Սկաուտությունը մեր ապրած կյանքի փոքրիկ աշխարհն է. Վրեժ Ասմարյան
Արցախի նորակերտ պատմության նվիրական էջերից մեկը Ստեփանակերտում բացված Հայ մարմնակրթական ընդհանուր միությունն է:
‹‹Ապառաժ››-ը ՀՄԸՄ Արցախի մեկուսի մասնաճյուղի գործունեության եւ ծրագրերի մասին զրուցել է մասնաճյուղի ատենապետ Վրեժ Ասմարյանի հետ:
Վրեժ Ասմարյանը ներկայացրել է, որ ՀՄԸՄ-ն ունի 111 մասնաճյուղ աշխարհի 4 կողմերում գտնվող 25 երկրներում: Արցախի մասնաճյուղը Համաշխարհային սկաուտության եւ մեր սկաուտության կառույց է, որի վարչությունն ունի 7 անդամ եւ 40 սկաուտ:
Ատենապետի խոսքով՝ ՀՄԸՄ-ի Կենտրոնական վարչությունից խմբապետներ են գործուղվում Արցախ, ովքեր մարզում եւ գիտելիքներ են հաղորդում մեր սկաուտներին: Նա ասել է, որ շատ անելիքներ ունեն ՀՄԸՄ-ի բնագավառում: Ըստ նրա՝ հեռանկարային աշխատանքները շատ մեծ են, իսկ դրանցից սպասվող ակնկալիքներն՝ ավելի մեծ:
‹‹Մենք Արցախում պրոֆեսիոնալ ակումբ չենք, բայց կարեւորում ենք մեր երիտասարդների՝ տարբեր մարզաձեւերի, փողային երաժշտության, շքերթներ կազմակերպելու պատրաստությունը, արժեւորում հայոց մշակույթը՝ նրանց դարձնելով հոգով եւ մարմնով բարձր սկաուտներ››, — ասել է նա:
Ատենապետը նշել է, որ Արցախի երիտասարդների համախմբումը ՀՄԸՄ-ի սկաուտական շարքերում հայոց աշխարհի Արցախ շրջանում բոլորի մեծ երազանքի իրականացումն է, որի համար ջանք եւ ուժ չեն խնայում նորակազմ վարչության անդամները:
Վրեժ Ասմարյանի խոսքով՝ մասնաճյուղի գրասենյակի համար տարածք են հատկացրել եւ արդեն ունեն նոր կառույցի նախագիծ: Ըստ նրա՝ աշխատանքներ են տարվում հասարակական կազմակերպությունը օրինական դարձնելու ուղղությամբ:
ՀՄԸՄ-ի գրասենյակի համար նախատեսված եռահարկ շենքի 3-րդ հարկը նախատեսել են հյուրերին հյուրընկալեու նպատակով մոթելի համար: Գրասենյակի տարածքում կլինեն ֆուտբոլի եւ բասկետբոլի դաշտեր:
Հոմենեթմենի ատենապետը կիսվել է վերջերս Երեւանում տեղի ունեցած 12-րդ Համագումարի տպավորություններով: Նրա խոսքով՝ որոշվել է ՀՄԸՄ-ի գալիք քառամյա ծրագիրն իրագործել Արցախում՝ Արցախի մասնաճյուղը զարգացնելու եւ հարատեւելու նպատակով:
‹‹Ուրախությունից հուզվել եւ անթաքույց հպարտություն ենք ապրել բոլորս, երբ հոտնկայս ծափողջույններով Արցախի մասնաճյուղի ատենապետին հանդիսավոր հրավիրեցին: Շատ ջերմ են ընդունել մեզ››,- հավելել է նա:
Վրեժ Ասմարյանը նշել է, որ համընդհանուր ժողով լինելու հանգամանքը չի խանգարել յուրաքանչյուրին իր ելույթում անդրադառնալ ՀՄԸՄ-ի՝ Արցախում գործունեություն ծավալելու եւ զորացնելու խնդիրներին:
‹‹Երբ Արցախի երիտասարդությունը գիտակցի, թե ինչ ասել է սկաուտություն, կսովորի սիրել եւ կցանկանա կապվել սկաուտությանը: Արցախի ազատագրական պայքարի ժամանակ ողջ հայությունը թեւ-թիկունք է կանգնել Արցախին, այսօր էլ ՀՄԸՄ-ի ողջ ընտանիքը Սփյուռքում, Մայր Հայաստանում միավորվել է Արցախին՝ մասնաճյուղը զարգացնելու պատրաստակամությամբ, որը հարատեւելու հեռանկարներ ունի››,-հավելել է նա:
‹‹Սկաուտությունը մեր ապրած կյանքի փոքրիկ աշխարհն է՝ ավելի փափուկ եւ մեղմ»,- հավելել է նա:
Հասմիկ Հակոբյան