Շարունակեք Ձեր նվիրական ուղին՝ գիտելիք ու սեր տալով մեր մանուկներին

«Համազգայինի խմբակների սիրելի ուսուցիչներ
Շնորհավորում ենք Ձեզ Ուսուցչի մասնագիտական օրվա կապակցությամբ։ Միասին անցած մեր ճանապարհը թեպետ շատ երկար չէ, բայց լի է նվիրումով, որովհետև ձեր նվիրական աշխատանքի շնորհիվ է, որ պատերազմի դժվար օրերին արցախցի դպրոցականների համար կյանքի կոչելով արվեստի ու դասապատրաստման խմբակներ, կարողացանք ոչ միայն գիտելիք, այլև սեր ու ջերմություն փոխանցել մեր մանուկներին»,-ասված է Համազգայինի Արցախի գրասենյակի շնորհավորական ուղերձում:
«Ձեր նրբանկատ մոտեցման արդյունքն է, որ մանուկներից յուրաքանչյուրը ձեր մեջ գտավ իր հարազատին, զգաց մայրական հոգատարություն ու սեր: Այսօր նույնպես Դուք շարունակում եք կատարել ձեր կարևոր աշխատանքը Արցախի գյուղերում: Դուք , ի հեճուկս ամեն օր հոխորտացող թշնամու, թշնամու աչքի առաջ շարունակում եք մեր սերունդներին հաղորդակից դարձնել ազգային արժեքներին, կրթել ու դաստիարակել ազգային ոգով: Հավատացած ենք՝ Ձեր դաստիարակած սերունդը հայրենիքի համար արժանի քաղաքացի պետք է դառնա եւ կերտի մեր վաղվա օրը:
Արևշատություն ու առողջություն ենք մաղթում Ձեզ, նորանոր լուսավոր գաղափարներ ու նախաձեռնություններ: Շարունակեք Ձեր նվիրական ուղին՝ գիտելիք ու սեր տալով մեր մանուկներին։ Այդ սերն ու գիտելիքն են, որ մեր լինելության կարևոր գրավականներից պիտի դառնան»:




