Սեյրան Օհանյանը եւ Արծվիկ Մինասյանը հանդես են եկել մամուլի ասուլիսով

Այսօր՝ փետրվարի 13-ին, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանը եւ Արծվիկ Մինասյանը հանդես եկան մամուլի ասուլիսով:
Նրանք ամփոփեցին խորհրդարանական շաբաթը և պատասխանեցին լրագրողների հարցերին:
«Դատախազի միջնորդագրերի ներկայացմանը մենք չմասնակցեցինք, քանի որ կարծում ենք, որ բոլոր գործերի վաղեմության ժամկետններն անցած են, եթե մենք ստորագրեինք այդ մասին փաստաթուղթը, ապա ԱԺ-ում քննարկումներ չէին լինի»,- հայտնեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով իր նկատմամբ հասարակական քրեական հետապնդման թույլտվություն ստանալու՝ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության վերաբերյալ հարցին:
Նա ասաց, որ ինքը և Արմեն Չարչյանը հրաժարվել են ստորագրել միջնորդագրերը, որովհետև կարծում են, որ մեղավոր չեն, և այդ գործերը շինծու են:
«Որևիցե մի շահ, որևէ մի հարցում չենք ունեցել և որևիցե մի շրջանակի հետ մենք պայմանավորվածություններ չենք ունեցել»,-ասաց Օհանյանը:
Ըստ նրա՝ ԱԺ քննարկմանը չեն մասնակցել, քանի որ գործող իշխանությունների համար անվտանգային խնդիրները գերակա չեն, և այդ միջնորդություններն իրականացվել է հանրության ուշադրությունը շեղելու համար, մյուս կողմից էլ համոզված էին, որ, ինչպես մյուս հարցերը, այնպես էլ իր և պրոֆեսոր Չարչյանի նկատմամբ միջնորդությունը մեծամասնությունը դակելու է:
«Մենք պատասխանատու չենք այսօրվա իշխանությունների, ՔՊ-ական մեծամասնության առաջ: Հիմա մեղադրանք է առաջադրվել, գործերը գտնվում են դատաիրավական համակարգում, և մեր անմեղությունը մենք այնտեղ կապացուցենք և կներկայացնենք մեր հանրությանը»,-հայտարարեց պաշտպանության նախկին նախարարը:
Անդրադառնալով խորհրդարնում գլխավոր դատախազի հնչեցրած շեշտադրումներին՝ Օհանյանն ասաց. «Նախ այնտեղ զորամաս չէ, մի քանի անգամ զորամաս անվանելով՝ իշխանությունը փորձում է նորից շեղել մեր հանրության ուշադրությունը: Դրանք հին և չշահագործվող, հողամաս և ավերված շինություններ էին»:
Օհանյանի խոսքով՝ բանակի ձևավորման առաջին փուլում շատ շինություններ օգտագործվել են որպես ժամանակավոր զինվորական կացարաններ, բայց ԶՈւ զարգացմանը զուգահեռ կառուցվել են ավելի լավ շինություններ, մշտական տեղակայման վայրեր և այդ շինությունները դուրս են մնացել շահագործումից:
«Ավելորդ ծախսերի աղբյուր են դրանք եղել: Նրանց պահպանման համար ավելի մեծ ծախսեր էին արվում, քան նրանց հիմնական գներն էին, և այն ձևակերպվել է պետության անհամապատասխան օրգանների կողմից»,-հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավարը և շարունակեց. «Դատախազության կողմից ներկայացվածը ոչ թե միջորդություն էր, այլ ակնհայտ մեղադրանք, իսկ մեղադրանքն առաջադրում են իրավապահ մարմինները, որոնց առաջ էլ պատասխանատու ենք լինելու հետագայում»:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ լրացրեց իր գործընկերոջ միտքը՝ ասելով. «Մի իշխանություն, որը տասնյակ զորամասեր է հանձնել թշնամուն հանցավոր գործողության հետևանքով, հիմա էլ ՊՆ-ի 71 հատ գույք, այդ թվում նաև զորամաս համարվող տարածքներ է հանել վաճառքի, մեղադրում է անպիտան հողատարածքն օտարելու մեջ»:
Մինասյանի խոսքով՝ գործը քաղաքացիաիրավական հարց է, և իշխանությունները փորձելով այն տեղափոխել քրեաիրավական հարթություն՝ հստակ նպատակ ունեն արժեզրկել այն բոլոր ձեռքբերումները, որոնք ունեցել է պետությունը՝ անվտանգությամբ, պաշտպանությամբ, բանակը կայացրածների հերոսությամբ:
«Պատահական չէ, որ ԱԺ նախագահը սխալ է ձևակերպում, դուք էլ լսեցիք: Սեյրան Օհանյանը «Ազգային հերոս» չէ, այլ «Արցախի հերոս» է, բայց իրենց շեշտադրումը, թե պետք է զրկել հերոսի կարգավիճակից, ցույց է տալիս իրենց վարած քաղաքականության գիծը, որ իրենց նպատակը մեր զույգ հանրապետությունների անկախության և անվտանգությանն ապահովմանն ուղղված գործողությունների վարկաբեկումն է:
«Արցախի հերոսի» կոչումը շնորհում է Արցախի իշխանությունները, այլ ոչ թե Հայաստանի: Սրանք սովոր են, որ Արցախի իշխանությունների փոխարեն էլ իրենք որոշում կայացնեն, դրա համար էլ Արցախի 75%-ը հանձնում էին թշնամուն»,-հայտարարեց Արծվիկ Մինասյանը:
arfd.am