Շուշին հանձնվել է դավաճանությամբ, այո՛, տեղի է ունեցել ազգային դավաճանություն
Գլխավոր » Լրահոս » Շուշին հանձնվել է դավաճանությամբ, այո՛, տեղի է ունեցել ազգային դավաճանություն

Շուշին հանձնվել է դավաճանությամբ, այո՛, տեղի է ունեցել ազգային դավաճանություն

1991թ. մարտին ինձ նշանակել էին ՀՅԴ Ստեփանակերտի «Արամ Մանուկյան» ենթակոմիտեի նախագահ: Արցախում ԽՍՀՄ զինված ուժերի բանակային ստորաբաժանումները, ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության ներքին զորքերի ստորաբաժանումները և Խորհրդային Ադրբեջանի նորաստեղծ Միլիցիայի հատուկ նշանակության ուժերը (ՕՄՈՆ) 1991 թվականի ապրիլին սկսել են իրականացնել  «Օղակ» ռազմագործողությունը:

Ստեփանակերտի ենթակոմիտեի ապրիլյան  նիստում իմ առաջարկությամբ ենթակոմիտեի մարտական գործերի պատասխանատու Ֆելիքս Գաբրիելյանին հանձնարարվում է հաջորդ նիստին ներկայացնել Ստեփանակերտի ինքնապաշտպանության կազմակերպման ծրագիրը: Հաջորդ նիստին ենթակոմիտեի մարտական գործերի պատասխանատուն ներկայացրել  է ծրագիրը:

Նա առաջարկել է Ստեփանակերտը բաժանել 6 պաշտպանական գոտիների, նշանակել պատասխանատու-հրամանատարներ եւ գործել խիստ բանակային ռեժիմով: Բնականաբար, հաշվարկները կատարելիս հիմք է ընդունվել Ստեփանակերտի ենթակոմիտեի 17 խմբերը եւ նրանց տեղաբաշխվածությունը:  Նա գտնում էր, որ անպայմանորեն պետք է համագործակցել Ստեփանակերտում գործող մարտական այլ խմբավորումների հետ, որոնց ղեկավարների հետ ունի նորմալ հարաբերություններ: Հակառակ դեպքում կարող են առաջանալ տարաձայնություններ եւ վնասել ինքնապաշտպանությանը:

1991թ. հոկտեմբերին Ֆ. Գաբրիելյանը նշանակվում է Ստեփանակերտ քաղաքի պարետի տեղակալ: Նրա ցուցումով  ԼՂՀ ԻՈւ  Շտաբի պետ Արկադի Տեր-Թադեւոսյանի  հրամանով,  նոյեմբերի 1-ին ինձ  նշանակում են Ստեփանակերտի ինքնապաշտպանության

6-րդ գոտու հրամանատար: Տարածքն ընդգրկում էր Ստեփանակերտի 9-րդ դպրոցից մինչեւ Կոնդենսատորների գործարանը եւ հարակից շենքերը: Տարածքը Ստեփանակերտի 6 գոտիներից ամենավտանգավորն էր, քանի որ հարեւանությամբ գտնվում էին ադրբեջանական ՕՄՕՆ-ի ջոկատայիններով եւ զինվորականներով տեղակայված գյուղեր:  Թշնամին Ստեփանակերտի եւ Ջամիլու գյուղի միջեւ ընկած 989-րդ բարձունքին տեղադրել էր հենակետ, որով հսկում էր 6-րդ գոտու տարածքի կեսը:

1991թ. դեկտեմբերի 15-ին վաղ առավոտյան սկսվել է Ջամիլու գյուղի ազատագրումը, որին մասնակցել են Արցախի ԻՈՒ առաջին վաշտի, Խնածախ եւ Բալուջա գյուղի ջոկատների ազատամարտիկները: Նույն օրը ազատագրվել է Ջամիլու գյուղը, բայց վտանգը չէր վերջացել, քանի որ Քյոսալար եւ Ջանհասան գյուղերից ռմբահարում էին Ստեփանակերտը:

1992թ. մարտին պլանավորված էր ազատագրել Շուշին, բայց տարբեր պատճառներով այն հետաձվել է: Շուշիում տեղակայված էր թշնամու 2500 հոգանոց զորամիավորումը: Ռազմագիտության համաձայն հարձակվող կողմը պետք է ունենա առնվազն չորս անգամ ավելի զինվորներ, որը Արցախը այդ ժամանակ չէր կարող կենտրոնացնել:

1992թ. մայիսին սկզբներին վերջնականապես որոշվում է ազատագրել Շուշին ԼՂ ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանի գլխավորությամբ մշակված «Հարսանիք լեռներում» ռազմագործողության համաձայն:

Ես մայիսի 6-ին հանդիպել եմ ԼՂ ԻՊ առաջին վաշտի հրամանատար Աշոտ Ղուլյանին, խնդրել, որ թույլ տա վաշտի ազատամարտիկների հետ մասնակցեմ Շուշիի ազատագրմանը: Նա կտրականապես մերժել է, ասելով, որ ես 6-րդ գոտու հրամանատարն եմ պետք է պարտականությունը կատարեմ:  Ես փորձել եմ դիմել Շուշիի ազատագրման 4 ուղղություններից մեկի հրամանատար Արկադի Կարապետյանին, բայց ապարդյուն: Արկադի Տեր-Թադեւոսյանը տեղեկացված լինելով իմ ցանկության մասին զանգահարել է եւ խստորեն զգուշացրել, որ ինձ հանձնարարված դիրքը թողելու դեպքում «ռազմական տրիբունալի տակ եմ ընկնելու»:

2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ ես եղել եմ Ստեփանակերտի աշխարհազորի շտաբի պետը: Լինելով Սարուշեն գյուղում ականատես եմ եղել, թե ինչպես են թշնամու զինվորները  եւ զինտեխնիկան նոյեմբերի սկզբներին գիշերը անարգել տեղաշարժվում Շուշիի ուղղությամբ:

Որտե՞ղ էր մեր հրետանին, որտե՞ղ էր համապատասխան գոտու հրամանատարությունը: Մի՞թե հնարավոր չէր այդ ճանապարհը ժամանակին ականապատել: Պարզ է, որ հերթական անգամ կատարվել է դավաճանություն:

Ցավալին այն է, որ մինչեւ հիմա այդպես էլ հայտնի չէ, թե ով է եղել Շուշիի պաշտպանության հրամանատարը:  Շուշին հանձնվել է դավաճանությամբ:

Մեր արտաքին թշնամիները ժամանակին ասել են. «Ով տիրանա Շուշին, տիրանալու է Արցախին»:  Իսկ ի՞նչ տեղի կունենա երբ ներքին եւ արտաքին թշնամիների տեսակետները համընկնեն: Այո՜, Շուշին էլ կհանձնեն, Արցախն էլ: Այո, տեղի է ունեցել ազգային դավաճանություն: Դա այնքան ակնհայտ է, որ ապացուցելու համար մեծ ջանքեր պետք չէ գործադրել: Եւ վերջապես՝ Շուշիի հանձնման մեղքը բարդել Արցախի բանակի հրամանատար Միքայել Արզումանյանի վրա, բացարձակ հիմարություն է:    

ՀՀ -ում ստեղծվել է Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, ՔՊ–ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ։

Իմ խորին համոզմամբ այդ հանձնաժողովը չի կարող անկողմնակալ եզրակացություններ տալ, քանի որ բոլոր անդամները պարտավոր են կատարել Գերագույն գլխավոր հրամանատարի հրամանը:

Ի դեպ, եթե մենք 44-օրյա պատերազմում  հաղթեինք ամենից շատ փառաբանության ո՞վ կարժանանար, իսկ պարտության դեպքում մեղավոր են բոլորը:

Համոզված եմ նաեւ, որ Արցախ վերադարձը սարերի հետեւում չէ:

                                                                                                        Աշոտ Սարգսյան

Արցախյան շարժման ակտիվիստ

Արցախի Խորհրդարանի 1-ին եւ 2-րդ գումարումների պատգամավոր

ՇՈՒՇԻ

Մուտքիդ խաչքարեր, տապանաքարեր,

Պարիսպդ քանդված,

Ծուռումուռ ճամփադ վշտից սեւացած,

Ձգում է դեպ քեզ,

Դեպի քո սիրտը,

Որը վաղո՜ւց, վաղո՜ւց

Ոտնատակ տված մի գետնաքար է:

Դու այդպես չէիր, հինավուրց Շուշի,

Դու օջախ էիր մտքի ու գրչի,

Հայ օջախ էիր, ոչ թե ուրիշի:

Այդ դու´ ես ծնել լուսավոր դեմքեր,

Գիտնականներ ես տվել աշխարհին,

Այդ դու´ ես ծնել … եւ դավաճաններ,

Սնել շնածին Շահնազար մեծին,

Որ քեզ հանել է էժան վաճառքի:

Վաճառել է քեզ, անառիկ Շուշի,

Հանձնելով ձեռքը մի խան ապուշի,

Իսկ օտար խանը…

Ինչ պիտի աներ այդ խանն օտար,

Մնում է ողբալ…

Իսկ մենք ողբալով ինչ պիտի անենք`

Եկեք պայքարե´նք:

                                          

Ա․Սարգսյան, Մարտ, 1979 թ.   

 

1