Շարունակել լինել միասնական, իրար թեև ու թիկունք

Արցախից տեղահանվելուց հետո արցախցիների կողմից ստեղծված բազմաթիվ հասարակական կազմակերպությունների շարքում է նաև վերջերս ձևավորված «Աշան» համայնքային զարգացման հասարակական կազմակերպությունը։ Նորաստեղծ հասարակական կազմակերպության հիմնադիրներն Արմեն Իշխանյանը, Հերմինե Ավագյանը, Վահագն Խաչատրյանը եւ Լենա Խաչատրյանն են։
Լենան պատմում է ՀԿ-ի նպատակների և առաջիկա ծրագրերի մասին
-«Աշան» հիմնադրամը ստեղծվել է դեռևս տարիներ առաջ՝ ծննդով աշանեցի Դավիթ Իշխանյանի նախաձեռնությամբ։ Հիմնադրամի միջոցներով գյուղում բազմաթիվ ծրագրեր էին իրականացվում։ Մեր գյուղը տուն է եղել ոչ միայն աշանցիների, այլև Աշանի բարեկամների համար։ Տարբեր ժամանակներում, ովքեր այցելում էին Աշան, գերվում էին նրա հմայքով, առանձնահատուկ հյուրընկալությամբ։ Աշանցիների ջերմ ու սիրառատ վերաբերմունքն առիթ էր հանդիսանում, որ մարդիկ ներդրումներ անեն գյուղի զարգացման գործում։ Նման օրինակները շատ-շատ են․․․
Արցախից բռնատեղահանվելուց հետո համագյուղացիներով մտածեցինք ձեռնարկել մի այնպիսի քայլ, որ շարունակվի աշանցիների համախմբման գործընթացը, ու արդյունքում ծնվեց նոր ՀԿ ձևավորելու գաղափարը։

Նպատակը գյուղացիներին միավորված պահելն է։ Փորձելու ենք մեր շուրջը համախմբել Հայաստանում և Սփյուռքում բնակվող աշանցիներին ու գյուղի բարեկամներին՝ նախաձեռնելով տարբեր հետաքրքիր ու միավորող ծրագրեր։
Գյուղի պատմությունը հավաքական պահել, ապրել համագյուղացիների կյանքով, շարունակել նախկին ավանդույթները, խրախուսել նորաստեղծ ընտանիքներին, նորածին, դպրոցահասակ երեխաներին, իհարկե, ուշադրության կենտրոնում պահել նաև ծանր վիճակում հայտնված աշանցիներին՝ ահա մեր առաքելութունը․․․
Արցախում գրեթե բոլոր գյուղերն իրենց օրն ունեին։ Մարդիկ հանդիսավոր նշում էին, և այդ առիթը համախմբման ու հայրենասիրության յուրահատուկ դաս էր հիշեցնում։ Մեր գյուղի օրը հուլիսի 27-ն է։ Աշխատելու ենք չխախտել բարի ավանդույթը և գյուղովի նշել այն։ Բռնի տեղահանությունից հետո կազմակերպել ենք նմանօրինակ միջոցառումներ՝ 2 անգամ հանդիպելով իրար հետ։ 2024-ի հուլիսի 27-ին Երևանում աշանցիների հանդիպումը կազմակերպելու համար արտերկրում գտնվող մեր համագյուղացիները ֆինանսական օժանդակություն են ցուցաբերել և պատրաստ են առաջիկայում ևս աջակցել ՀԿ-ին։ Այդ հանդիպումները լայն արձագանք են գտել աշանցիների շրջանում․ մարդիկ պարզապես կարիք ունեն իրար տեսնելու, վերապրելու, երազելու։

Առաջիկայում նախատեսում ենք մեր համագյուղացիների հեղինակային գրքերի հրատարակման գործընթացը, ինչպես նաև նպատակ ունենք գյուղի հազարամյակների պատմություն ունեցող ավանդազրույցներն ու զվարճախոսությունները, որոնք մինչև այսօր բանավոր փոխանցվում են սերնդեսերունդ՝ գրքի տեսքով հրատարակել։ Հստակեցնելով հետո մեր առաջիկա ծրագրերը՝ կսկսենք ավելի ակտիվ աշխատել։
Սրտացավ մարդկանց ասելիքը մեկն է․ շարունակել լինել միասնական, իրար թեև ու թիկունք։ Աշխարհով մեկ սփռված ամեն մի աշանցի իր հոգում ու սրտում պահելով հետվերադարձի հույսը՝ շարունակում է Աշանից հեռու աշանցի մնալ։ Մեր հասարակական կազմակերպությունն իր ծրագրերով և նոր մտահղացումներով կանի հնարավորը, որ անգամ նորածին աշանցին չմոռանա իր տունն ու հարազատ գյուղը, իր կենցաղն ու մշակույթը։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ