Արդյունավետ հանդիպումներ ու ծանոթություններ ունեցանք. Լեռնիկ Հովհաննիսյանը՝ Բուլղարիա և Ռուսաստան կատարած այցերի մասին
Գլխավոր » Լրահոս » Արդյունավետ հանդիպումներ ու ծանոթություններ ունեցանք. Լեռնիկ Հովհաննիսյանը՝ Բուլղարիա և Ռուսաստան կատարած այցերի մասին

Արդյունավետ հանդիպումներ ու ծանոթություններ ունեցանք. Լեռնիկ Հովհաննիսյանը՝ Բուլղարիա և Ռուսաստան կատարած այցերի մասին

Ընթացիկ ամսվա սկզբներին աշխատանքային այցով Բուլղարիայի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում էր գտնվում Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը: Այցի մանրամասների և արդյունքների մասին է «Ապառաժ»-ի հարցազրույցը Լեռնիկ Հովհաննիսյանի հետ: 

-Պարոն Հովհաննիսյան, ի՞նչ նպատակ էր հետապնդում Ձեր այցը Բուլղարիա և ՌԴ:

-Բուլղարիա այցելել ենք մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի հրավերով, ով Բուլղարիայի առաջին մայրաքաղաք Պլիսկայում հիմնել էր Կիրիլյան տառերի թանգարան: Այնտեղ ներկայացված է կիրիլյան տառերի պատմությունը՝ ստեղծումից մինչև կատարելագործում: Թանգարանի հարևանությամբ է գտնվում նաև կիրիլյան այբուբենով ստեղծագործած գրողների կիսանդրիների պուրակը:

Թանգարանի հիմնադիրն առաջարկել էր ռուսերենով ստեղծագործած, ծագումով արցախցի հայ գրողի կիսանդրի տեղադրել տվյալ պուրակում: Եվ մենք խորհրդակցելով որոշեցինք հայ գրող, արձակագիր, ծագումով արցախցի Լեոնիդ Հուրունցի կիսանդրին տեղադրել: Արցախից ժամանած պատվիրակության կազմում էր նաև Լեոնիդ Հուրունցի կիսանդրու հեղինակ, քանդակագործ Յուրի Հովհաննիսյանը:

Խորհրդանշական էր, որ  Հուրունցի հայրենի Նորշեն գյուղից տարված հողը լցվել է կիսանդրու տակ:

Նույն օրը տեղադրվել է նաև բուլղարահայ հայտնի գրող Հակոբ Մելքոնյանի կիսանդրին:

Իսկ նոյեմբերի 3-ին ԱՀ ԱԳՆ-ի հետ համագործակցաբար Մոսկվայում «Թվային գործնական հարթակ» ժամանակակից բազմաֆունկցիոնալ համալիրում բացվել է արցախցի նկարիչների «Դիզակի գույներ» խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանեսին զուգահեռ ելույթ է ունեցել Արցախյան «ՎԷԼԱՆՍ» խմբի համերգը: Ցուցահանդեսին ներկայացված էին նաև այն օտարազգի նկարիչների կտավները, որոնք մասնակցել են Հադրութում ամեն տարի անցկացվող «Դիզակի գույներ» նկարչական սիմպոզիումին:

-Ինչո՞վ եք կարևորում Արցախի պատվիրակության մասնակցությունը տվյալ միջոցառումներին:

-Երկու դեպքում էլ միջոցառումներին մշակութային, հասարակական ու քաղաքական ոլորտի մեծ թվով ներկայացուցիչներ էին ներկա: Բուլղարիայում ելույթի ժամանակ անդրադարձել ենք  ծագումով արցախցի հայ գրողին, ներկայացնելով նաև Արցախը:

Նման միջոցառումները կարևորում եմ մեր երկրի մասին տեղեկատվության տարածման առումով: Նաև արդյունավետ հանդիպումներ ու ծանոթություններ ունեցանք: Բուլղարիայում ուկրաինացի և բելոռուս քանդակագործների հետ որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերեցինք՝ տվյալ երկրներում տեղի ունեցող քանդակագործական սիմպոզիումներին Արցախի արվեստագետների մասնակցության առումով:

ԱՀ ԱԳՆ Մասիս Մայիլյանի հետ այցելել ենք գեղանկարիչ Յուրի Գրիգորյան կրտսերի արվեստանոց: Նրա հայրը՝ ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Յուրի Գրիգորյանը, ծագումով ԱՀ Մարտունու շրջանի Ծովատեղ գյուղից է: Պայմանավորվել ենք Ռուսաստանում Արցախի ներկայացուցչության աջակցությամբ կազմակերպել Յուրի Գրիգորյան կրտսերի ցուցահանդեսն Արցախում:

-Ձեր բացակայության ընթացքում ԱՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Արցախում անցկացվող  «Երիտֆորում»-ին դասախոսությամբ հանդես գալու հրավեր էր ստացել կազմակերպիչներից, սակայն դուք դեմ եք արտահայտվել նրա դասախոսությանը՝ «քաղաքական նպատակահարմարությունից»  ելնելով: Ինչպե՞ս կմեկնաբանեք տվյալ գրառումը:

-Նախ ասեմ, որ պետական համակարգում կան ինստիտուտներ, պետական համակարգի հիմնասյուներ՝ բանակ, կրթություն, մշակույթ, որոնք պետք է լինեն ապաքաղաքական: Մենք ամենամյա «Երիտֆորում»-ի նախագծի հետ կապված մրցույթ ենք հայտարարել, որի ընթացքում դրվել է հետևյալ սկզբունքը՝ «Երիտֆորում»-ը չպետք է քաղաքականացվի և քաղաքական ենթատեքստ ունենա: Հենց այդ նկատառումով էլ երիտասարդական ֆորումին հրավիրվել են միայն պետական այրեր՝ հանրապետության նախագահը, պետական նախարարը, գյուղատնտեսության նախարարը: Քանի որ ֆեյսբուքյան գրառման մեջ շոշափվում էր իմ անունը, ապա նշեմ, որ որևէ քաղաքական գործչի կամ կուսակցության առաջնորդի չեմ հրավիրել և առավել ևս՝ չեղարկել:

Տաթևիկ Աղաջանյան

1