Սոչիից Սյունիք. Սահմանազատում և սահմանանշում
Գլխավոր » Լրահոս » Սոչիից Սյունիք. Սահմանազատում և սահմանանշում

Սոչիից Սյունիք. Սահմանազատում և սահմանանշում

Վերջերս Սոչիում ստորագրվեց հերթական եռակողմ հայտարարությունը, որին մեծ անդրադարձ կատարվեց հայ հանրության կողմից, սակայն երկու կարևոր հանգամանք կարծես թե դուրս մնաց բոլորիս ուշադրությունից։

Այդ փաստաթղթում կար երկու կարևոր կետ, որին համարյա անդրադարձ չի եղել հայ վերլուծական շրջանակների կողմից կամ մակերեսորեն է անդրադարձ կատարվել։ Նախ՝ սա երևի միակ փաստաթուղթն է, որտեղ որևէ հիշատակում չկա Արցախի մասին։ Կարծում եմ՝ սա մեծ վնաս կարող է հասցնել Արցախի հարցի կարգավորման գործընթացին։ Այդ համատեքստում հարկ է նաև հիշել Նիկոլ Փաշինյանի մեկ այլ հայտարարություն, որն այդպես էլ անարձագանք մնաց։ Նա ԱԺ-ում հայտարարեց, որ Արցախի հարցում չենք կարող ունենալ հայանպաստ լուծում, սա մենք ևս պետք է տողատակերով հասկանանք։ Այսինքն, այդ մարդն ասում է, որ Արցախի հարցում հայանպաստ միակ լուծումը՝ Ադրբեջանից անջատ կարգավիճակը, չի կարող լինել։ Այստեղ տեսնում ենք, որ ՀՀ իշխանության համար Արցախի հայանպաստ լուծումը փակված թեմա է, ինչպես Ալիևն է ասում՝ այլևս նման խնդիր չկա։

Երկրորդ կետը վերաբերում է դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողով ստեղծելուն։ Այդ հարցի մասին նույնիսկ տարրական գիտելիքներ ունեցողները գիտեն, որ դելիմիտացիան իրականացվում է պայմանագրի հիման վրա, այսինքն՝ կնքվում է պայմանագիր, որտեղ լինում են քարտեզներ՝ գծանշումներով և այլն, դրանից հետո կազմվում է հանձնաժողով, որից հետո սկսվում են դեմարկացիայի և դելիմիտացիայի աշխատանքները։ Հիմա եթե պայմանագիր չկա, ինչի՞ հիման վրա է ստեղծվում հանձնաժողով։ Ընդ որում, դելիմիտացիայի պայմանագիրը հաճախ խաղաղության պայմանագրի մաս է կազմում։ Արդյո՞ք Հայաստանը նման մտադրություն ունի՝ Ադրբեջանի հետ կնքել «խաղաղության պայմանագիր», այն էլ` Ալիևի պահանջներով։ Դելիմիտացիայի վերաբերյալ ցանկացած պայմանագիր առնչվում է տարածքային ամբողջականությանը։ Հիմա որքան էլ փորձեն պնդել, որ դելիմիտացիան առանձին գործընթաց է և Արցախի հարցի հետ կապ չունի, այդպես չէ։ Հիմա ստեղծված իրավիճակում մեզ պետք է լուրջ դիվանագիտություն, որտեղ յուրաքանչյուր խոսք չափված ու ձևված կլինի։

Մտավախությունս էլ ավելի ահագնացավ, երբ Փաշինյանն իր վերջին ասուլիսի ժամանակ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչման ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հարցերին հստակ ժխտական պատասխան չտվեց ու մանիպուլյացիաներով ու անհասկանալի ինչ որ ձևակերպումներով շեղեց հարցը։

Ավելին, Փաշինյանն այն կապեց պատերազմի հետ՝ նշելով, որ «եթե մենք Ղարաբաղը հանձնող լինեինք, պատերազմ չէր լինի», ու հավելեց, որ պատերազմի առաջին օրն ասել է, որ կարող ենք կանգնեցնել պատերազմը՝ պայմանով, որ Ղարաբաղը ինչ-որ ինքնավար մարզի կարգավիճակով կլինի Ադրբեջանի կազմում։ Սա ոչ այլ ինչ է, քան հստակ մեսիջ միջազգային հանրությանը, որ պատերազմով Ադրբեջանը վերցրել է ամբողջ Արցախը, ու համաձայնում Ալիևի այն մտքերի հետ, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հարցն արդեն լուծել է պատերազմով, և այն, ինչ հետագայում կլինի, պարզապես պատերազմի արդյունքների արձանագրում կլինի, որը տարածվում է նաև Արցախի մնացած տարածքների վրա։ Սա նաև օվերտոնի պատուհան է մեր հանրության համար, այսինքն` հանրային քննարկման ու դիսկուսի առարկա է դարձվում ամբողջ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու հնարավորությունը, այսպես ասած` Ադրբեջանի կազմում ինքնավարությունը։

Այդ մարդն անընդհատ ասում է, որ Հայաստանի սահմանների սահմանազատումը Ղարաբաղի հարցի հետ որևէ կապ չունի ու չպետք է վախենալ դեմարկացիայից ու դելիմիտացիայից, որ իբր դրանք տարբեր հարցեր են, բայց, միևնույն ժամանակ, ինքն ու իր կառավարությունը միտումնավոր թաքցնում են հանրությունից, թե ինչ է ընդհանրապես սահմանազատումը ու ինչ վտանգներ է պարունակում այն մեր կենսական շահերի համար, ինչի արդյունքում մեր հանրությունն այդպես էլ չհասկացավ, թե ինչ է սահմանազատումը և, ընդհանրապես, ինչ է պետական սահմանը։ Ու բոլորը, անխտիր բոլորը՝ ընդ որում տարբեր ճամբարներից, շեղում են հասարակությանը իրական վտանգներից՝ առաջին պլան բերելով կեղծ օրակարգեր։

Այժմ կետ առ կետ ներկայացնեմ ձեզ ողջ խնդիրը, թե ինչ է իրականում պատրաստվում անել Նիկոլը ու ինչ վտանգների առաջ ենք մենք կանգնելու։

1. ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ երկրի մակերևույթին ուղղահայաց անցնող այն գծերն են, որոնք որոշում են պետության տարածքի սահմանները, որից ներս տարածվում է տվյալ պետության իրավազորության, այսինքն՝ պետական ​​ինքնիշխանության գործողության տարածական սահմանները։

2.ՊԵՏԱԿԱՆ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ կամ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ միջազգային իրավունքում հակիրճ ձևակերպվում է հետևյալ կերպ. դա ԳԵՐԱԳՈՒՅՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ է երկրում, այսինքն` ՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ներքին գործերում և ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ արտաքին գործերում։

3. Ինչ է նշանակում ԳԵՐԱԳՈՒՅՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ հասկացությունը։ Այն ունի չորս հիմնական հատկանիշներ՝ միասնականություն (կամ անբաժանելիություն), անսահմանափակություն, լիարժեքություն ու մշտականություն և անընդհատություն։ Այս չորսից անդրադառնանք եկուսին՝  ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆՆ ու ԼԻԱՐԺԵՔՈՒԹՅԱՆԸ, մյուսներն ինքնին հասկանալի են։

4.ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ բնութագրվում է հետևյալ կերպ. պետական իշխանությունն իր էությամբ միշտ միակն է և այն չի կարող թույլ տալ այլ իշխանության գոյությունը իր տարածքում գտնվող անձանց նկատմամբ։ ԼԻԱՐԺԵՔՈՒԹՅՈՒՆԸ` դա նշանակում է, որ տվյալ պետության սահմաններից ներս չի կարող լինել այլ իշխանություն, որը չի ենթարկվում գերագույն իշխանությանը։

5.ԴԵԼԻՄԻՏԱՑԻԱՅԻ ու ԴԵՄԱՐԿԱՑԻԱՅԻ մասին.

Որպես կանոն, պետական ​​սահմանը հաստատվում է հարևան պետությունների միջև պայմանագրերի հիման վրա՝ միջազգային իրավանորմերի համաձայն։

ԴԵԼԻՄԻՏԱՑԻԱՆ կամ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՈՒՄԸ սովորաբար հանդիսանում է խաղաղության պայմանագրերի կամ պետական ​​սահմանների հաստատման, փոփոխման վերաբերյալ հատուկ պայմանագրերի բաղկացուցիչ մասը:

Սահմանազատման ընթացքում պայմանագրի կողմերը, որպես կանոն, քարտեզի վրա՝ առանց երկրի մակերևույթի վրա աշխատանքներ կատարելու, կազմում են սահմանային գծի անցկացման նկարագրությունը։ Վերոնշված քարտեզը պայմանագրում կարող է լինել առանձին հոդվածի կամ հավելվածի տեսքով։ Սահմանները գծվում են աշխարհագրական քարտեզի վրա, որը հանդիսանում է պայմանագրի բաղկացուցիչ մասը։ Իսկ ԴԵՄԱՐԿԱՑԻԱՆ արդեն դելիմիտացիայի պայմանագրում նշված աշխատանքների իրականացումն է տեղում՝ երկրի մակերևույթի վրա։

Վերը նշվածից կարող ենք եզրակացնել, որ հնչած պնդումները, որ որևէ պայմանագիր չի ստորագրվել ու պարզապես դելիմիտացիա սկսելու մասին պայմանավորվածություններ են եղել, պարզապես իրական է, քանի որ հասկանալի է, որ առանց պայմանագրի հնարավոր չէ սկսել դելիմիտացիա։ Ընդ որում, այդ պայմանագիրը կարող է լինել Ալիևի կողմից բազմիցս նշված խաղաղության պայմանագիրը, քանի որ դելիմիտացիայի պայմանագիրը հաճախ խաղաղության պայմանագրի մաս է կազմում, նամանավանդ` հակամարտող կողմերի դեպքում։

Դելիմիտացիան ու դեմարկացիան սովորական գործողություն չէ, կամ պարզապես սահմանների գծագրում չէ, ինչպես փորձում են մեզ հրամցնել ու համոզել, այլև՝ իրավական մեխանիզմներ, որն ուղղակի կերպով փոխկապակցված է Արցախի հարցի, Արցախի պետականության, Արցախի ժողովրդի կյանքի իրավունքի, անվտանգության, ապագայի հետ։ Սահմանների մասին ստորագրված կամ ստորագրվելիք ցանկացած փաստաթուղթ, որտեղ կբացակայի և հատուկ չի շեշտադրվի արցախահայության արդեն իսկ իրագործված ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու պաշտպանությունը, ինքնին ուղղակի կերպով կնշանակի Արցախի լրիվությամբ հանձնում Ադրբեջանի իրավազորությանը (տեսեք վերը շարադրված 4 կետերը)։

Այստեղ ցանկանում եմ ուշադրություն հրավիրել նաև ՀՀ ԱԳՆ նախկին նախարար Արա Այվազյանի հայտնի հայտարարությանը «հայ ժողովրդի շահերին հակասող» գործողությունների վերաբերյալ։ Եթե նկատել եք, Այվազյանի ԱԳՆ-ն այն ժամանակ շեշտում էր, որ սահմանազատումը պետք է կատարվի Արցախի հարցի համատեքստում, իսկ Փաշինյանը նշում էր, որ Արցախի հարցը կապված չէ սահմանազատման հետ և խոսում է միայն «Հայաստանի Հանրապետության շահերին համապատասխանող» պայմանագրից։

Սահմանների մասին փաստաթղթի ստորագրումը կհանդիսանա նաև Արցախի պետականության ոչնչացնում, քանի որ Հայաստանը ճանաչելով Ադրբեջանի սահմանները, իսկ դելիմիտացիան ու դեմարկացիան ոչ այլ ինչ են, քան միմյանց սահմանների ճանաչում, ուստի այն կնշանակի նաև տվյալ սահմաններից ներս գտնվող տարածքում Ադրբեջանի ինքնիշխանության և իրավազորության ճանաչում (տես՝ կետ 1,2), իսկ պետական ինքնիշխանությունը չի կարող թույլ տալ իր տարածքում այլ իշխանության գոյությունը (տես՝ կետ 4), ուստի սահմանների վերաբերյալ փաստաթղթի ստորագրումը՝ առանց արցախահայության ինքնորոշման իրավունքի մասին նշելու, իրավական տեսանկյունից կնշանակի Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության պետականության փաստացի ոչնչացում և այդ տարածքների հանձնում Ադրբեջանի իրավազորությանը։

Այնուհետև.

Ադրբեջանը անարգել մուտք կգործի Ստեփանակերտ և Արցախի մյուս տարածքներ, քանի որ ՀՀ֊-ն պաշտոնապես ճանաչելով Ադրբեջանի սահմանները` փաստացի ճանաչելու է նաև Ադրբեջանի իրավազորությունն ամբողջ Արցախի վրա (վերևում նշել էի ինչպես)։

Արցախի 150.000 բնակչությունը կհայտնվի ադրբեջանական սուլթանի քմահաճույքների ներքո. լավագույն դեպքում` կտեղահանվեն, իսկ վատագույնը` չեմ ուզում նույնիսկ մտածել։

Այս ամենին հավելենք նաև այն, որ նույն Նիկոլն ասում է, թե ինչ կապ ունի Արցախի հարցը ՀՀ սահմանների հետ, ԵԱՀԿ Մինսկի խումբն է զբաղվում Արցախի հարցի քաղաքական կարգավորմամբ՝ փաստացի հրաժարվելով ՀՀ-ի կողմից արցախահայությանը որևէ երաշխիք տալուց, Արցախի հարցի քննարկումից Հայաստանին դուրս թողնելով և միաժամանակ գիտակցելով, որ այս ամենից հետո այլևս անհրաժեշտ չի լինի որևէ քաղաքական լուծում, այսինքն` դա հենց այդ լուծումն է Ադրբեջանի օգտին։

Հարկ է նշել նաև, որ դրանով նաև խաղաղապահների ներկայության հարցում որոշակի ռիսկեր կառաջանան, քանի որ նման պայմանագրի ստորագրումով և, փաստացի, Ադրբեջանի օգտին քաղաքական լուծում տալով Արցախի հարցին, ռուսների ներկայությունը Արցախում Ադրբեջանը կամ կհամարի ոչ անհրաժեշտ, կամ ռուսները պետք է արդեն Ալիևի հետ միայն գործ ունենան, և խաղաղապահների հարցը կլուծվի միայն Պուտին-Ալիև համագործակցությամբ՝ դուրս թողնելով հայկական կողմին այդ գործընթացներից։

Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԵԼ։

Պետք է ամեն գնով չթույլատրել Փաշինյանին, որպեսզի ստորագրի սահմանազատման մասին որևէ փաստաթուղթ՝ առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման ներառման։

Հաշվի առնելով այս ամենը, Արցախի Հանրապետության նախագահը պետք է կատարի պետության անվտանգության, ինքնիշխանության, պետականության, տարածքային ամբողջականության պաշտպանության իր սահմանադրական պարտականությունները և առնվազն ՀՀ գործող իշխանություններից պահանջի սահմանազատման վերաբերյալ փաստաթղթի հանրայնացում և այդ փաստաթղթում առկա վտանգների բացատրություն, քանի որ, հակառակ դեպքում` այն ստորագրելու պարագայում, կնշանակի «հարյուր տոկոսով Արցախի պետականության ոչնչացում»։

Ամբողջ գիտակից հայ հանրությունը պետք է պահանջ դնի, որպեսզի սահմանազատման վերաբերյալ ստորագրվելիք ցանկացած փաստաթուղթ հանրայնացվի։

Ստորագրվելու դեպքում պետք է պահանջվի, որպեսզի այն հաստատվի ԱԺ–ով ու հանրությունը պետք է ոտքի կանգնի ու բոլոր պատգամավորներից պահանջի, որպեսզի դեմ քվեարկեն հակահայկական ցանկացած պայմանագրի ու ցանկացած սահմանազատման վերաբերյալ փաստաթղթի, որտեղ կբացակայի Արցախի ու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման մասին հիշատակումը»։

Վահե Հարությունյան

1