Շուշիի մշակութային ժառանգության յուրացման և ոչնչացման ադրբեջանական քաղաքականությունը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Շուշիի մշակութային ժառանգության յուրացման և ոչնչացման ադրբեջանական քաղաքականությունը

Շուշիի մշակութային ժառանգության յուրացման և ոչնչացման ադրբեջանական քաղաքականությունը

Ուղիղ երկու տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 8-ին, ադրբեջանական զինված ուժերը միտումնավոր թիրախավորեցին և մեկ օրվա ընթացքում երկու անգամ ռմբակոծեցին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը։
Մեսրոպ Մաշտոց Համալսարանի Կովկասագիտության կենտրոնի և ԱՀ բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհրդի նախաձեռնությամբ հրավիրված մամուլի ասուլիսը, որը կրում է «Շուշիի մշակութային ժառանգության յուրացման և ոչնչացման ադրբեջանական քաղաքականությունը» խորագիրը, նպատակ ունի ևս մեկ անգամ խոսել հայկական մշակույթի աղավաղման, ոչնչացման քաղաքականության մասին:

«Պատերազմական գործողությունների ընթացքում մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացումը ոչ միայն հանդիսանում է մշակութային ցեղասպանություն, այլ նաև ռազմական հանցագործություն, որն ամրագրված է միջազգային մի շարք կոնվենցիաներում և բանաձևերում։ Այս ամենը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացված մշակութային ցեղասպանության անպատժելիության հետևանք է։
Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում այսօր էլ յուրացվում և ոչնչացվում է հայկական հարուստ մշակութային ժառանգությունը, որը հանդիսանում է համաշխարհային քաղաքակրթության բաղկացուցիչ մաս»,- իր խոսքում նշել է ՄՄՀ Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովը:

ԱՀ բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհրդի նախագահ Սերգեյ Շահվերդյանը ներկայացրել է խորհրդի գործունեությունը՝ կենտրոնանալով Շուշիի մշակութային ժառանգության վրա: Նրա խոսքով՝ Շուշիում կորցրել ենք 13 թանգարանային և արվեստի գործերի հավաքածուներ՝ Շուշիի պատմության պետական թանգարանի, Շուշիի Կերպարվեստի պետական թանգարանի, Շուշիի Գրիգորի Գաբրիելյանցի անվան երկրաբանության պետական թանգարանի, Շուշիի պատկերասրահի, Շուշի քաղաքի միջազգային պուրակի, Շուշիի արվեստի կենտրոնի ցուցասրահի, Արցախյան գորգի  թանգարանի, Շուշիի դրամագիտության թանգարանի, Նարեկացի արվեստի միության, Սամվել Թավադյանի արվեստանոց-ցուցասրահի, Արտակ Պողոսյանի արվեստանոց-ցուցասրահի, Դավիթ Ավագիմյանի արվեստանոց-ցուցասրահի և Դուշման Վարդանի տուն-թանգարանի հավաքածուները, որոնք գրեթե ամբողջությամբ մնացել են Շուշի քաղաքում: «Մեր նպատակն էր վերստեղծել այդ հավաքածուների ցանկերը, քանի որ ցուցանմուշների հետ միասին բռնազավթված տարածքներում են մնացել այդ հավաքածուների գրանցամատյանները, փաստաթղթերը: Պետական խորհուրդը հիմա մեծ դժվարությամբ, քրտնաջան աշխատանքով ԱՀ ԿԳՄՍ համապատասխան մասնագետների աջակցությամբ վերստեղծում է դրանց ցանկերը, որոնք հետագա պահանջատիրական գործունեության հիմք կհանդիսանան»,- նշել է Ս. Շահվերդյանը:

Նա նյութական մշակույթից զատ կարևորել է մշակութային ժառանգության մյուս հատվածների մասին խոսելը, քանի որ տեղահանված մարդիկ իրենց հետ տարել են միայն բանավոր հիշողություններ, հիմնականում դուրս են եկել առանց ընտանեկան արխիվի, առանց լուսանկարների ու նոր կյանքը սկսում են առանց անցյալի հիշողության:

Պատմական գիտությունների թեկնածու, ԱՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Մելանյա Բալայանն իր խոսքում կարևորել է յուրաքանչյուր իրադարձությունից հետո ճիշտ հետևություններ կատարելը, ինչո՞ւ տեղի ունեցան այդ ցավալի իրադարձությունները, որտե՞ղ ենք մենք թերացել, ու ինչո՞ւ այսքան ծանր հետևանքներ ունեցավ պատերազմը մեզ համար: «Նորություն չէ, որ մենք ապրում ենք մի այնպիսի ժողովրդի հարևանությամբ, որն ի սկզբանե նպատակ է դրել նվաճել ոչ միայն մեր տարածքները, այլ նաև ամբողջությամբ յուրացնել այն»,- կարծում է պատմաբանը:

Անդրադառնալով առկա մշակութային ժառանգությունը պաշտպանելու մասին հարցին՝ Մելանյա Բալայանը ցավով արձանագրել է, որ մեր կորուստների ահռելի չափը նաև մեր սխալների հետևանքով է, ուստի պետք է լուրջ, միջազգային չափորոշիչներին համապատասխան միջոցներ ձեռնարկել մշակութային ժառանգության պահպանության ու պաշտպանության առումով: Նա հույս է հայտնել, որ այդ սխալը կշտկվի:

1