Շարունակելու ենք աշխատել հայրենիքի շենացման համար
Գլխավոր » Լրահոս » Շարունակելու ենք աշխատել հայրենիքի շենացման համար

Շարունակելու ենք աշխատել հայրենիքի շենացման համար

Արցախյան պատերազմի առաջին օրերից մինչ այսօր ՀՕՄ-ը պետության և ժողովրդի կողքին է եղել և արել է առավելագույնը  թե՛ պետության սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերին սատարելու և թե՛ առանձին սոցիալական  խմբերի  կենցաղային պայմանները բարելավելու  ուղղությամբ: 30 տարիների ընթացքում ՀՕՄ-ի ծրագրերը լուրջ փոփոխության չեն ենթարկվել, նրանց ավելացել են նոր ծրագրեր՝ ստեղծված ժամանակի թելադրանքով: Այս մասին «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է Հայ օգնության միության Արցախի միավորի ատենապետուհի Լիլիթ Մարտիրոսյանը: Ամբողջական հարցազրույցը՝ ստորև:

Ինչպե՞ս է պատերազմական և հետպատերազմական վիճակն ազդում Արցախում Հայ օգնության միության գործունեության ուղղությունների վրա:

-Հայ օգնության միությունը՝ որպես հարյուրամյա փորձ ունեցող կազմակերպություն, հավատարիմ իր կարգախոսին, միշտ կանգնած է հայ ժողովրդի կողքին: 2020 թ. սեպտեմբերի 27-ից՝ պատերազմի հենց առաջին իսկ օրից ՀՕՄ-ի աշխարհասփյուռ կառույցն  իր ողջ ներուժն ուղղեց  դեպի Հայաստան և Արցախ՝ անհրաժեշտ միջոցներ  ձեռնարկելով ստեղծված  դժվարին ու ողբերգական իրավիճակում  նյութապես ու բարոյապես սատար կանգնելու մեր հայրենակիցներին:

44-օրյա պատերազմի և դրան հաջորդած օրերին մշակվեցին և կյանքի կոչվեցին անմիջական օժանդակության տարբեր ծրագրեր՝ առաջնահերթություն տալով զոհված և վիրավոր զինծառայողների ընտանիքներին, տեղահանված բնակիչներին:

 —Վերջին շրջանում ի՞նչ ծրագրեր է իրագործել ՀՕՄի Արցախի միավորը և առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունի:

-ՀՕՄ-ի Արցախի միավորը, ԿՎ-ի կողմից ստացված շրջաբերականների վրա հիմնվելով, շարունակում է իր որդեգրած առաքելությունը և ընթացիկ օժանդակության ծրագրերը:

ՀՕՄ-ի Կանադայի շրջանային վարչության հովանավորությամբ Արցախի՝ թշնամու նշանառության տակ հայտնված 21 գյուղերում իրականացրել ենք «Ամանոր» ծրագիրը: Կանադայի ՇՎ ապենապետուհի Անի Օհանյանը և Սյուզի Պոյամյանն անձամբ են ներկա գտնվել, ամանորյա նվերներ հանձնել  շուրջ 1400 նախադպրոցական խմբերի երեխաների և աշակերտների, 581 ընտանիքի տրամադրել են գումար:

«Ամանոր» ծրագրի շրջանակներում նվերներ են ստացել ՀՕՄ-ի 4 «Սոսե» մանկապարտեզների սաները:

ՀՕՄ-ի ուշադրության կենտրոնում են նաև Արցախի ՊԲ-ի զինվորները:

ՀՅԴ ԱԵՄ-ի հետ համագործակցությամբ 150-ական գլխարկ, ձեռնոց, գուլպա և քաղցրավենիք ենք հատկացրել ՊԲ N զորամասի զինվորներին:  

Վերջին սահմանային լարվածության հետ կապված՝ ՀՕՄ-ի Արցախի միավորի կողմից քնապարկեր, անջրանցիկներ, գլխարկներ, ձեռնոցներ, գուլպաներ, ինչպես նաև քաղցրավենիք ենք հանձնել դիրքապահներին, բանակային ստորաբաժանումներին ու կամավորական խմբերին:

Հայ օգնության միությունն Արցախում գործում է Արցախյան առաջին պատերազմի օրերից: Տարիների ընթացքում ի՞նչ փոփոխություններ են կրել բարեգործական այդ կազմակերպության առաջնահերթությունները:

-ՀՕՄ-ը նպաստել է կրթության, մշակույթի, առողջապահության, սոցիալական, տնտեսական ոլորտներում մի շարք ծրագրերի իրականացմանը: Կրթության ոլորտում Արցախում ներդրած ՀՕՄ-ի ամենամեծ ծրագրերից է «Սոսե» մանկապարտեզների ծրագիրը: Մինչ պատերազմը Արցախում գործում էր 8 «Սոսե» մանկապարտեզ: Պատերազմի հետևանքով Շուշիի, Տողի, Մեծ Թաղերի և Քարեգահի մանկապարտեզները մնացին թշնամու կողմից օկուպացված տարածքներում: Ներկայումս շարունակում են գործել  Ստեփանակերտի, Խնձրիստանի, Աշանի և Ականաբերդի մանկապարտեզները: Արցախում ստեղծված հումանիտար աղետի՝ անջատված գազատարի և տեղացած առատ ձյան պատճառով, ինչպես մյուս ուսումնական հաստատությունները, այնպես էլ «Սոսե»  մանկապարտեզները մարտ ամսին փակվեցին, այժմ աշխատում են բնականոն ռեժիմով:

Կրթական ծրագրերից է «Լավագույն ուսանող» ծրագիրը: Այս ուսումնական տարում ծրագրում ընդգրկվել են 44-օրյա պատերազմին մասնակցած և արցախյան բուհերում սովորող 105 ուսանող:

Արցախում գործադրված առաջին ծրագրերից էր նաև պատերազմում «Որբախնամ» ծրագիրը, որն  արդեն ավարտին էր հասնում, սակայն վերագործադրվեց արցախյան երրորդ պատերազմից հետո և վերանվանվեց «Զոհված  հերոսների զավակների» ծրագիր: 44-օրյա պատերազմից հետո ՀՕՄ-ի Հայաստանի շրջանային վարչության և Արցախի մեկուսի մասնաճյուղում  հավաքագրվել  և ԿՎ-ն են հանձնվել զոհված հերոսների  1800  անչափահաս զավակների տվյալներ, որնցից 620-ը՝ Արցախում:  Ծրագրի մեկնարկը շուտով կտրվի: ՀՕՄ-ի Կենտրոնական վարչությունը յուրաքանչյուր երեխայի տարեկան խնամքի գումար է սահմանել 300 դոլար՝ նախկին 170-ի փոխարեն:

Ուշադրության կենտրոնում է նաև տեղահանված բնակիչների կենցաղային պայմանների բարելավմանը միտված ծրագրերը: «Թևանիկ» բարեսիրական խմբի օժանդակությամբ ձեռք ենք բերել մահճակալներ և պահարաններ, որոնք Արցախի բնակարանային կոմիտեի հետ համագործակցությամբ կտրամադրվեն նոր բնակարաններ ստացած մեր հայրենակիցներին: Ծրագրի մեկնարկն արդեն տրված է: 

ՀՕՄ-ի Արցախի միավորը նաև տարբեր ձեռնարկներ է կյանքի կոչել՝ կանանց զբաղվածության խնդրին սատարելու նպատակով: Նախքան պատերազմը «Թևանիկ» բարեսիրական խմբի հետ կազմակերպվել են ձեռքի աշխատանքների ու կարուձևի  դասընթացներ, որի նպատակը արհեստի այս ճյուղում արցախցի կանանց  հմտանալն ու սեփական եկամտի աղբյուր ապահովելն էր:

Կազմակերպվել են նաև մատնահարդարման դասընթացներ տեղահանված ու զոհված զինծառայողների կանանց համար: Ծրագիրը կկրի շարունակական բնույթ և կօգնի տեղահանված ընտանիքներին եկամտի աղբյուր գտնել:

Առաջիկա ծրագրերն ու անելիքները նույնպես շատ են: Շարունակելու ենք մեր աշխատանքով   նպաստել հայրենիքի շենացմանը:

Հարցազրույցը՝ Տաթևիկ Աղաջանյանի

1