Շարունակում ենք հանդուրժել Արցախի հայկականության վերացումն ու պատմական ճշմարտության խեղաթյուրումը
Գլխավոր » Լրահոս » Շարունակում ենք հանդուրժել Արցախի հայկականության վերացումն ու պատմական ճշմարտության խեղաթյուրումը

Շարունակում ենք հանդուրժել Արցախի հայկականության վերացումն ու պատմական ճշմարտության խեղաթյուրումը

Ադրբեջանական վարչակազմը շարունակում է բռնազավթված Արցախում բնակելի շինությունների զանգվածային ոչնչացում իրականացնել։ Ստեփանակերտում քանդել է ևս 2,5 հեկտար բնակելի շենքեր՝ քաղաքի նախկինում քանդված պատմական 6 թաղամասերի հարևանությամբ։ Այս մասին ահազանգում է Արցախի բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պահպանության պետական խորհրդի քարտուղար Սերգեյ Շահվերդյանը։

2024 թ-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Արցախի Հանրապետության մայրաքաղաքի կենտրոնում քանդվել է շուրջ 8,5 հա բնակելի տարածք։

Նախկինում գետնին էին հավասարվել համալսարանին հարակից 3,5 հա և Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցին հարակից բնակելի շենքերը։ Հասարակական շինությունները քանդելու առաջին դեպքերը գրանցվել են գարնանը, այնուհետև Ադրբեջանի վարչակազմը քանդել է ԱՀ խորհրդարանի շենքը, Վետերանների միության շենքը և Վերածննդի հրապարակում գտնվող Արմենիա հյուրանոցը։

Արցախցի պատմաբան, քաղաքական գործիչ Արմեն Սարգսյանի գնահատմամբ Ադրբեջանը սրանով փորձում է վերացնել Ստեփանակերտի եւ, ընդհանրապես, ամբողջ Արցախի հայկական պատմամշակութային հետքը․ <Այդ բնակելի շինությունները կառուցված են հայկական ճարտարապետությամբ եւ Ադրբեջանը նպատակադրված է դրանք վերացնելու, որպեսզի տարիներ անց հայկական մշակույթի հետքեր չմնան>,- նշել է Արմեն Սարգսյանը։

Նրա գնահատմամբ, նույն քաղաքականությունը Ադրբեջանի վարչակազմը վարում է նաեւ հայկական եկեղեցիների, պատմական հուշարձանների նկատմամբ․ <Ադրբեջանը չի կարող քանդել բոլոր եկեղեցիները եւ նա վերափոխում է դրանք, փորձում ներկայացնել որպես ալբանական եկեղեցիներ։ Ձեռագիրը նույնն է՝ վերացնել բոլոր հայկականը>,- նշել է Արմեն Սարգսյանը։

Արցախի հայկական հետքի վերացման, ադրբեջանական քաղաքականության նոր որակների և դրսևորումների մասին ամիսներ առաջ խոսել է ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ արձանագրելով, որ Ադրբեջանն իր այդ «գործունեության» մեջ միջազգային գործընկերներ է գտել՝ ի դեմս Վատիկանի։ Նկատի ունենալով Վատիկանում լույս տեսնող  L’Osservatore Romano պարբերականում Ռոսսելա Ֆաբիանիի ստորագրությամբ լույս տեսած «Քրիստոնեության ակունքներն Ադրբեջանում․ ալբանական առաքելական եկեղեցու հետքերով» բովանդակությամբ մի հոդվածի, ուր հեղինակը ներկայացնում էր «Կովկասյան Ալբանիա»՝  իրականում Արցախ կատարած իր, այսպես կոչված, ուսումնասիրական-ճանաչողական այցը։

Ադրբեջանի հսկողության տակ մնացած հայկական բոլոր հուշարձանները, եկեղեցիները և այլ մշակութային արժեքներ այսօր վտանգված են, վտանգված են նաեւ Արցախի ամբողջական բնակավայրերը։ Տնտեսական գործունեության անվան տակ 2020թ-ից հետո ոչնչացվել են Շուշիի շրջանի Քարինտակ, Հադրութի շրջանի Մոխրենես ու Խծաբերդ գյուղերը, մասամբ ոչնչացվել են Հադրութի շրջանի Մեծ Թաղեր եւ Ասկերանի շրջանի Սղնախ գյուղերը։

Ակնհայտ է, որ հայկական մշակույթի յուրացումը կամ ոչնչացումն Ադրբեջանում պետական քաղաքականության  առաջնահերթություն է։ Սակայն, ցավալին այն է, որ Ադրբեջանի կողմից Արցախում իրականցվող զանգվածային ոչնչացումներին պատշաճ արձագանքներ չեն հնչում Հայաստանի ոչ մի պաշտոնական գերատեսչությունից, միջազգային կազմակերություններից։

Արցախի հայաթափումից ի վեր շարունակում ենք հանդուրժել մեր պատմական հայրենիքում հայկականության վերացումն ու պատմական ճշմարտության խեղաթյուրումը։

Հ․ Շինդյան

Ապառաժ

1