Ռոման Կիսյով. Ապագա կա այստեղ, ահա այս է այն ամենակարևորը, որ տեսա այստեղ

Ինչպե՞ս որոշեցիք Արցախ գալ և մասնակցել փառատոնին:
Նախապատմություն ունի իմ Արցախ այցը: Ես Հրանտ Ալեքսանյանի հետ մի քանի տարի է ծանոթ եմ: Նա այստեղ թարգմանել է իմ բանաստեղծությունները, ես Բուլղարիայում թարգմանել և հրատարակել եմ նրա բանաստեղծությունները: Այս տարի մենք Վարդան Հակոբյանի հետ հանդիպել ենք պոեզիայի փառատոններից մեկում, որտեղ էլ ես հրավերք ստացա գալ այստեղ`Արցախ և մասնակցել այստեղ կազմակերպվող պոեզիայի փառատոնին:
Սովորաբարյուրաքանչյուր հայտնի արտասահմանցի մարդ Արցախ այցելելուց հետո հայտնվում է Ադրբեջանի “սև ցուցակում”. չխանգարե՞ց այս փաստը ձեզ:
Ցանկացա տեսնել իմ աչքերով ամեն ինչ, սա միանգամայն տարբեր զգացողություն է, քան հազար անգամ լրատվամիջոցներում, գրքերում կարդալը: Մյուս կողմից ընկերներ ունեմ այստեղ, որոնց հրավերին անմիջապես դրական պատասխան տվեցի, առանց վարանելու: Իմ այստեղ գալը շատ պատճառներ ունի. Բուլղարիայում շատ հայեր կան, պատմական կապեր ունենք, քրիստոնյա ենք, այս շարքը կարելի է անվերջ թվարկել: Չգիտեմ Ադրբեջանը ինձ ինչ ցուցակի մեջ կընդգրկի, բայց պոեզիայի առաքելությունը պատերազմը չէ,այլ կյանքն է իր դրսևորումներով: Ես այստեղ կյանք եմ տեսնում, նոր կյանք: Ես եկա տեսնելու, ծանոթանալու, իմ հետ տպավորություններ տանելու:
Ի՞նչ գիտեիք Արցախի մասին մինչ այստեղ գալը, և ինչպիսի՞նն են հիմա ձեր տպավորությունները:
Գիտեի միայն անունը Լեռնային Ղարաբաղ և այն, որ այստեղ պատերազմ է եղել և դեռ կոնֆլիկտ կա Ղարաբաղի և Ադրբեջանի միջև: Նույնիսկ երբ Բուլղարիայում ասացի, որ պետք է Ղարաբաղ գնամ, բոլորը մտավախություն ունեյին, արդյո՞ք վտանգավոր չէ: Տեսածս աննկարագրելի է, եկեղեցիները պատմական վայրերը, մարդիկ, որոնք շատ հյուրասեր են, բաց են , ընկերասեր են: Ես երիտասարդներ տեսա, դպրոցներ, համալսարաններ, ապագա կա այստեղ, ահա այս է այն ամենակարևորը որ տեսա այստեղ:
Արցախի մասին ինչ որ բան պատրաստվու՞մ եք գրել:
Անշուշտ այս բոլոր տպավորություններս պետք է հանձնեմ թղթին, դեռ չգիտեմ դա ին կլինի, վստահ եմ ղարաբաղցիները հնարավորություն կունենան ծանոթանալու աշխատանքիս:
Արմինե ՆԱՐԻՆՅԱՆ