Շուշիում մեր հաղթանակն այսօր ըստ արժանվույն չի գնահատվում
Գլխավոր » Լրահոս » Շուշիում մեր հաղթանակն այսօր ըստ արժանվույն չի գնահատվում

Շուշիում մեր հաղթանակն այսօր ըստ արժանվույն չի գնահատվում

Շուշիի ազատագրումը Արցախի և Հայաստանի ֆիզիկական միավորման տանող ճանապարհի բանալին էր: Այս մասին «Հայացք Երևանից. Երկրագունդ» հաղորդման շրջանակներում ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

«Շուշին Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի շարունակությունն էր, և մի պահ եթե պատկերացնենք, որ չլիներ Շուշիի ազատագրումը, մենք այսօր այստեղ այս վիճակում չէինք լինի: Լավ իմաստով՝ այս վիճակում: Առանց Շուշիի ազատագրման Ստեփանակերտի ժողովուրդն արդեն ծնկի գալու ընթացքի մեջ էր»,- ասել է նա:

Ըստ Մանոյանի, հայ ժողովրդի հոգեվիճակի մեջ փոփոխությունը տեղի էր ունեցել արդեն նախքան հաղթանակը, նման քայլի գնալու վճառական որոշում կայացնելու պահին:

«Այդ հաղթանակը բերեց մեզ մոտ մի ինքնագիտակցություն, որ մենք ոչ միայն զոհ ենք եղել, այլ նաև փայլուն հաղթանակներ կարող ենք արձանագրել: Կարելի է ասել, որ Շուշին այդ բոլորի բանալին էր»,- ասել է նա:

Կիրո Մանոյանը նշել է, որ այսօր այս հաղթանակն ըստ արժանվույն չի գնահատվում: «Կարծում եմ` ովքեր չեն ծառայել հայկական բանակում և այսօր քաղաքական պաշտոններ են զբաղեցնում, հավանաբար, ճիշտ չեն գնահատում այն, ինչ տեղի ունեցավ և այն, ինչ կարող է տեղի ունենալ»,- ասել է նա:

Անդրադառնալով Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացին, նա խոսել է Հայաստանի իշխանությունների հայտարարած դիրքորոշման մասին: Ըստ նրա՝ գլխավոր կետը, որ բացակայում է այս իշխանությունների արցախյան քաղաքականության գծում, Արցախի անկախության ճանաչումն է և պայքարը միջազգային ճանաչման համար: Առաջին քայլն այս ուղղությամբ, ըստ նրա, կարող է լինել Հայաստանի և Արցախի միջև ռազմաքաղաքական դաշինքի կնքումը, որը դե-յուրե կամրագրի դե-ֆակտո առկա իրավիճակը:

Մանոյանն ընդգծել է, որ հաղթանակի գնահատման և երիտասարդների մոտ արժեքների ձևավորման տեսանկյունից կարևոր են նաև մայիսի 9-ի տոնակատարությունները և կորոնավիրուսի համավարակի պայմաններում Եռաբլուր այցելությունների բացարձակ արգելումը սխալ որոշում է: «Մայիսի 9-ի միջոցառումները հեռուստացույցով անելը չի կարող փոխարինել զոհվածների շիրիմներին գնալուն ու հարգանքի տուրք մատուցելուն, որդի կորցրած ծնողներին ու հարազատներին տեսնելուն: Այս բոլորն այդ մթնոլորտը ստեղծելու խնդիր է, որը չկա այս իշխանության մոտ»,- նշել է նա:

arfd.am

1