Շրջափակում ՝ շրջափակման դեմ . կիպրոսի հայ համայնքը Ադրբեջանի դեմ իր ձեռագրով է գործել
Ադրբեջան-Կիպրոս խաղի ընթացքում մենք փորձեցինք նույն կերպ պատասխանել՝ շրջափակման դեմ շրջափակում: Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց Կիպրոսի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Հակոբ Կազանջյանը՝ ներկայացնելով վերջերս Կիպրոսում տեղի ունեցած ֆլեշմոբը՝ ի աջակցություն Արցախի:
«50 կամավորներ փակել են այն դարպասը, որով պետք է դուրս գար Ադրբեջանի թիմը: Շրջափակումից միայն մեկ ժամ հետո թույլ տվեցինք, որ դուրս գան: Մենք նույն կերպ պատասխանեցինք Ադրբեջանին՝ շրջափակման դեմ շրջափակում: Նշեմ նաև, որ մենք Կիպրոսում թուրքական կամ ադրբեջանական դեսպանատներ չունենք: Կիպրոսը դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել այս երկու թշնամի պետւթյունների հետ: Մենք նման գործողություններով փորձում ենք նպաստել Արցախի պայքարին»,- նշեց Կազանջյանը:
Կազանջյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Դավիթ Իշխանյանին՝ Արցախի ԱԺ նախագահի պաշտոնն ստանձնելու առթիվ և ներկայացրել այն ամենը, ինչ ակնկալում են նրանից:
«Շատ ճիշտ որոշում է Դավիթ Իշխանյանին ընտրելը, և մենք մեծ ակնկալիքներ ունենք նրանից: Նրա դերը կարևոր է, բայց պետք է՝ Արցախ-Հայաստան-Սփյուռք միությունը ևս ամուր լինի: Եթե այս երրորդությունը չկարողանանք պահել, նոր ձեռքբերումներ չենք ունենա»,- ասել է Կազանջյանը:
Նրա խոսքով՝ վերջին երկու տարիներին Կիպրոսի Ազգային ժողովը՝ ի նպաստ Արցախի բանաձևեր է ներկայացրել՝ դատապարտելով Ադրբեջանին: Մենք մինչև 44-օրյա պատերազմը այցելել ենք Արցախ: Պատերազմը դանդաղեցրեց մեր հետագա գործընթացները, բայց մենք շարունակելու ենք գործել և աջակցել արցախահայությանը»,- եզրափակել է Կազանջյանը: