Շուշիի իմ կարևոր ձեռքբերումներից մեկը «Վարանդա» երգչախումբն էր. Լիլիթ Ավանեսյան
Ծնունդով, հոգով ու ոգով շուշեցի եմ: Շուշիի իմ կարևոր ձեռքբերումներից մեկը «Վարանդա» երգչախումբն էր, ու շատ ուրախ եմ, որ 16 տարի հաճախել եմ: Այս տարի ուրախ պատճառով չեմ մասնակցում երգչախմբին: Շատ անսովոր է, որ այսօր պիտի դահլիճից հետևեմ հանդես եկողներին: Երիտասարդական խմբից 4 հոգի ամուսնացել են, երեխա ունեն, և այդ պատճառով այս տարի երիտասարդական խումբը ելույթ չունեցավ: Միգուցե հաջորդ տարի, երբ երեխաները մի քիչ մեծանան, հնարավոր լինի ելույթ ունենալ:
Շուշիում «Վարանդա»-ի մի քանի խումբ էր գործում՝ Ցորենի հատիկ, Պատանեկան, Երիտասարդական: Ես 6 տարեկանից հաճախել եմ պարապմունքներին: Ամենաշատը տպավորվել է այն, որ ամեն ամառ շուշեցի երեխաները սպասել են հենց պարոն Զաքարի գալուն: Շուշիում երևի այնպիսի երեխա չկա, որ «Վարանդա»-ի ընտանիք մտած չլինի: Պարոն Զաքարը Շուշիի համար շատ կարևոր մարդ է, բոլոր շուշեցիները ճանաչում էին նրան: Նա մեծ ավանդ ունի, և ես շատ ուրախ եմ, որ ինքը պատերազմից հետո շարունակում է իր առաքելությունը:
Պարոն Զաքարին նայելով՝ հսկայի տպավորություն է թողնում, բայց շատ նուրբ հոգի ունի: Երբ ինչ-որ հուզումնալից բան է լինում, իսկույն հուզվում է: Հավատում եմ, որ նորից ենք Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու մոտ երգելու «Երազ իմ երկիրը»: Եթե հավատը կորցնենք, ամեն ինչ կորչելու է. այդ հավատն է մեզ պահում:
Ինչքան երգչախումբը լինի, կերգենք. Մարինե Սարգսյան, 17 տարեկան
10-րդ տարին է, ինչ հաճախում եմ «Վարանդա» երգչախումբ: Դեռևս Շուշիում, երբ պարոն Զաքարն այնտեղ էր, հաճախում էի. ամեն տարի նոր երգեր էինք սովորում: Երբ պատերազմից հետո իմացա, որ պարոն Զաքարը կրկին ցանկանում է վերաբացել երգչախումբն արդեն Ստեփանակերտում, անմիջապես ցանկացա նորից շարունակել: Ինչքան երգչախումբը լինի, կերգենք:
Երգչախմբի հետ անցկացրած ժամանակը հիշարժան ժամանակներ, նոր ընկերներ է պարգևել.Մարատ Բաղրամյան, 13 տարեկան
Ես սովորում եմ Գյուրջյանի անվան երաժշտական դպրոցում, ու ցանկանում եմ երաժշտական ասպարեզում մասնագիտանալ: Անցած տարի, երբ պարոն Զաքարը սկսեց Ստեփանակերտում պարապմունքներ անցկացնել, սկսեցի մասնակցել: Երգչախմբի հետ անցկացրած ժամանակն ինձ ուրախություն է պարգևել, հիշարժան ժամանակներ, նոր ընկերներ:
Տաթևիկ Աղաջանյան