Սիմոն Վրացյանը գալիս էր, նստում մեզ հետ կիրակի առավոտները․ Գասպար Կարապետյանի՝ «քաղաքացիական կրթության» ուսուցիչը
Գլխավոր » Լրահոս » Սիմոն Վրացյանը գալիս էր, նստում մեզ հետ կիրակի առավոտները․ Գասպար Կարապետյանի՝ «քաղաքացիական կրթության» ուսուցիչը

Սիմոն Վրացյանը գալիս էր, նստում մեզ հետ կիրակի առավոտները․ Գասպար Կարապետյանի՝ «քաղաքացիական կրթության» ուսուցիչը

Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր և վարչապետ Սիմոն Վրացյանը դասավանդել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանին  Բեյրութի Նշան Փալանճյանի անվան ճեմարանում։

Գասպար Կարապետյանը Yerkir.am-ին պատմեց, որ ազգային-պետական մեծ գործիչն իրեն դասավանդել է «քաղաքացիական կրթություն» առարկան։

«Անշուշտ այն ժամանակ ես աշակերտ էի՝ ճեմարանի երկրորդական վարժարանում, բայց Սիմոն Վրացյանը պետք է ասել, որ շատ համեստ անձ էր, գալիս, նստում էր մեզ հետ կիրակի առավոտները, երբ դպրոց չկար, նստում էր, հետներս զրուցում։ Մեզ Սիմոն Վրացյանը դասավանդում էր «քաղաքացիական կրթություն», և նրանից մենք սովորեցինք՝ ինչպես պետք է ճիշտ քաղաքացիներ դառնանք, և տակավին ես կարող եմ ասել, որ եթե ճիշտ հույն քաղաքացի եմ և նույնությամբ նաև հայ քաղաքացի, պարտական եմ Սիմոն Վրացյանի խրատներին»,-ասաց Գասպար Կարապետյանը։

Նա համարում է, որ Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն» և «Կյանքի ուղիներով» գրքերը մեծ կտակ են մեզ համար քաղաքական մտածողության և այն մասին, թե ինչպես կարելի է անգո հանրապետությունից, որտեղ միայն սոված մարդիկ էին, նույնիսկ Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանը գիտենք ինչ պայմաներում կյանքը կորցրեց, ընդամենը 1 տարի անց Հայաստանը դարձնել ցորենով ինքնաբավ երկիր, որը կարողացավ ցորենն արտահանել Իտալիա և զինամթերք բերել, որով կարողացավ սահմանները պաշտպանել։

Այդ տարիներին, ասաց նա, երբ կրթություն չկար, Նիկոլ Աղբալյանը հաջողել է ոչ միայն դպրոցներ, այլ նաև համալսարան հիմնել․ պետությունը կազմավորվել է, և շատ անգամ են ասել, որ Խորհրդային Հայաստան ունենալու համար պարտական ենք այդ կառավարությանը։

«Ինչ գրքերի մեջ գրել է՝ այդ մասին էր խոսում մեզ հետ, և քանի որ առավել պատանի էինք՝ մեզ վրա մեծ տպավորություն էր թողնում»,-վերհիշեց Գասպար Կարապետյանը։

Նա պատմեց նաև իր գործունեության վրա մեծ հետք թողած հասարակական-քաղաքական գործիչ, ՀՅԴ Բյուրոյի ավելի քան 20 տարվա ներկայացուցիչ Հրայր Մարուխյանի մասին, որին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը արտաքսել էր Հայաստանից և նա շատ ծանր էր տանում այդ հանգամանքը։

Աննա Բալյան

1