Շարունակվող շրջափակումն անընդհատ ի հայտ է բերում նոր խնդիրներ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Շարունակվող շրջափակումն անընդհատ ի հայտ է բերում նոր խնդիրներ

Շարունակվող շրջափակումն անընդհատ ի հայտ է բերում նոր խնդիրներ

Շրջափակման հետևանքով առաջացած խնդիրների մասին «Ապառաժ»-ը հարցեր է ուղղել ԱՀ տեղեկատվական շտաբին:

—  Ինչպե՞ս է հաջողվում հաղթահարել շրջափակման հետ կապված օրեցօր ավելացող խնդիրները: Այս առումով ի՞նչ լիազորություններ ունի օպերատիվ  շտաբը:

Օպերատիվ շտաբի լիազորությունները սահմանված են ԱՀ նախագահի համապատասխան հրամանագրով: Այս ընթացքում հաջողվել է լուծում գտնել մի շարք հրատապ հարցերի, որոնք չլուծելու դեպքում կարող էին մի շարք ոլորտներում կոլապսի հանգեցնել: Այդուհանդերձ, շարունակվող շրջափակումն աննախադեպ իրավիճակ է ստեղծում և անընդհատ ի հայտ է բերում  նոր խնդիրներ, որոնք փորձ է արվում եղած հնարավորությունների պայմաններում կարգավորել:

—  Արդարացնո՞ւմ է իրեն արդյոք կտրոնային համակարգը, հնարավո՞ր է այլ ապրանքների ձեռք բերման համար ևս կտրոններ սահմանվեն:

Կտրոնային համակարգին անցնելու արդյունավետության գնահատականը, թերևս, ավելի ճիշտ քաղաքացիները կարող են տալ: Կարելի է արձանագրել, որ հաջողվել է սահուն կերպով համակարգի անցումն ապահովել, դրա համար կատարվել է կազմակերպչական և տեխնիկական մեծ աշխատանք: Համակարգի ներդրումը որոշակի չափով մեղմել է պարենային խնդիրը, սակայն շրջափակման հետևանքով բնակչությունը շարունակում է զրկված մնալ մի շարք կարևոր ապրանքատեսակներ ձեռք բերելու հնարավորությունից:

Ինչ վերաբերում է կտրոնով վաճառվող ապրանքների ցանկի ընդլայնմանը, ապա, դա կորոշվի՝ հաշվի առնելով առկա հնարավորությունները:

—  Քայլեր ձեռնարկվո՞ւմ են արդյոք առողջապահական տեսակետից լիարժեք, բալանսավորված սնունդ ապահովելու համար:

Շրջափակման հետևանքով խախտվում են Արցախի բնակչության մի շարք հիմնարար  իրավունքներ, որոնցից մեկն էլ պատշաճ սնվելու իրավունքն է: Խնդիրը բավականին սուր է, և օպերատիվ շտաբը համապատասխան լիազոր մարմինների, մասնավորապես, առողջապահության նախարարության հետ աշխատանքներ է իրականացնում՝ ստեղծված բարդ իրավիճակում հնարավոր արդյունավետ լուծումներ գտնելու համար։

—  Ինչպե՞ս է լուծվում վառելիքի խնդիրը, վտանգ կա՞, որ որոշ ժամանակ անց ներքաղաքային, միջշրջանային տրանսպորտը վառելիքի պատճառով չշահագործվի:

Շրջափակումից անմիջապես հետո օպերատիվ շտաբի որոշմամբ գույքագրվել են եղած վառելիքի պաշարները,  որոշում է կայացվել անցնել խիստ խնայողական ռեժիմի, որպեսզի հնարավոր լինի ապահովել շտապ օգնության, հատուկ ծառայությունների աշխատանքը: Ներքաղաքային, միջշրջանային տրանսպորտը աշխատում է, բայց ավելի պակաս քանակի տրասպորտային միջոցներով։ Հանրության ծառայություններ մատուցող  կազմակերպությունների անխափան գործունեությունն ապահովելու նպատակով՝ խնայողական խիստ  ռեժիմի պահպանումը շարունակվում է:

—  Հետպատերազմյան շրջանում բավականին գումարներ են հատկացվել ջերմոցային տնտեսությունների զարգացման համար: Ծրագրվո՞ւմ է արդյոք այդ ջերմոցները պարենային խնդիրների լուծման համար օգտագործել:

Պարենային ապահովման  խնդիրն ամենակարևոր առաջնահերթություններից մեկն է, և այդ տեսանկյունից  գյուղատնտեսությունը և այս բնագավառում իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացումը, անկասկած,  դառնում են առանցքային ուղղություններից մեկը:

1