Շուշիից Ստեփանակերտ ու Երևան․ «Վարանդա» երգչախումբը շարունակում է իր գործունեությունը
Շուշիի «Վարանդա» երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, Համազգային հայ կրթական և մշակութային միության Կենտրոնական վարչության ատենապետ Զաքար Քեշիշյանը Երևանում կազմակերպում է «Երգող Արցախ» երգչախմբային ծրագիրը, որին մասնակցում են 10-14 տարեկան արցախցի երեխաներ։
«Ապառաժ»-ի հետ զրույցում Զաքար Քեշիշյանը նշել է, որ չնայած նոր պայմաններում առաջացած բազմաթիվ խնդիրներին՝ որոշել են շարունակել գործունեությունը։
«Երեխաներն անընդհատ գրում էին, թե արդյո՞ք հնարավոր է Երևանում ծրագիրն իրագործել։ Ֆեյսբուքում հայտարարություն դրեցի, քանի որ չգիտեի՝ ով որտեղ է ապրում հիմա։ Պարզվեց, որ Երևան, Մասիս և Աբովյան քաղաքներում են հիմնականում ապրում, հետևաբար ծրագիրն իրագործելու համար այս ամառ եկա այստեղ»,- նշել է նա։
2020թ․ պատերազմից և Շուշիի անկումից հետո «Վարանդա» երգչախմբի տնօրենությունը Ստեփանակերտում «Երգող Արցախ» երաժշտական ծրագիր էր կյանքի կոչել և հաջորդող տարիներին՝ նաև նոր սաներով, իրագործել այն։
«32 տարվա ընթացքում միայն անցյալ տարի էր, որ շրջափակման պատճառով չկարողացա այցելել Արցախ»,- հիշում է նա։
Երևանում ծրագիրը ֆինանսավորում են ԱՄՆ-ում Կիլիկիայի կաթողիկոսության թեմը և մի քանի անհատներ։ Արդեն շուրջ 80 երեխաներ հավաքագրված են, և պարապմունքները սկսել են։ Փորձերը տեղի են ունենում երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերին, ժամը 15։00-16։30-ին՝ Սայաթ Նովա փողոցի 15 հասցեում գտնվող Հայաստանի երաժշտական ընկերության դահլիճում։ Մասնակցությունն անվճար է, ցանկացողները կարող են միանալ։
Ավանդաբար «Վարանդայի» պարապմունքները եզրափակվում են համերգային ծրագրով, այս տարին էլ բացառություն չի լինի։
Նախատեսում են օգոստոսի վերջերին և սեպտեմբերի առաջին կեսերին մի շարք ելույթներ ունենալ Երևանում և մոտակա քաղաքներում։
Խոսելով խնդիրների մասին՝ Զաքար Քեշիշյանը նշել է, որ այստեղ դեռ չկան գործունեության համար այն պայմանները, որոնք Արցախում կային. «Բայց, փոխարենն ունենք կամք, նվիրում, հավատ և արցախցի հրաշալի երեխաներ, որոնք կիրագործեն այդ ծրագիրը։ Ծրագիրն ընդգրկում է նաև երեխաների մշակութային կազմավորմանը նպաստող այցելություններ՝ համերգներ, թանգարաններ և թատրոններ»,- ավելացրել է նա։
Համազգայինի Կենտրոնական վարչության ատենապետը նաև խոսել է Երևանում գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերի մասին։ Նրա խոսքով՝ ի տարբերություն հայրենի իշխանությունների, Համազգայինի Կենտրոնական վարչությունը որոշել է Համազգայինի Արցախի կառույցը Հայաստանում պահել իբր վտարանդի կառույց՝ իր վարչությամբ ու կազմով։
«Համազգայինի գրասենյակը մի շարք ծրագրեր է իրականացնում՝ հոգեբանների հետ աշխատանք, ամառային դպրոց, կերպարվեստ, տիկնիկագործություն, Արցախի բարբառը պահպանելուն ուղղված միջոցառումներ, համալսարան ընդունվել ցանկացողների համար Հայոց լեզվի ուսուցման ծրագիր և բազմաթիվ այլ ծրագրեր»,- հավելել է նա։
Իսկ դուք ինչպե՞ս եք աշխատում Արցախից հեռու հարցին, պատասխանում է՝ «ատամները սեղմելով»։
Տաթեւիկ Աղաջանյան
Ապառաժ