Շարունակվող շրջափակումն անընդհատ ի հայտ է բերում նոր խնդիրներ
Շրջափակման հետևանքով առաջացած խնդիրների մասին «Ապառաժ»-ը հարցեր է ուղղել ԱՀ տեղեկատվական շտաբին:
— Ինչպե՞ս է հաջողվում հաղթահարել շրջափակման հետ կապված օրեցօր ավելացող խնդիրները: Այս առումով ի՞նչ լիազորություններ ունի օպերատիվ շտաբը:
Օպերատիվ շտաբի լիազորությունները սահմանված են ԱՀ նախագահի համապատասխան հրամանագրով: Այս ընթացքում հաջողվել է լուծում գտնել մի շարք հրատապ հարցերի, որոնք չլուծելու դեպքում կարող էին մի շարք ոլորտներում կոլապսի հանգեցնել: Այդուհանդերձ, շարունակվող շրջափակումն աննախադեպ իրավիճակ է ստեղծում և անընդհատ ի հայտ է բերում նոր խնդիրներ, որոնք փորձ է արվում եղած հնարավորությունների պայմաններում կարգավորել:
— Արդարացնո՞ւմ է իրեն արդյոք կտրոնային համակարգը, հնարավո՞ր է այլ ապրանքների ձեռք բերման համար ևս կտրոններ սահմանվեն:
Կտրոնային համակարգին անցնելու արդյունավետության գնահատականը, թերևս, ավելի ճիշտ քաղաքացիները կարող են տալ: Կարելի է արձանագրել, որ հաջողվել է սահուն կերպով համակարգի անցումն ապահովել, դրա համար կատարվել է կազմակերպչական և տեխնիկական մեծ աշխատանք: Համակարգի ներդրումը որոշակի չափով մեղմել է պարենային խնդիրը, սակայն շրջափակման հետևանքով բնակչությունը շարունակում է զրկված մնալ մի շարք կարևոր ապրանքատեսակներ ձեռք բերելու հնարավորությունից:
Ինչ վերաբերում է կտրոնով վաճառվող ապրանքների ցանկի ընդլայնմանը, ապա, դա կորոշվի՝ հաշվի առնելով առկա հնարավորությունները:
— Քայլեր ձեռնարկվո՞ւմ են արդյոք առողջապահական տեսակետից լիարժեք, բալանսավորված սնունդ ապահովելու համար:
Շրջափակման հետևանքով խախտվում են Արցախի բնակչության մի շարք հիմնարար իրավունքներ, որոնցից մեկն էլ պատշաճ սնվելու իրավունքն է: Խնդիրը բավականին սուր է, և օպերատիվ շտաբը համապատասխան լիազոր մարմինների, մասնավորապես, առողջապահության նախարարության հետ աշխատանքներ է իրականացնում՝ ստեղծված բարդ իրավիճակում հնարավոր արդյունավետ լուծումներ գտնելու համար։
— Ինչպե՞ս է լուծվում վառելիքի խնդիրը, վտանգ կա՞, որ որոշ ժամանակ անց ներքաղաքային, միջշրջանային տրանսպորտը վառելիքի պատճառով չշահագործվի:
Շրջափակումից անմիջապես հետո օպերատիվ շտաբի որոշմամբ գույքագրվել են եղած վառելիքի պաշարները, որոշում է կայացվել անցնել խիստ խնայողական ռեժիմի, որպեսզի հնարավոր լինի ապահովել շտապ օգնության, հատուկ ծառայությունների աշխատանքը: Ներքաղաքային, միջշրջանային տրանսպորտը աշխատում է, բայց ավելի պակաս քանակի տրասպորտային միջոցներով։ Հանրության ծառայություններ մատուցող կազմակերպությունների անխափան գործունեությունն ապահովելու նպատակով՝ խնայողական խիստ ռեժիմի պահպանումը շարունակվում է:
— Հետպատերազմյան շրջանում բավականին գումարներ են հատկացվել ջերմոցային տնտեսությունների զարգացման համար: Ծրագրվո՞ւմ է արդյոք այդ ջերմոցները պարենային խնդիրների լուծման համար օգտագործել:
Պարենային ապահովման խնդիրն ամենակարևոր առաջնահերթություններից մեկն է, և այդ տեսանկյունից գյուղատնտեսությունը և այս բնագավառում իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացումը, անկասկած, դառնում են առանցքային ուղղություններից մեկը: