թշնամու տիրապետության տակ։
«Այժմ բնակվում ենք 2 սենյականոց բնակարանում, որը զուրկ է նորմալ պայմաններից։ Վճարում ենք 140 000 դրամ վարձ, որից 50 000 դրամն է փոխհատուցվում պետության կողմից», -հավելել է Ա․ Խ-ն։
Հադրութի շրջանի բնակչուհի Մ․ Հ․-ն, ով այժմ բնակվում է Հայաստանում, մեզ հետ զրույցում նշեց, որ բազմաթիվ բողոք-դիմումներից հետո միայն վերջերս են փոխհատուցվել դեկտեմբեր-հունվար ամսվա բնակվարձերը, իսկ մնացածները դեռ չեն փոխհատուցել։
«Կոմունալներն ընդհանրապես չեն վճարվում: Լավ կլիներ, որ կոմունալների դիմաց գոնե որոշակի չափով փոխհատուցեին, քանի որ այստեղ կոմունալ ծառայությունների սակագները բավականին բարձր են», — նշել է Մ․ Հ․-ն։

Ըստ նախարարության տվյալների՝ 2020 թվականի սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին Արցախի բնակչության սպառած գազի և էլեկտրաէներգիայի ծախսերի դիմաց տրվել է 1 մլրդ դրամ փոխհատուցում:
Քաշաթաղի շրջանի բնակչուհի Մարինե Ավետիսյանը, ով այժմ բնակվում է Ստեփանակերտում, դժգոհում էր, որ այս ընթացքում կոմունալների համար ոչ մի աջակցություն չեն ստացել, սակայն բնակվարձերի դիմաց փոխհատուցվող գումարը փոխանցվում է բնակարանի սեփականատիրոջը։

Հիշեցնենք, որ 2020թ. նոյեմբերի 17-ին ԱՀ նախագահ Ա. Հարությունյանը հայտարարել էր, որ մեկ տարվա ընթացքում բնակչությունը կարող է անվճար օգտվել կոմունալ ծառայություններից (գազ, ջուր, էլեկտրաէներգիա), ինչպես նաև կապի ծառայություններից (հեռախոս և ինտերնետ)՝ «խելամիտ սահմաններում»։

Օգնություն Հայաստանի կառավարությունից
ՀՀ կառավարության հետ համատեղ Արցախի չափահաս և անչափահաս շուրջ 99 362 քաղաքացիների, բացառությամբ արական սեռի 18-58 տարեկան անձանց, տրամադրվել է 68 000 դրամ միանվագ աջակցություն, իսկ ՀՀ-ում անշարժ գույք չունենալու դեպքում՝ հավելյալ 15 000 դրամ:
Արցախի Հանրապետությունում հաշվառված և բռնազավթված բնակավայրերում փաստացի բնակված, բայց հաշվառում չունեցող քաղաքացիներին ամսական 68 000 դրամի չափով աջակցություն կտրվի 4 ամիս ժամկետով։ Աջակցության ընդհանուր ծավալը կազմում է 30 մլրդ դրամ, պոտենցիալ շահառուներ են շուրջ 108 000 արցախցի:

Այս ծրագիրը ևս հանրության լայն շրջանակներում դժգոհության և քննադատության առարկա դարձավ։ Շատերի համար անհասկանալի է, թե ինչո՞ւ են ծրագրից դուրս մնում 18-63 տարեկան տղամարդիկ, քանի որ հետպատերազմյան իրականության մեջ գործազրկության աճ է նկատվում, իսկ բավականին խոշորկազմակերպություններ այլևս դադարել են աշխատել կամ մեր վերահսկողությունից դուրս են մնացել:
Ֆեյսբուքյան հարթակում օգտատերերն իրենց դժգոհությունն են հայտնել այդ որոշման վերաբերյալ։

Թաղավարդ գյուղի բնակիչ Ն․Վ․-ի կարծիքով՝ շատ անարդար է, երբ գործազուրկ տղամարդիկ չեն օգտվում այս ծրագրից, սակայն պետական համակարգում աշխատող և ոչ մի կերպ վնաս չկրած կանայք տեղահանված բնակչության հետ հավասար օգտվում են այս ծրագրից»։

Ֆինանսական աջակցություն
Արցախի բռնազավթված համայնքներում հաշվառված չափահաս և անչափահաս շուրջ 29 891 քաղաքացիների տրամադրվել է 300 000 դրամի չափով միանվագ աջակցություն:
Լուրջ խնդիրների են բախվել նաև վերաբնակեցված քաղաքացիները։

Մարինե Ավետիսյանն իր խոսքում նշեց, որ դժգոհ է նախարարության աշխատանքից։
«300 հազարները չենք ստացել։ 20 տարի ապրել ենք Քաշաթաղի շրջանում։ Այն ժամանակ 4 պատ էին տվել, մենք մեր ուժերով ամեն ինչ նորոգել և ապրում էինք։ Ընտանիքում 7 անձ ենք, սակայն վերջին տարիներին երեխաներս ընդունվել են համալսարան և տեղափոխվել Ստեփանակերտ։ 4 տղաներս կռվի մասնակից են եղել, 2-ը՝ նաև Ապրիլյանի, սակայն ոչ մի բան հաշվի չեն առնում, և պատճառաբանում են, որ վերջին 3 ամսում փաստացի այնտեղ չենք բնակվել։ Ի՞նչ անեին, երեխաներս չուսանեի՞ն»,- ասել է նա։

Նախատեսվել է պատերազմական ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով բնակության համար ոչ պիտանի դարձած բնակելի անշարժ գույք ունեցող քաղաքացիներին տրամադրել միանավագ աջակցություն 250 000 դրամի չափով:
Ըստ նախարարության տվյալների՝ 3 000 քաղաքացու տրամադրվել է շուրջ 700 մլն դրամի աջակցություն: Այստեղ պետք է նկատել, որ չկան վնասների գնահատման մշակված հստակ չափորոշիչներ, այսինքն՝ հաշվի չի առնվել՝ ինչ չափով է վնասվել տունը: Օրինակ, կան 70 տոկոսով և 10 տոկոսով վնասված տներ, բայց, փաստորեն, տրվող աջակցությունը նույնն էր:

Ն․ Վ․-ն գտնում է, որ շատ անարդարացիորեն են բաշխվել այս գումարները: «300 հազարի փոխարեն ստացել ենք 250 000 դրամ։ Դրա պատճառը մինչ օրս անհայտ է մեզ։ Ասում են՝ գյուղի մի մասը մնում է, բայց փաստն այն է, որ իմ տունը թշնամու ձեռքին է։ Սխալ եմ համարում, երբ մեկի քանդված պատի դիմաց 250 հազար են տալիս վերանորոգելու համար, իսկ մյուսն այդ քանդված պատն էլ չունի վերանորոգելու համար և ստանում է 300 000 դրամ»,- ասում է նա։

Զինվորի մասին միայն պատերազմի ժամանակ են հիշում
Մեկ այլ սոցիալական ծրագրով նախատեսված էր ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած և այդ պատճառով բժշկական հաստատություններում բուժվող (բուժված) անձանց, ովքեր չունեն (կամ չեն ունենա) հաշմանդամության 1-ին կամ 2-րդ խումբ, տրամադրել 500 000 միանվագ օգնություն։
Այստեղ էլ խնդրի են բախվում այն մարդիկ, ովքեր հայրենիքի փրկության գործը գերադասելով սեփական կյանքից ու առողջությունից, վիրավորված լինելով հանդերձ, հրաժարվել են հիվանդանոցային բուժումից և կրկին մեկնել առաջնագիծ։ Այսօր այդ մարդիկ զրկված են այս ծրագրից օգտվելու հնարավորությունից, քանի որ չունեն «բժշկի թուղթ»։

Մարինե Ավետիսյանի խոսքով՝ իր որդին, ով վիրավորվել է պատերազմի ընթացքում և առ այսօր բեկորը մարմնից հանված չէ, չի կարողանում օգտվել անգամ այս ծրագրից, քանի որ պատճառաբանում են, որ հիվանդանոցում ընդամենը 2 օր է բուժվել։
Ն․Վ․-ի խոսքով էլ՝ ինքն ու իր հայրն են եղել պատերազմի մասնակից։ Հայրը վիրավորվել էր, սակայն հրաժարվելով հիվանդանոցային բուժումից՝ կրկին վերադարձել է շարքեր, և այսօր չի կարող օգտվել այս ծրագրից։

Իտալական կահույքի առաջարկ
Նախարարության կողմից տեղահանված քաղաքացիներին տրվել են հետևյալ տեսակի օգնություններ.
— Վերմակ՝ 40 000 հատ
— Սպիտակեղեն՝ 20 000 հատ
— Բաճկոն՝ 15 000, ընթացքի մեջ՝ 29 000 հատ
— Կոշիկ՝ 22 000 զույգ
— Աթոռ՝ 4 000 հատ
— Ծալովի մահճակալ՝ 800 հատ
-Քաղցրավենիք՝ 12 000 կգ
— Քայլակ, սայլակ- 55 հատ
Կարծես թե այս պարզ օժանդակության ծրագիրն էլ առանց միջադեպերի չի անցել։

Թաղավարդ գյուղի բնակչուհիներից մեկը պատմել է մեզ, որ Մարտունու շրջվարչակազմի ղեկավարությունում ծաղրանքով են պատասխանել նրա դիմումին։

«Ասել եմ՝ ձեր տված ներքնակին է քնում երեխաս, գոնե մի մահճակալ էլ հատկացրեք, որ գետնին չքնի, իսկ ինձ պատասխանել են՝ գո՞ւցե իտալական կահույք էլ եմ ուզում։ Ասել եմ՝ ոչ, ինձ իմ տունն է պետք, իմ տան ունեցվածքը, ձեր իտալական կահույքը չեմ ուզում»,-պատմում է նա։
Մարինե Ավետիսյանը ցավով է պատմում, որ թողել է իր տունն ու ողջ ունեցվածքը թուրքերին, իսկ այսօր ոչ մի տեսակի աջակցություն չի ստանում։ Իհարկե, ինչ էլ որ տրվել է առ այսօր, շնորհակալ է դրա համար, բայց և փաստում է, որ պարենամթերք ստացել են միայն «Կարմիր խաչի» գրասենյակից։ Դեկտեմբերից հերթագրված է սոցապ նախարարությունում հագուստ ստանալու համար և առայսօր սպասում է իր հերթին։
Ն․Վ․-ն նույնպես իր խոսքում նշել էր, որ բացի «Կարմիր խաչի» գրասենյակի կողմից հատկացված օգնությունից, ուրիշ ոչ մի օգնություն չեն ստացել։ Կահույքի համար հերթագրվել է, և չգիտի ինչու առայսօր հերթը չի հասնում իրեն։
Հադրութի շրջանից տեղահանված բնակչուհու խոսքով՝ ունեն կահույքի կարիք, բայց չեն տրամադրել իրենց. 3 վերմակ, 3 ծածկոց և 3 բարակ «ներքնակ» են ստացել առ այսօր։
Առաջին պատերազմից հետո ամուսնուն կորցրած, աղջկա և իր հոր հետ ապրող այս կինը նշում է, որ երկար ժամանակ է՝ ինչ քաղաքապետարանից օգնություն չեն ստանում։ Ընտանիքի եկամտի միակ աղբյուրը 15 000 դրամ զինվորական նպաստն է, որը չի կարողանում ստանալ Հայաստանում։
«2 ամիս է՝ արդեն այս նպաստն էլ չեն տալիս։ Ասում են՝ պետք է Արցախում ստանամ, այսինքն՝ այդքան միայն ճանապարհածախս պետք է տամ, որ հասնեմ Ստեփանակերտ 15 000 դրամ ստանալու համար»։

Մ․ Հ․-ն մտահոգություն է հայտնել նաև աշխատավարձերի տրամադրման մասին։
«Սկզբում հայտարարել էին, որ տեղահանվածների աշխատավարձը մեկ տարվա կտրվածքով կշարունակեն վճարել։ Այնուհետև իմացանք, որ մինչև հունվարի 1-ն է պահպանվում, մի բան էլ՝ 50 տոկոսով կրճատվելու է՝ համաձայն կառավարության որոշման։ Ինչքան վատություն կա՝ փորձում են անել»,- ասել է նա։

Այս սոցիալական խնդիրների վերաբերյալ մեկնաբանություն ենք ստացել նաև պատգամավոր Մետաքսե Հակոբյանից։
Մեզ հետ զրույցում նա նշել է, որ նմանատիպ խնդիրնեով իրենք բազմաթիվ դիմումներ են ստանում։
«Օրեր առաջ Հադրութի նախկին բնակչից դիմում է ստացվել, որ նույնիսկ դեկտեմբեր ամսվա բնակարանի վարձի գումարը չեն տվել դեռ, կոմունալ որևէ վճարումների փոխհատուցում չեն արել, ու՝ այսպիսի շատ դիմումներ»,- ասել է տիկին Հակոբյանը։

Մ․ Հակոբյանն այսօր ամենալուրջ խնդիրը համարում է 25 կողմ, 8 դեմ համամասնությամբ ընդունված ԱՀ «Բյուջեի մասին» օրենքը։
«Մենք դեմ ենք քվեարկել սոցիալական ուղղվածությամբ բյուջեին։ Լուրջ մասնագիտական գիտելիքներ հարկավոր չեն՝ հասկանալու համար, որ բացահայտ որոշ մարդկանց գրպանը գնալու համար է նախատեսված բյուջեն։ Բացի պահպանման ծախսերից, մնացած հոդվածները պահպանվել էին, և բացատրությունն այն էր, որ 1 տարվա կտրվածքով պահպանվել են տեղահանված քաղաքացիների աշխատավարձերը։
Օրենքի ընդունումից օրեր անց հրապարակվում է կառավարության որոշում Ա․ Հարությունյանի ստորագրությամբ, ըստ որի՝ տեղահանված բնակչության աշխատավարձերը վճարվելու են 50 տոկոսի չափով։ Հիմա հարց․ ո՞ւր է գնում մնացած 50 տոկոսը։
Մարդկանց հորդորում են վերադառնալ Արցախ՝ աշխատավարձը 100 տոկոսով ստանալու համար։
Մարդիկ զանգում և պատրաստակամություն են հայտնում վերադառնալ Արցախ, սակայն բնակարանային խնդիրներ ունեն։ ՏԿԵ նախարարությունից տեղեկացնում են՝ տեղ չկա, մի եկեք։ Ստացվում է, որ կառավարությունը մի կողմից ստիպում է վերադառնալ, մյուս կողմից հայտարարում՝ չկա, մի եկեք»
,- պարզաբանել է Մ․ Հակոբյանը։

Ահա այսպիսինն է «սոցիալական և հումանիտար բնույթի խնդիրներից զուրկ» Արցախը մեր օրերում։

1