Շուշիի մշակույթի մեկ դարը 1820-1920
Գլխավոր » Լրահոս » Շուշիի մշակույթի մեկ դարը 1820-1920

Շուշիի մշակույթի մեկ դարը 1820-1920

Նոր ժամանակների թատերական կյանքը Արցախ աշխարհում սկզբնավորվել է 1865 թ․-ին, երբ թիֆլիսահայ դերասաններ Գևորգ Չմշկյանը, Միհրդատ Ամրիկյանը, Սեդրակ Մանդինյանը տեղական ինքնագործ ուժերի հետ միասին Շուշիի լսարան-ակումբում բեմականացրին «Վարդան Մամիկոնյան», «Շուշանիկ», «Շկոլի վարժապետը» և այլ ներկայացումներ, որոնց օրինակով հետագայում, 1868 թ․-ից սկսած՝ արդեն Համբարձում աղա Հախումյանի տան դահլիճում, թեմական դպրոցում, քաղաքային ակումբում բեմադրվել են նաև Ղարաբաղի բարբառով գրված պիեսներ։

1882թ․ օգոստոսին Շուշիում հյուրախաղերով հանդես է եկել հայ բեմի ականավոր վարպետ Պետրոս Ադամյանը (Շեքսպիրի Համլետի դերում)։

1891թ․-ից Շուշիում սկսել է գործել «Խանդամիրյան» թատրոնը՝ հիմնադրված Մկրտիչ Խանդամիրյանի միջոցներով։ «Խանդամիրյան» թատրոնն ունեցել է 350-տեղանոց դահլիճ, վերնահարկ, երկու օթյակ, դերասանների զարդասենյակներ, գրադարան և օժանդակ այլ հարմարություններ։ Լուսավորվել է նավթի և գազի լապտերներով։ Վարագույրը նկարել է Օ. Շմեռլինգը։ Ճեմասրահի պատերը զարդարված են եղել հայ, ռուս և օտարազգի դերասանների և դրամատուրգների նկարներով։ «Խանդամիրյան» թատրոնը բացվել է Մուրացանի «Ռուզան» պիեսի ներկայացումով՝ 1891 թ․-ի հուլիսի 7-ին։ Թատերախումբը ղեկավարել են Մ. Խանդամիրյանը, Դ. Բալայանը և ուրիշներ։ «Խանդամիրյան» թատրոնում հանդես են եկել հայ բեմի լավագույն դերասաններ (Գ. Պետրոսյան, Սիրանույշ, Գ․ Ավետյան, Հ․ Զարիֆյան, Հ. Աբելյան, Սաֆրազյան ամուսիններ), հյուրախաղերով այստեղ հանդես են եկել ռուսական, ադրբեջանական և ուկրաինական թատերախմբեր։ Թատրոնը հրդեհվել է 1905 թվականին՝ ադրբեջանցիների կողմից։ «Խանդամիրյան» թատրոնը մեծապես նպաստել է թատերական արվեստի զարգացմանը Ղարաբաղում։

Շուշիի «Խանդամիրյան» թատրոնի շենքի ավերակները (բակի կողմից) 1905թ․հրդեհից հետո
Շուշիի «Խանդամիրյան» թատրոնի հիմնադիր և ղեկավար Մկրտիչ Խանդամիրյան
Շուշիի «Խանդամիրյան» թատրոնի վարագույրը, (նկարիչ՝ Օ. Շմեռլինգ)

Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարություն

1