Սեպտեմբերյան դեպքերի դաժան իրողությունների մասին է պատմում Արցախի փրկարար ծառայության գնդապետը
Արամ Ասրյանը ԱՀ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության Ասկերանի շրջանային բաժնի պետն էր՝ կոչումով գնդապետ։ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո արժանացել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի։ Արցախից դուրս է եկել 2023-ի հոկտեմբերի 3-ին, երբ մի խումբ փրկարարների հետ մինչև վերջ կատարել է իր առաքելությունը, իսկ հեռանալուց առաջ նկարվել է վարչության շենքի դիմաց տեղադրված խաչքարի մոտ․․․
-Սեպտեմբերի 19-ին շրջափակված Արցախում սովորական առօրյա էր։ Առավոտյան ոտքով գնացի աշխատանքի․ ծառայողական մեքենան վաղուց կանգնած էր, վառելիք բոլորովին չկար։ Հիմնարկում նույն առօրյան էր, մարդիկ մտահոգված էին, քանի որ իրավիճակն օրեցօր ավելի էր բարդանում, և հույս չկար, որ կբացվի Հայաստանի հետ կապող կյանքի ճանապարհը։ Ժամը 1-ին դուրս եկա աշխատավայրից և կնոջս հետ պատրաստվում էի գնալ տուն՝ ճաշելու։ Արդեն հասել էինք Ղլիժբաղ կոչվող տեղամասը, և մինչև մեր տուն մնացել էր քիչ ճանապարհ, երբ հանկարծ սկսվեցին հրետակոծությունները։ Քանի որ Ղլիժբաղի վերևի մասում էի գտնվում, նայեցի ու տեսա, որ ռմբակոծվում են Խնապատի դիրքերը։ Հասկացա, որ լայնամասշտաբ պատերազմ է սկսվել։ Կնոջս ուղարկեցի տուն, ես հետ դառա ու համարյա վազելով հասա բաժին։ Ճանապարհին զանգեցի հերթապահ մաս ու հրահանգեցի, որ բաժնի տարածքից դուրս հանեն հրշեջ մեքենաները ու տանեն տարբեր ուղղություններով։
Հետո անձնակազմով զենք ստացանք ու գնացինք մեզ համար նախօրոք նախատեսված պահակակետերը։ Անձնակազմիս թողնելով այնտեղ՝ ես գնացի Ասկերանի վարչակազմ՝ իմանալու մեր հետագա անելիքները։ Իրավիճակը շատ բարդ էր։ Հրահանգվեց ուժեղացնել մեր կողմից վերահսկվող պաշտպանական դիրքերը։ Այդ օրը մնացինք մեզ վստահված կետում։
Հրետակոծությունները չէին դադարում։ Որոշում կայացվեց բնակչությանը տարհանել Ստեփանակերտի օդանավակայան, որտեղ ավելի անվտանգ էր։ Մեքենաներ տրամադրվեցին, և համատեղ ուժերով կազմակերպեցինք մարդկանց տարհանումը, որից հետո ես վերադարձա մեր հենակետը։ Տղաներին հերթափոխ էր հարկավոր։ Կամավորական ջոկատներ ևս կային, որոնք պետք է մեզ փոխեին, սակայն որոշակի խնդիրներ էին առաջացել և փոխարինող չկար։ Տղաներին ուղարկեցի հանգստանալու, որ կարողանան ուժ հավաքել, որովհետև չի իմացվի, թե ինչ կլինի վաղը։
Հաջորդ օրը նորից գնացի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանի մոտ ու այդ ժամանակ լուր ստացա, որ մեր հենակետում հերթապահություն է պետք։ Անձնակազմիս տղաներից մեկի՝ Արմեն Սարգսյանի հետ գնացի հենակետ, որտեղ մի քանի ժամ երկուսով հերթապահեցինք․ այդպես էլ մեզ փոխարինող չեկավ։
Ժողովրդի մեջ խառնաշփոթ էր ու խուճապային իրավիճակ։ Վառելիք չկար, մարդիկ չգիտեին ինչ անեն։ Սեպտեմբերի 25-ի սարսափելի պայթյունը երկրորդ մահաբեր հարվածն էր մեր ժողովրդին։ Այդ պահին իմ անձնակազմից Կարեն Մելքումյանը և Արմեն Սարգսյանը ևս այնտեղ էին։ Լուրը լսելուն պես հասա դեպքի վայր։ Կարելի է ասել՝ առաջին վիրավորներին իմ անձնակազմի տղաներն են հասցրել հիվանդանոցներ։
ԱԻՊԾ բոլոր ծառայողները՝ ղեկավարության գլխավորությամբ, դեպքի վայրում էին։ Բառերով հնարավոր չէ նկարագրել այն, ինչ կատարվում էր այնտեղ։ Մարդիկ վառվում էին մեր աչքի առաջ․ այդ աղեկտուր օգնության ճիչերը դեռ հնչում են իմ ականջներում։ Ասես դժոխքում լիենինք, որտեղից փրկություն չկար։ Վառվածներին հանում էինք ու տեղափոխում շտապօգնության մեքենաները։ Շատերն այդ պահին ողջ էին, բայց հետո լսեցինք, որ մեծամասնությունը ճանապարհին մահացել է։ Չեմ հավատում, որ այդ օրվա ապրումները, սոսկալի պատկերները երբևէ կմոռացվեն ականատեսների հիշողությունից․․․
Սեպտեմբերի 26-ին ադրբեջանցիների կողմից 2 մեքենա բենզին տրամադրվեց։ Մի մասը Ասկերանում բաժանվեց մարդկանց՝ մեր ծառայության և ոստիկանության հետ համատեղ հսկողությամբ, որպեսզի չկրկնվի նախորդ օրվա աղետալի դեպքը։
Սեպտեմբերի 26-27-ին վառելիքը բաժանվեց Ասկերանի և տարբեր համայնքներից եկած քաղաքացիներին։ Այդ ժամանակ իմ անձնակազմից մնացել էին 4 հոգի՝ Արմեն Սարգսյանը, Կարեն Մելքումյանը, Վահագ Մելքումյանը, Աշոտ Բաբայանը, Հրանտինե Հայրիյանը։ Մեզ միացավ նաև մեր հին ծառայող Արայիկ Սարգսյանը,- պատմում է Արամ Ասրյանը, միաժամանակ ավելացնում, որ 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ բաժնի ծառայողները բարձր մակարդակով են իրականացրել իրենց պարտականությունները, սակայն 2023-ի սեպտեմբերին որոշ ծառայողների վարքագիծը խոսում էր նրանց մեծ հիասթափության և ընտանիքները մահվան ճիրաններից փրկելու վախի մասին։ Ոչ ոքի մեղադրել չես կարող։
Նույն օրը Արամ Ասրյանն իր հետ մնացած ծառայողների հետ Ստեփանակերտ է հասցնում ծառայության հրշեջ մեքենաները։ Իսկ երբ ցանկանում են հետ վերադառնալ, ադրբեջանցիներն արդեն հենակետ էին դրել Բերքաձորի խաչմերուկում, որտեղ նրանց կանգնեցնում, ստուգում ու բաց են թողնում։ Բաժնի պետը, հասնելով բաժին, այնտեղ մնացած ծառայողներին ասում է, որ կարող են իրենք ևս գնալ ու ընտանիքներին տիրություն անել։ Հրանտինեն ցանկություն է հայտնում մնալ մինչև վերջ՝ ասելով, որ ուզում է օգնել։
Նորից հետ են դառնում վարչություն և սկսում հետագա գործողությունները։
-Տարբեր բաժինների փրկարարների հետ, ովքեր մնացել էին Արցախում, գնում ենք դիահերձարան, որտեղ օգնելու խնդիր կար։ Մինչև սեպտեմբերի 28-ի լույս գիշերվա ժամը 4-ը աշխատում էինք, հետո գնացինք վարչությունում մի 2 ժամ հանգստանալու։ Առավոտյան խնդիր ստացանք ու նորից գնացինք պայթյունի վայրը։ Մեր փոքր խմբով այդ օրը մոտ 45 այրված դիակ հանեցինք ու տեղափոխեցինք դիահերձարան։ Հետո տարբեր ուղղություններով դուրս եկանք ու շարունակեցինք որոնողական աշխատանքները։ Վերջին մեր գործողությունը հոկտեմբերի 2-ին էր։ Պայթյունի վայրից հանեցինք հղի կնոջ դիակ և մարմնի մասունքներ։
Փրկարարների հետ միասին մոտ 60 հոգի էինք մնացել Արցախում։ Հասկացանք, որ մենք՝ փրկարարներս, այլևս անելիք չունենք, և հոկտեմբերի 3-ին նախարար Կարեն Սարգսյանի միջնորդությամբ, շարասյուն կազմած հեռացանք Արցախից ու հատեցինք Հակարիի կամուրջը։ Միաժամանակ կարողացել ենք հրշեջ մեքենաներ դուրս բերել Արցախից, որոնք հետագայում հանձնվել են ՀՀ ԱԻՊԾ-ին,- դաժան իրողություններն է ներկայացնում Ասկերանի բաժնի պետը։
Արամ Ասրյանը ավելացնում է նաև, որ այդ ընթացքում Հայաստանից հաճախակի էին զանգեր ստանում։ Մեկի հայրն էր տանը մնացել մահացած, մեկի եղբայրն էր մնացել գյուղում և չի ցանկացել հեռանալ, ու այդպիսի շատ դեպքեր։ Փրկարարներին հաջողվել է բոլոր այդ խնդիրները լուծել, և համոզվելով, որ ոչ մի տեղ մարդ չի մնացել, դրանից հետո միայն հեռացել են Արցախից։
-Իմ կարծիքով, ամենավերջին մարդը ես էի, որ դուրս եկա Ասկերանից։ Շատ դժվար էր ինձ համար․ ես Արցախում թողեցի 2020 թվականի պատերազմում զոհված իմ քրոջորդու և իրենից հետո անմիջապես մահացած հորս շիրիմները։ Կոտրված սրտով, հոգնատանջ և ձեռնունայն հասա Հայաստան։
Հոկտեմբերի 3-ին միացա ընտանիքիս։ Հասկացա, որ այստեղ դժվար կլինի նորից ծառայության մտնել և անցա ծառայողական թոշակի, քանի որ ժամկետս լրացել էր արդեն։ Ընտանիքիս հետ հաստատվեցինք Հրազդան համայնքի Աղավնաձոր գյուղում, որտեղ ապրում էր իմ նախկին զինվորներից մեկը։ Նա դիմավորել էր իմ ընտանիքին ու տեղավորել Աղավնաձորի մոտ գտնվող նախկին ճամբարի շենքում։ Հարազատներով՝ մոտ 30 հոգով, 2 ամիս մնացել ենք այդտեղ, որտեղ գիշերակացի հետ մեկտեղ մեզ ապահովել են նաև սննդով։ Մինչև օգոստոսի 6-ը իմ ընտանիքը բնակվում էր այդտեղ։
Այդ ընթացքում աշխատանքի եմ անցել տարբեր հիմնարկների անվտանգության ծառայություններում, որովհետև անգործ մնալ չէի կարող։
Այժմ տեղափոխվել և վարձակալությամբ ապրում ենք Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։ Աշխատանքս Երևան քաղաքի Ջրվեժ տեղամասում է։ Նորից անվտանգության ծառայության բնագավառում եմ։
Փորձում ենք հարմարվել, թեև շատ դժվար է։ Փոքր աղջիկս հաճախում է դպրոց, տղաս աշխատում է, կինս դեռ աշխատանք չի գտել, իսկ մայրս թոշակառու է,-ասում է զրուցակիցս և ցավով ավելացնում,- մարդկային կորուստների ցավն է, որ կշարունակի միշտ տանջել մեզ․ խոնարհվում եմ բոլոր զոհերի հիշատակի առաջ․․․
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ