Սկսված է ընդհանուր հայկական պետականության կազմաքանդման գործընթաց․ Լեռնիկ Հովհաննիսյան
Զարմանալի չէ, մարդը եթե մեկ անգամ ստորագրել է, ապա երկրորդն էլ կստորագրի, երրորդն էլ, որովհետև այս իշխանությունները երկիրը հասցրել են մի այնպիսի վիճակի, որ, կարծում եմ, իրենցից ամեն ինչ սպասելի է՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ, Արցախի պետական համալսարանի դասախոս Լեռնիկ Հովհաննիսյանը՝ խոսելով առաջիկա նոյեմբերի 9-ին ստորագրվելիք երկու հակահայկական փաստաթղթերի մասին հրապարակումների մասին։
«Որովհետև սկսված է ընդհանուր հայկական պետականության կազմաքանդման գործընթաց, և մեր աչքի առաջ պարզապես, սկսած պետական կառավարման համակարգից՝ պաշտպանունակություն, անվտանգության համակարգ և այլն, բոլորը մեր աչքի առջև փլուզվում են։ Եվ, բնականաբար, այդ իրավիճակներում, երբ արդեն հարցականի տակ է դրված քո սուբյեկտայնության խնդիրը, ապա կարող են ամեն ինչ էլ ստիպել, որ ստորագրես։ Եվ, անկեղծ ասած, իրենց քայլերը երբևէ վստահություն չեն ներշնչել, առավել ևս հիմա չեն ներշնչում, որովհետև իրենք ինչքան էլ ասեն, թե այդպիսի բան չկա, բայց վերջում ստացվում է, որ լավ էլ կա»,-ասաց Լեռնիկ Հովհաննիսյանը։
2018 թ-ի հունիսին դեռ նա կանխատեսում էր, որ հեղափոխական էյֆորիան շատ կարճ ժամանակաշրջանում վերածվելու է ատելության և որ այդ ամեն ինչի գինը լինելու է Արցախը։
«Ցավոք սրտի, այդպես էլ եղավ, և հիմա ես կարծիքս չեմ փոխել, որովհետև այսօր կատարվող քայլերը ընդհանրապես վերաբերում են Արևելյան Հայաստանին, Արցախի Հանրապետությանը, վտանգված է արևելահայությունը»,-նշեց պատմաբանը։
Այս գործընթացը, նրա համոզմամբ, չի կանգնելու․ եթե ՀՀ իշխանությունները թուրք-ադրբեջանական տանդեմի հետ գնան վերը նշված գործարքներին, ապա թուրքերը չեն կանգնելու, ցանկանալու են Սևանա լճի ափը, Գեղարքունքը ամբողջությամբ, և արդեն կամաց-կամաց հասնելու են իրենց ցանկացածին։
Սա ծրագիր է, որն իրականցնում է, նշեց նա՝ հիշեցնելով, որ պատերազմից հետո ադրբեջանցիները քարտեզներ սկսեցին տպագրել, որոնցում Վայոց Ձորը, Սյունիքը, Սևանա լճի արևելյան ափերը լիովին հանձնված են Ադրբեջանին։
Ինչո՞ւ են մեր իշխանություններն իրենց գործողություններով սատարում այս ծրագրին, Լեռնիկ Հովհաննիսյանը դժվարացավ ասել, միայն փաստեց, որ այս իշխանությունների կատարած քայլերը մեկ-մեկ այնքան անկանխատեսելի են, որ որևէ օրինաչափության մեջ չեն տեղավորվում, դրա համար ինքը չգիտի, թե վաղը նրանք ինչ են ցանկանալու։
Ռուսական խողովակներով խոսվում է 2024 թ-ին Ռուսաստան-Բելառուս-Հայաստան նոր դաշնային միավորման ստեղծման մասին, Արցախը, այդ պարագայում, լիովին կմնա ռուս խաղաղապահների հսկողության տակ․ Լեռնիկ Հովհաննիսյանն ասում է՝ միութենական պայմանագրի հետ կապված խոսակցություն կա, բայց ինքը չգիտի՝ ինչքանով է դա իրական, եթե նրանք այդ պահանջները դնեն, մերոնք կատարելու են, և, բնականաբար, այդ ամենը վերջում կբերի Հայաստանի պետականության և անկախության կորստի։
«Ամեն ինչ տանում է դրան, մենք կորցրել ենք մեր սուբյեկտայնությունը, մեր տեղն ուրիշներն են որոշում»,-արձանագրեց Լեռնիկ Հովհաննիսյանը։
Արցախի կարգավիճակի հարցը քննարկվելու հնարավորության մասին նշեց, որ դա կախված է նրանից, թե ինչ են բանակցում այս պահին։
«Խնդիրը սրա մեջ է․ եթե բանակցդում են Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու մասին, ապա դրանով վերջին տապանաքարն են գցում Արցախի վրա։ Արցախն այսօր ունի երկու շատ կարևոր խնդիր՝ անվտանգությունը և կարգավիճակը․ եթե այս երկու բաղադրիչները չլուծվեն, սոցիալական, հումանիտար խնդիրներ լուծելն անեսթեզիա է ընդամենը։ Մեր ժողովուդն, այո, դրա կարիքը շատ ունի, բայց ամենակարևորը անվտանգությունն ու կարգավիճակն են, եթե այս երկու խնդիրը չկա, չի լուծվում, մնացածը արդեն ուրիշ ոլորտից է»,-ասաց Լեռնիկ Հովհաննիսյանը։
Վերջին դեպքերն էլ ցույց տվեցին, որ եթե չունես ուժեղ բանակ, ապա խոցելի ես անվտանգային առումով՝ ասաց նա։ Ճիշտ է, ասում ենք, որ ռուս խաղաղապահները զսպիչ գործոն են և իրոք դրանում ճշմարտություն կա, բայց ռուս խաղաղապահները լիովին չեն կարող ապահովել Արցախի անվտանգությունը։
«Այո, ռուսները զսպիչ գործոն են, բայց ոչ լիովիհն, որովհետև Մարտակերտի այդ քաղաքացուն երբ ռուս զինվորի կողքին սպանում են, այստեղ արդեն հարցեր են առաջանում, դրանով հարվածում են նաև Ռուսաստանի խաղաղաահ առաքելությանը։ Եթե դու ուժեղ չես, քո անվտանգության հարցերը չես լուծում, ապա խնդիրներ են առաջանում։ Նաև Նորշենի դեպքը, երբ ադրբեջանցիները ցինիկ գործողություններ իրականացրին մեր դիրքապահների դեմ, սրանք արդեն մտահոգիչ գործոններ են, որ մեր իշխանությունները պետք է մտածեն, բայց, ցավոք սրտի, ես տեսնում եմ, որ Արցախը իրենց համար գոյություն ունի միայն բնակարանաշինության և սոցիալական խնդիրների լուծման համար, Արցախն էլ ուրիշ խնդիր չունի»,-ասաց Լեռնիկ Հովհաննիսյանը։
Պետք է կարողանալ ճիշտ աշխատել, նշեց նա, ինքն այդ ճիշտ աշխատանքը չի տեսնում հայկական իշխանությունների կողմից։
«2018-ից սկսած ամեն ինչ արել են, որ Արցախի սուբյեկտայնությունը զրոյանա և, կարծես թե, իրենց նպատակին հասել են, որն էլի հարված էր մեր ընդհանուր աշխարհաքաղաքական զարգացումներին․ եթե նախկինում ունեինք երկու պետություն և կարողանում էինք տարբեր քաղաքական հարցեր լուծել, ապա այսօր ոչ միայն Արցախը, այլև ՀՀ-ն սուբյեկտայնության խնդիր ունի»,-ասաց նա։
Լեռնիկ Հովհաննիսյանը համոզված է, որ ինչքան շուտ ազատվենք ՀՀ այսօրվա իշխանություններից, գոնե կկարողանանք կանգնեցնել այն գործընթացները, որոնք հետագայում կարող են մեզ համար շատ լուրջ խնդիրներ առաջացնել։
Աննա Բալյան
yerkir.am