Շրջափակման պայմաններում էլ հնարավոր է նվազագույնի հասցնել կրթությանը հասցված վնասները
Գլխավոր » Լրահոս » Շրջափակման պայմաններում էլ հնարավոր է նվազագույնի հասցնել կրթությանը հասցված վնասները

Շրջափակման պայմաններում էլ հնարավոր է նվազագույնի հասցնել կրթությանը հասցված վնասները

ԱՀ Մարտունու շրջանի Սոսի Երկարօրյա դպրոցի համակարգող ուսուցչուհի Մարինե Հովսեփյանի խոսքով՝ Երկարօրյա դպրոցների ստեղծումը կրթության ոլորտում ամենահաջողված ծրագրերից է, որը մտցվել էր պատերազմից հետո: Իր առջեւ դնելով բազմաթիվ նպատակներ, այն լուծում է աշակերտների զբաղվածության հարցը, օգնում դասապատրաստման հարցում, վերհանում աշակերտների թաքնված կարողությունները եւ, իհարկե, աշակերտները ստանում են բալանսավորված, առողջարար սնունդ: Սակայն շրջափակման հետևանքով աշակերտները զրկվել են նաև այս օգտակար նորամուծությունից:

«Շրջափակման առաջին օրերին, իհարկե, պատկերացնել չէինք կարող, որ այսքան երկար կտեւի, բայց հիմա մնում է հնարավորինս ամեն ինչ անել, որ հետագայում շատ չտուժենք այս վիճակի պատճառով, իսկ, որ ամենակարեւորն է, մեր երեխաներին հեռու պահենք «մեծերի խաղերից», նրանց անհոգ մանկությունը չխաթարվի: Մանկապարտեզների եւ դպրոցների բացակայության պայմաններում ծնողների համար դժվարություն է ստեղծվում, աշխատող ծնողների համար կրկնակի դժվար է: Երեխաներն ամբողջ օրը տանը ձանձրանում են, իսկ ուղեղի համար լավագույն դեղամիջոցը զբաղված լինելն է»,- կարծում է Մարինե Հովսեփյանը:

Վերջին մի քանի տարում Արցախում կրթությունը շատ է տուժել արտակարգ իրավիճակների հետևանքով: «Համավարակ, 44-օրյա պատերազմ, իսկ այժմ արդեն նոր փորձություն արցախահայության համար՝ «բլոկադա»… Միանշանակ, յուրաքանչուր ասպարեզ նման իրավիճակում մեծ կորուստներ է ունենում: Անշուշտ, կրթությունը անմասն չի մնում: Այս եղանակին ուսումնական պրոցեսն անցկացնելու, աշակերտների բարեկեցության հետ կապված մտահոգությունները ավելի շատ են, քան երբեւէ: Կրթության շարունակական ընդհատումներն իրենց բացասական ազդեցությունը կթողնեն, եւ կրթական աղքատության ցուցանիշը, բնականաբար, կբարձրանա, կրթական ճգնաժամը էլ ավելի կխորանա, եթե աշակերտների կրթական իրավունքի խախտումը երկար տեւի»,- ասում է ուսուցչուհին:

Շրջափակման պայմաններում էլ, Մարինե Հովսեփյանի կարծիքով, հնարավոր է նվազագույնի հասցնել կրթությանը հասցված վնասները. «Հաշվի առնելով, որ այս դժվարությունները հաղթահարում ենք հանուն մեր պետականության, անկախության պահպանման, կարծում եմ, կարելի է այլընտրանքային մեթոդներով գոնե նվազագույն վնասներով դուրս գալ այս վիճակից: Համավարակի ժամանակ, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեզ մոտ, անցում է կատարվել հեռավար ուսուցման, սակայն այժմ, հոսանքի հաճախակի անջատումների հետ կապված՝ անհնար է նույն կերպ կազմակերպել: Որպեսզի աշակերտները զրկված չլինեն ուսումնառությունից, կարելի է, օրինակ, ձայնագրել դասը, հանձնարարությունը եւ ուղարկել, վերահսկել: Համավարակի ժամանակ, հիշում եմ, բավականին մատչելի եւ բավանդակալից հեռուստադասեր, բաց դասեր էին թողարկվում. կարելի է այդ բազայից օգտվել»:

mde

Նրա խոսքով՝ իհարկե, որքան էլ լավ կազմակերպվի այդ ամենը, երբեք չի փոխարինի դպրոցում ուսուցիչ-աշակերտ կենդանի շփմանը, բայց գոնե ուսումնական կորուստները որոշակի չափով կնվազեցվեն: Բացի այդ, աշակերտները կկենտրոնանան դրական, օգտակար գործի վրա: Ցավոք, այս ցուրտ պայմաններում երեխաներն ամբողջ օրը ձանձրանում են, իսկ հեռախոսներից կախվածությունը՝ աճում:

Հ․Գ․ Հարցազրույցը կայացել է հունվարի 27, երկու օր անց ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել, որ անխափան գազամատակարարման պարագայում հունվարի 30-ից կվերսկսվի Արցախի Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի (առանց սննդի, ժամը 9:00-13:00), 1-12-րդ դասարանների, արտադպրոցական (երաժշտական և արվեստի դպրոցներ, մարզադպրոցներ ու մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններ) և նախնական (արհեստագործական) ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը։

1