Շուշիի «Վարանդա» պետական երգչախմբի 30-ամյակն է
Գլխավոր » Լրահոս » Շուշիի «Վարանդա» պետական երգչախմբի 30-ամյակն է

Շուշիի «Վարանդա» պետական երգչախմբի 30-ամյակն է

Շուշիի ազատագրումն ու «Վարանդա» մանկական, պատանեկան և երիտասարդական պետական երգչախումբը տարեկիցներ են: 1993թ.-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող խմբավար, շվիահար ու դուդուկահար Զաքար Քեշիշյանի կողմից Շուշիի Արամ Մանուկյանի անվան վարժարանում հիմնադրված երգչախումբը նպատակ ուներ պատերազմի արհավիրքն ապրող շուշեցի մանուկների ու պատանիների դեմքերի արցունքը չորացնել, ժպիտ ուրվագծել, հոգևոր ու երաժշտական ավանդներ սնուցել: Հաջորդող տարիներին երգչախումբը պետականացվել է և այժմ իր ստեղծագործական կյանքը շարունակում է երեք մանկական, պատանեկան և երիտասարդական կազմերով։

Երգչախումբը ավելի քան 200 համերգներով հանդես է եկել Արցախի տարբեր շրջաններում, զորանոցներում, դպրոցներում, ինչպես նաև Հայաստանում և Լիբանանում, համատեղ համերգներ է ունեցել իր քույր՝ Լիբանանի Համազգայինի «Կարկաչ» մանկապատանեկան և «Այգ» երիտասարդական երգչախմբերի հետ, որոնց հիմնադիր գեղարվեստական ղեկավարը ևս Զաքար Քեշիշյանն է:

«Վարանդա» երգչախմբի 30-ամյակը նշվում է Ստեփանակերտում, բեմում են երգչախմբի հին ու նոր անդամները: Խոսելով Արցախ այցելելու և երգչախումբ հիմնելու մասին՝ Զաքար Քեշիշյանը հիշում է. «Այն օրերին էր, որ ես առաջին հայացքից սիրահարվեցի այս ժողովրդին ու ուխտեցի ցմահ ու եթե հարկ լինի՝ կյանքիս գնով շարունակել»:

Սեպտեմբերի 10-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի բեմից հնչել են և՛ նոր խմբերգերի առաջին կատարումները, և՛ անցած 30 տարիների ընթացքում «Վարանդա» երգչախմբի խթանումով ծնունդ առած 169 խմբերգերից գողտրիկ մի փունջ: Հոբելյանական համերգին ներկա էին ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը, ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանը, երգչախմբի նախկին անդամներ, հրավիրյալներ:

«Վարանդա» երգչախումբը բարի ավանդույթ ուներ. ամեն անգամ համերգաշարերից հետո հավաքվում էին Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու բակում և երգում «Երազի իմ երկիր հայրենի» երգը: Այս անգամ Ստեփանակերտի «Ազատամարտիկների» պուրակում տեղադրված արցախյան 44-օրյա պատերազմի նահատակների լուսանկարների առջև երգչախմբի անդամներն ու հրավիրյալներն ի կատար ածեցին ավանդույթը:

1