Շինհարթակներում շարունակվում են կյանքի կոչվել բնակարանաշինական ծրագրեր
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Շինհարթակներում շարունակվում են կյանքի կոչվել բնակարանաշինական ծրագրեր

Շինհարթակներում շարունակվում են կյանքի կոչվել բնակարանաշինական ծրագրեր

Մայրաքաղաքի և շրջկենտրոնների բնակարանաշինական խոշոր շինարարական հարթակներում աշխատանքները շարունակվում են: Այս մասին տեղեկացրեց Քաղաքաշինության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի  պետ Հունան Թադևոսյանը՝ հավելելով, որ չնայած կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ իրավիճակի որոշակի ազդեցությանը, շինարարական աշխատանքներն ընթանում են ըստ նախատեսված ժամկետների և նախագծանախահաշվային փաստաթղթերին համապատասխան:

Մեր զրուցակցի հաղորդմամբ՝ Ստեփանակերտի   Թումանյան փողոցում ներդրումային ծրագրով շարունակվում են մասնավորապես 13 մասնաշենքից և մոտ 200 բնակարանից բաղկացած նոր թաղամասի կառուցման աշխատանքները:

Նույն փողոցում չի դադարել նաև մոսկվաբնակ  բարերարի միջոցներով կառուցվող 10 հարկանի, ինչպես նաև  Պաշտպանության բանակի   միջոցներով կառուցվող 5 հարկանի բազմաբնակարան շենքերի շինարարությունը:

Ըստ Հ. Թադևոսյանի՝ բնակարանաշինական պահանջված ծրագրերը շարունակվում են կյանքի կոչվել նաև հանրապետության շրջաններում:

Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներով շինաշխատանքներ են ընթանում մասնավորապես Կարմիր Շուկա համայնքում 2,   Ասկերանում 3 բնակելի շենքերի կառուցման, ինչպես նաև  Շուշի և Բերձոր քաղաքներում 1-ական շենքերի կապիտալ վերանորոգման  ուղղությամբ:

Քաղաքաշինության նախարարության մամլո պատասխանատուն հավելեց, որ մայրաքաղաքում և շրջկենտրոններում պետական միջոցներով շարունակվում է տանիքների վերանորոգման ծրագիրը:

Հ. Թադևոսյանն ընդգծեց, որ շինարարական աշխատանքներն ընթանում են  հակահամաճարակային  կանոնների պահպանմամբ.  եղանակային բարենպաստ պայմանների դեպքում աշխատանքներն ընթանում են բացօթյա պայմաններում, իսկ ներքին հարդարման աշխատանքների կատարման ժամանակ պահպանվում է սոցիալական հեռավորությունը: Մեր զրուցակցի խոսքով՝ շինարարություն չի ընթանում այն շինհարթակներում, որտեղ համավարակի կանխարգելման միջոցառումների  հետևանքով  աշխատուժի խնդիր է առաջացել:

Վան Նովիկով

1