Շուրջ 26 տարի ուժային կառուցներում ծառայած Միքայելը զոհ դարձավ չարաբաստիկ պայթյունին

2023-ի սեպտեմբերի 19-ի ողբերգական պատերազմից հետո ճակատագիրն արցախահայության համար հերթական արհավիրքն էր նախապատրաստել։ Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքի բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունը բազմապատկեց արցախցիների ցավը։
Ինչպե՞ս ապրել այդ ցավի հետ, ինչպե՞ս նայել զոհվածների մայրերի, կանանց ու երեխաների աչքերին։ Ո՞վ է մեղավորը․․․
Միքայել Վլադիմիրի Առստամյան․․․ Երեք երեխաների հայր, երկու քույրերի մինուճար եղբայր, մոր հպարտություն, թև ու թիկունք․․․
Արցախյան առաջին պատերազմում զոհված Վլադիմիր Առստամյանի որդին դաստիարակվել էր իսկական արցախցի տղամարդու կերպարով։ Նա գիտեր, որ ինքը պետք է լինի մոր ու քույրերի ապավենը, հերոս հոր գործի շարունակողը․ այդպես էր դաստիարակել նրան մայրը։
Շուրջ 26 տարի Միքայելը ծառայել է Արցախի ուժային տարբեր կառույցներում։ Նա միշտ հավատարիմ էր ծառայողական իր համազգեստին և ցանկացած գործ անթերի էր կատարում։ 15 տարի ԱՀ ոստիկանության, ապա՝ փրկարար ծառայության շարքերում էր։ 2020-ի պատերազմից հետո ծառայության է անցել ԱՀ ԱԱԾ-ի շարքերում։
Ճակատագիրը դաժան գտնվեց երիտասարդի հանդեպ, ով ամբողջ կյանքում Հայրենիքի նվիրյալն էր, Արցախի լիարժեք քաղաքացին և բոլորիս հիշողության մեջ մնաց հենց այդպիսին։
Մայրը` տիկին Ալինան, լռելյայն է տանում մինուճար որդու կորստի ցավը։ Սեպտեմբերի 25-ին միանգամից փոշիացան նրա երազանքները, երկինքն ասես փուլ եկավ գլխին, թվում էր՝ չի կարող այլևս ապրել առանց մինուճարի․․․
․․․Արցախից տեղահանվելուց հետո Միքայելի ընտանիքը հաստատվել է Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում։ Վիշտն անասելի ծանր է որդեկորույս մոր համար, սակայն, երբ նայում է անհայր մնացած թոռնիկների ու հարսի աչքերին, հասկանում է, որ պետք է ուժ հավաքի և հանուն նրանց՝ ապրի։ Նահանջելու իրավունք չունի․․․
Թեև շատ դժվար է, սակայն Առստամյանները փորձում են հարմարվել, ինտեգրվել նոր միջավայրին։ Ընտանիքում աշխատող չկա և ինչպես են շարունակելու ապրել՝ չգիտեն։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ