Շրջափակումը Աստղաշենում խթանել է հողագործությունը

Արցախի բացառիկ ու առեղծվածային գյուղ Աստղաշենը հայտնի է սստղակերպ քարերի առկայությամբ, որոնք գետնին հայտնվում են հատկապես անձրևներից հետո, որտեղից էլ գյուղն ստացել է իր անվանումը։ Գյուղի անվանումն ի սկզբանե եղել է Քարաղբյուր, հետագայում այն անվանափոխել են ադրբեջանցիները, իսկ 1988թ. գյուղն անվանվել է Արցախաշեն, հետագայում՝ խորհրդանշորեն գյուղն անվանվեց Աստղաշեն։

Գյուղի տարածքում հայտնաբերվել են բրածո կենդանիներ և փայտի քարացած մնացորդներ, իսկ աստղաքարերը 165-145 մլն «տարեկան» են։ Ըստ մասնագետների, այդտեղ նախկինում օվկիանոս է եղել, իսկ աստղաձև բրածոներն իրականում ծովաշուշանների բուսատեսակներին պատկանող աստղաձև ոսկրիկներ են։ Առեղծվածային քարաստղերը գյուղը դարձրել են զբոսաշրջային ուղղություն, իսկ տարածքը, որպես պատմամշակութային նշանակության վայր, գտնվում է պետության վերահսկողության տակ։ Մինչ պատերազմը աշխարհի տարբեր երկրներից մարդիկ էին գալիս տեսնելու և աստղեր հավաքելու, սակայն պատերազմից հետո զբոսաշրջիկների թիվն էապես կրճատվել է։ Այժմ Աստղաշենի հյուրերը տեղացի զբոսաշրջիկներն են։
Գյուղը գտնվում է Ասկերանի շրջանում՝ Ստեփանակերտից 20 կմ հեռավորության վրա։ Բացի աստղաքարերից, գյուղը հարուստ է նաև եկեղեցիներով, սրբատեղիներով։ Համայնքի տարածքում են Սուրբ Գևորգ եկեղեցին (19-րդ դարի կես), որտեղ ամեն կիրակի մատուցվում է պատարագ, Ֆռանգյուլաց, Կապենխաչ, Չմանենխաչ, Երե նահատակ սրբատեղիները։

Գյուղ տանող ճանապարհը պատերազմից հետո ասֆալտապատվել է, իսկ ներհամայնքային ճանապարհները սալապատված են։
Գյուղում գործում է գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, մանկապարտեզ, արվեստի դպրոց, նորակառույց միջնակարգ դպրոց՝ տիպային բոլոր պայմաններով։ Գյուղի տարածքում կառուցվում են բնակելի տներ՝ տեղահանված քաղաքացիների համար։
Պատերազմի ընթացքում գյուղին վնասներ չի հասել, իսկ պատերազմից հետո գյուղում վերաբնակեցվել են տասնյակ տեղահանված ընտանիքներ։ Այս մասին «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է համայնքի ղեկավար Արթուր Գրիգորյանը։
«Բոլոր տեղահանված և համայնքում հաստատված ընտանիքներն ապահովվել են բնակարաններով, որոնց մի մասը կապիտալ վերանորոգված է։ Նրանք բոլորն էլ հարմարվել են գյուղի հասարակությանը։ Նրանց մի մասն աշխատում է շինհրապարակներում, իսկ մի մասը տարբեր վարձու աշխատանքներ է կատարում։ Տեղահանվածները հիմնականում Հադրութի շրջանից են. ունենք տեղահանվածներ նաև Ավետարանոց, Ջրաղացներ և Տիգրանակերտ համայնքներից»,-ասել է համայնքի ղեկավարը։
Գյուղացիների հիմնական զբաղմունքը անասնապահությունն է և հողագործությունը։ Վերջինս ավելի զարգացած է համայնքում։ Գյուղում ընդամենը մի քանի անասնապահներ կան։
«Չնայած շրջափակման առաջացրած խնդիրներին ու խոչընդոտներին, այս տարվա ընթացքում կատարվել է 305 հա գարու և ցորենի աշնանացան, 50 հա արևածաղկի, եգիպտացորենի գարնանացան։ Վարելահողերի 90-100%-ը ամբողջությամբ մշակվել է»,-նշել է Ա. Գրիգորյանը։
Նրա խոսքով, շրջափակումը խթանել է հողագործության ընդլայնմանը։
«Մարդիկ զարկ են տվել բանջարաբոստանային կուլտուրաների մշակությանը։ Հիմնականում անմշակ տնամերձ հողատարածքներ չեն մնացել, բոլորը մշակվել են գյուղացիների կողմից, որպեսզի իրենք իրենց պարենային ապահովվածության խնդիրը կարողանան լուծել։ Ջեռուցման հետ կապված խնդիրներով պայմանավորված՝ ջերմոցային գյուղատնտեսությամբ զբաղվում է 2 ընտանիք, ովքեր աճեցնում են կանաչի, լոլիկ և վարունգ»,-ասել է Ա. Գրիգորյանը։
Անդրադառնալով վերջին շրջանում ամբողջ հանրապետության տարածքում առատ տեղումների և կարկտահարությունների պատճառած վնասներին, համայնքի ղեկավարը նշել է, որ բարեբախտաբար ի համեմատ հանրապետության ընդհանուր տարածքին հասցված վնասների՝ Աստղաշենի տարածքին լուրջ վնասներ չի հասցրել տեղացած կարկուտը։

Ա. Գրիգորյանի խոսքով, գործազրկության մակարդակը գյուղի երիտասարդության շրջանում մեծ չէ։
«Այսօրվա դրությամբ երիտասարդների մի մասն աշխատում է ուժային կառույցներում, իսկ մի մասը նոր հիմնադրված ինտենսիվ այգիներում։ Երևի գյուղի երիտասարդության մոտ 20%-ն է, որ չունի հիմնական աշխատանք, մյուսները կարողանում են աշխատել և ապահովել իրենց ընտանիքներին», — նշել է համայնքի ղեկավարը։

Խոսելով գյուղի առաջնային խնդիրների մասին, համայնքապետը նշեց ոռոգման ջրի բացակայության և մշակույթի տան վերանորոգման անհրաժեշտության հարցերի մասին։
«Հիմնական խնդիրը ոռոգման ջրի բացակայությունն է։ Մշտական խմելու ջրով ապահովված է գյուղը, որն օգտագործվում է նաև տնամերձերի ոռոգման նպատակով։ Լուծում պահանջող խնդիրներից է նաև մշակույթի տան նորոգման հարցը, որի մասին տեղեկացրել ենք կառավարությանը։ Շատ գումարներ են ծախսվում նոր շենքեր կառուցելու համար։ Բազմիցս նշել ենք, որ ափսոս է այդ շենքը. ակումբը և գրադարանը ենթակա են կապիտալ վերանորոգման»,- եզրափակել է Ա. Գրիգորյանը։
Վահագն ԽԱՉԱՏՐՅԱՆ
