Շարունակվում են համալրվել ՀՅԴ Արցախի կառույցների շարքերը
Հունիսի 19-ին Նիկոլ Դումանի տուն — թանգարանում կազմակերպվել էր երդման և խոստման մեծ արարողություն։ Այն մեկնարկել է ՀՅԴ քայլերգով։
Արարողության ընթացքում 4 նորագիրներ համալրել են ՀՅ Դաշնակցության, 31-ը՝ ՀՅԴ Արցախի երիտասարդական միության, իսկ 56-ը՝ ՀՅԴ Արցախի պատանեկան միության շարքերը:
Երդման արարողության կնքահայրը ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արթուր Մոսիյանն էր, երիտասարդական միության խոստման արարողությանը՝ Սերգեյ Շահվերդյանը։
Պատանեկան միության խոստման արարողության կնքահայրերն էին ՀՅԴ Արցախի Մարտունու կոմիտեի ներկայացուցիչ Մասիս Սուլեյմանյանը, ՀՅԴ Արցախի Ասկերանի շրջանի կոմիտեի ներկայացուցիչ Սուրիկ Թովմասյանը, դաշնակցականներ Շանթ Չարշաֆճյանը, Գևորգ Իսկաջյանը:
Ավանդույթի ուժով, նաև կարգով, մինչև երդում տալը Ա․ Մոսիյանը նորագիրներին հարցրեց, թե արդյո՞ք պատրաստ են ամբողջովին նվիրվելու Դաշնակցության գաղափարախոսությանը, ինչին ի պատասխան՝ նորագիրներն անվարան պատասխանեցին՝ այո։
Պատերազմից հետո ՀՅԴ Արցախի կառույցների շարքերի անընդհատ ընդլայնումը փաստում է, որ երիտասարդները Դաշնակցության հետ են կապում իրենց, հետևաբար նաև հայրենիքի փառավոր ապագան։
Դաժան ու դժվարին ճանապարհով դեպի հայ ժողովրդի հարատևություն, Ազատ, անկախ ու միացյալ Հայաստան․ այս գիտակցումով են նորագիրներն այսօր միացել կառույցներին։
Արարողությունից հետո ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Ալյոնա Գրիգորյանը պատանիներին ու երիտասարդներին ծանոթացրել է տուն-թանգարանին, ինչպես նաև ներկայացրել Նիկոլ Դումանի գործունեության մասին։
Այնուհետև տեղի է ունեցել ազգային կերակրատեսակների հյուրասիրություն՝ ազգային երգերի ու պարերի ուղեկցությամբ, կազմակերպվել են ժամանցային խաղեր։