Շարունակելու ենք ինքնորոշման համար պայքարը․ Արայիկ Հարությունյան

1992-1994 թվականներին Արցախը կռվում էր Ադրբեջանի դեմ, 2016-ին Ադրբեջանը փորձեց ինքնուրույն լուծել ղարաբաղյան խնդիրը քառօրյա պատերազմի ժամանակ, ունեցավ անհաջողության, բայց ցավոք, 2020-ի պատերազմն այլ իրականություն էր, Ադրբեջանի հետ մասնակցում էին Թուրքիան, օժանդակում էին մի շարք այլ պետություններ, կային վարձկաններ, իսկ Ղարաբաղը Հայաստանի հետ մեն-մենակ էր: Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, Արցախի հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Դրա համար մենք ունեցանք մեզ համար ոչ լավ արդյունքներ, եւ ծնվեց նոյեմբերի 9-ի հայտարարությունը: Սկզբից այն չէր ընդունվում, բայց պատերազմի արդյունքներից ելնելով՝ այն մեզ համար ընդունելի հայտարարություն էր, եւ այն մեզ հուսադրում էր, որ ունենալով այն երաշխիքները, որոնք առկա են՝ տարածք՝ Լեռնային Ղարաբաղ ձեւակերպմամբ, շփման գիծ, անխափան կապ Հայաստանի հետ: Դա այն հենման կետն էր, որը պետք է ապահովեր հետագա մեր ինքնորոշման իրավունքի պայքարի առումով: Ի՞նչ փոխվեց. Սկզբնական ժամանակ մենք վստահեցինք եւ սկսեցինք վերականգնել պատերազմի հետեւանքները, սկսեցինք վերականգնել տնտեսությունը: Մեր հայրենակիցների մեծ մասը վերադարձավ, այդ թվում իրենց ապագան Արցախի հետ կապում էին մեր բռնի տեղահանված հայրենակիցները»,-ասաց Արայիկ Հարությունյանը, ապա շարունակելով հիշեցրեց, որ Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի ու Ռուսաստանի Դաշնության նախագահի միջև բազմաթիվ հանդիպումների ընթացքում հայտարարությունները սկզբնական փուլում կարծես ցույց էին տալիս, որ ամեն ինչ արվում էր, որ իրականանան այն կետերը, որոնք ամրագրված են կամ այն երաշխիքները, որ տրված էին։
Ըստ նախագահ Հարությունյանի՝ իրավիճակը փոխվեց ռուս-ուկրաինական պատերազմից հետո: «Ադրբեջանը, օգտվելով Ռուսաստանի վիճակից, փորձում էր ստիպել մեզ, այսպես ասած, հրաժարվել այդ հայտարարության կետերի՝ մեզ տրված իրավունքներից և երկխոսության գնալ իրենց առաջարկած օրակարգով։ Դրանից հետո մեր կողմից բազմաթիվ խնդրանքներ, նամակներ են հղվել առաջին հերթին Ռուսաստանի ղեկավարին, Հայաստանի վարչապետին, միջազգային բոլոր դերակատարներին, և այն, ինչ այսօր տեղի է ունենում, մենք դրա մասին զգուշացրել ենք մեկ տարի առաջ։ Մեկ տարի առաջ մենք խոսում էինք, որ Ադրբեջանը սկսել է ցեղասպան քաղաքականություն»,- ներկայացրեց Հանրապետության նախագահը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանն ուզում է հրաժարվել եռակողմ հայտարարությունից և շարունակել պատերազմը. «Սա արդեն պատերազմ է, պատերազմի շարունակություն պաշարման միջոցով, ապա դրա արդյունքում Արցախը դարձնելով մեծ համակենտրոնացման ճամբար՝ իրականացնել ցեղասպանություն»,-շեշտեց Ա. Հարությունյանը:
Նա մեջբերել է Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, որն արել է Բրյուսելում եռակողմ հանդիպումից առաջ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ՝ հայտարարելով, որ Զանգեզուրի՝ իր ձևակերպմամբ միջանցքը պետք է աշխատի Լաչինի միջանցքի տրամաբանության շրջանակներում։
«Առաջին փուլում դրա վրա ուշադրություն չենք դարձրել: Մենք մտածում էինք, որ հայտարարություն է՝ ճնշում գործադրելու Հայաստանի իշխանությունների վրա՝ ստանալով առավելագույնը եռակողմ հայտարարության 9-րդ կետից, որը վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, մանավանդ որ նշված էր Նախիջևանի և Ադրբեջանի հետ կապի մասին, բայց Ադրբեջանը հետագա իր վարքագծով, վարած քաղաքականությամբ կարևորում էր դա։
Կարող եմ նաև այսօր հայտարարել, որ Ադրբեջանը շարունակում է իր ճնշումները՝ առավելագույնը կորզելու։ Մենք պետք է ֆիքսենք, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայերին ինչ-որ տեղ նաև պատանդի կարգավիճակով պահելու ցանկություն ունի՝ զուգահեռ իրականացնել ցեղասպանություն և ճնշում գործադրել Հայաստանի իշխանությունների և միջազգային դերակատարների վրա Զանգեզուրի ճանապարհի առավել արտոնյալ տարբերակ ունենալու համար», — մանրամասնել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը՝ Արցախին Հայաստանի տրամադրած գումարներն անարդյունավետ ծախսելու համար մեղադրող Փաշինյանի համար թվեր է հրապարակում։
«Իհարկե հաշվետվություն չեմ տալիս, մենք ամեն ամիս դա տրամադրում ենք Հայաստանի ֆինանսների նախարարությանը։ 2023-ին տրամադրվել է 136 մլրդ դրամ, բայց հաշվենք, որ այս գումարից մոտ 52 մլրդ ուղղել են ՀՀ բանկերի վարկերի մարմանը»,-ասաց Հարությունյանը։
Նա նշեց, որ Հայաստանի տրամադրած գումարներն ուղղում են միայն սոցիալական նպատակների համար։
«2021-ին արդեն վերականգնվել էր Արցախի տնտեսությունը, բայց շրջափակումը քանդեց Արցախի տնտեսությունը։ Չկա տնտեսություն Արցախում, գրեթե բոլորը գործազուրկ են»,-նշեց նա։
Խոսելով Հայաստանի իշխանությունների հետ ունեցած հարաբերությունների մասին՝ Արցախի նախագահն ասաց՝ երբևէ չի հայտարարել, բայց Ստեփանակերտում նախկինում գործող, իր հետ փոխկապակցված ընկերությունը պատերազմից հետո Հայաստանի պետբյուջե է վճարել մոտ 900 մլն դրամ։
Վագիֆ Խաչատրյանի առեւանգման դեպքը հենց ապացույց է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող ցանկացած քայլ մեզ համար անվտանգային առումով ռիսկային է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, Արցախի հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Մի մարդ, որը որեւէ կապ չունի ռազմական գործողությունների հետ, առեւանգվում եւ ներկայացվում է որպես ցեղասպանություն իրականացնող անձ, ապա պարզ է, որ Ադրբեջանի քաղաքականությունը հետագայում այդպիսին է լինելու, եւ Արցախի ցանկացած քաղաքացու կյանք վտանգված է: Եթե նրանք կարողանում են մեղադրանք առաջադրել Վագիֆ Խաչատրյանին, ապա Արցախի ցանկացած քաղաքացու այդ նույն մեղադրանքը կարող են առաջադրել», — ասաց նա:
Անդրադառնալով Վագիֆ Խաչատրյանի վիճակին՝ ԱՀ նախագահն ասաց, որ փորձում են ռուս խաղաղապահների եւ Կարմիր խաչի միջոցով տեղեկություններ ստանալ. «Կարծես առողջական վիճակի առումով վերահսկելի է, բայց պետք է հաշվի առնենք, որ նա առողջական ծանր խնդիրներ ուներ, դրա համար էր տեղափոխվում Երեւան՝ վիրահատվելու: Մենք պայքարելու ենք, եւ Վագիֆ Խաչատրյանի ճակատագիրը մեզ համար շատ կարեւոր է եւ հետագա բոլոր շփումներում, մեր քայլերում, մենք դա հիմք ենք ընդունելու: Ադրբեջանի այս պահվածքը հենց այն ցուցիչն է, թե ինչպես են փորձում հետագայում վարվել մնացածների նկատմամբ»,-ընդգծեց նա: