Շահումյանի անկումը ռազմաքաղաքական պարտություն էր. այսօր լրանում է Շահումյանի անկման 30-րդ տարելիցը

Այսօր` հունիսի 13-ին, լրանում է Շահումյանի անկման 30-րդ տարելիցը: Այն, ըստ Շահումյանի համար մարտնչածներից շատերի համար, տերպետրոսյանական իշխանությունների մեղքով էր, քանի որ բարձիթողի վիճակում էր Արցախի հյուսիսային դարպասը` Շահումյանը:
1992թ. հունիսի 7-ին Ադրբեջանի նախագահական ընտրություններում հաղթում է Աբուլֆազ Էլչիբեյը, որը Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում որդեգրել էր «Ղարաբաղի բոլոր հայերին արտաքսելու» քաղաքականությունը: «Եթե մինչև հոկտեմբեր Ղարաբաղում մնա գեթ մեկ հայ, ադրբեջանցի ժողովուրդը ինձ կարող է կախաղան հանել Բաքվի կենտրոնում»,- ասել էր նա:
1992 թվականի ամռանը Շահումյանում էին հավաքվել Հայ Յեղափոխական Դաշնակցության ուժերը, որոնք տեղի ջոկատների հետ սպասում էին հրամանի` սկսել Գետաշենի ու Մարտունաշենի ազատագրման գործողությունը: Շուշին, Լաչինն ու համանուն շրջանը նոր էին ազատագրվել թշնամուց, և հայերը նույն ոգևորությամբ սպասում էին նաև Արցախի օկուպացված հյուսիսի կարևոր բնակավայրերի ազատագրմանը: Դրանք ազատագրելուց հետո հայկական զորքերը կկարողանային վերահսկողության տակ պահել այնտեղից սփռվող դաշտերն ու հայկական պատմական Գանձակ քաղաքը, որը դարձել էր թշնամու զորքերի հենակետն ընդդեմ Արցախի և հայության:
Հունիսի 1-ից ադրբեջանական զորքերը սկսեցին ինտենսիվորեն հրետակոծել և հրթիռակոծել Շահումյանի գյուղերը: «Ստեփանակերտում թեյ խմել, իսկ Սևանում ոտքերը լվալ» պատրաստվող Էլչիբեյի նախագահության 5-րդ օրը` հունիսի 13-ին, սկսվում է հարձակումը Շահումյանի շրջանի վրա:
ԼՂՀ ինքնապաշտպանության խորհուրդը որոշում է տարհանել հայ բնակչությանը, իսկ իրավիճակի մասին զեկուցվում է Վազգեն Սարգսյանին, որը նշում է, որ տեղյակ է իրավիճակից և հորդորում է սպասել:
Սկսվում է նաև հայկական զինտեխնիկայի դուրսբերումը շրջանի գյուղերից, զինպահեստները պայթեցվում են, իսկ Շահումյանի ջոկատները՝ զինաթափվում, որից հետո ՀՅԴ անդամ Շահեն Մեղրյանը որոշում է չընկրկել և շարունակել պայքարը` կազմելով պարտիզանական ջոկատներ:
Հաջորդ օրը ՀՅԴ-ն Երևանում հանրահավաք է հրավիրում և քննարկում օրվա իշխանությունների վարած քաղաքականության հետևանքները, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է գալիս Շահումյանի վրա հարձակումը դատապարտելու հայտարարությամբ:
Հունիսի 15-ին արդեն շրջափակման մեջ հայտնված հայկական ջոկատներին հաջողվում է դուրս գալ շրջափակումից. այդ օրն արդեն Շահումյանի շրջանն ընկել էր:
ԼՂՀ պաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանը հայության համար այդ դժբախտ օրվանից հետո հայտարարում է, որ այդ հարձակումը սպասելի էր՝ վաղ, թե ուշ, և չնայած այդ հարձակմանը հայկական զորքերը նախապատրաստված էին , այնուամենայնիվ, հայերը կռվում էին թշնամու մեծածավալ զորքերի դեմ, որոնք զենք էին ստացել ԱՊՀ բանակից: Բացի դրանից, ըստ Սարգսյանի,ր Շուշիի և Լաչինի ազատագրումից հետո շատերի մոտ տոնական տրամադրություն էր, իրենց գործը համարում էին ավարտված, իսկ մնացածը թողնում էին նորակոչիկներին:
Շահումյանի անկման վերաբերյալ Շահեն Մեղրյանը հայտարարել էր․ «Շահումյանի անկումը ռազմաքաղաքական պարտություն էր»: 1993 թ. ապրիլի 17-ին Երևան ուղևորվելիս անհայտ հանգամանքներում խոցվում է Շահեն Մեղրյանին ու նրա ընկերներին տեղափոխող ուղղաթիռը:
Կոմանդոսը՝ Արկադի Տեր-Թադևոսյանը, նշել էր պարտության մի քանի պատճառներ՝ տերպետրոսյանական իշխանությունը, ՀՀՇ-ի և ՀՅԴ-ի միջև թշնամանքը, Շուշի-Լաչինի ազատագրումից հետո ոգևորությունը, մարտունակության անկումը, հետախուզությունը:
ՀՀ այդ ժամանակվա իշխանությունները սկսեցին մեղավորներ փնտրել իրենց այդ պարտության համար, և, ինչպես արդեն ավանդույթ է դարձել, առաջին թիրախներից դարձավ ՀՅԴ-ն, որի ջոկատները վերջիններից էին Շահումյանը լքողներից և Շահեն Մեղրյանը:
Շահումյանի անկումը հայոց նորագույն պատմության ողբերգական և ցավալի էջերից է, որի պատճառները մինչ օրս քննարկումների տեղիք են տալիս:
Տերպետրոսյանական ռազմաքաղաքական վերնախավի մեղքով հայերի գլխին ջարդված այդ ողբերգական պարտությունը, ցավոք, վերջինը չդարձավ Արցախի և Հայաստանի համար: Նույն այդ իշխանությունների «ժառանգ» համարվող փաշինյանական իշխանությունների ապաշնորհության պատճառով դրանից 28 տարի անց հայ ազգը բախվեց ևս մեկ ցավալի պարտության, որը 44 օրում խլեց մոտ 4000 հազար հայորդու կյանք և այն ժամանակ ազատագրված Արցախի 75 տոկոսից ավելին, ներառյալ՝ Շուշին ու Լաչինը:
yerkir.am