Սեպտեմբերի 1-ին բոլոր առաջին դասարանցիները խորհրդանշական ձևաչափում դպրոց կհաճախեն
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 27-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված նոր ուսումնական տարում կրթական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպման հարցերին։ Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Համավարակի պայմաններում հանրապետության կրթօջախներում դասապրոցեսի կազմակերպման հնարավորությունները և դրա հետ կապված խնդիրները ներկայացրել է ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը։ Նա, մասնավորապես, նշել է, որ ԱՀ պարետատան և առողջապահության նախարարության հետ համակարգված աշխատանքների արդյունքում այս ուղղությամբ մշակվել են համապատասխան սկզբունքներ և մեթոդական հանձնարարականներ ուսումնական հաստատությունների համար։
Քննարկումների արդյունքում որոշվել է, որ նախադպրոցական, հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատություններում դիմակ կրելը կլինի ցանկալի, բայց ոչ պարտադիր։ Սակայն բոլոր կրթօջախներում կիրականացվեն ամենօրյա ջերմաչափում և ախտահանման աշխատանքներ։
Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ համավարակի դեմ պայքարը օրվա հրամայական է, սակայն նույնչափ հրատապ է կրթական համակարգի անխափան աշխատանքի ապահովման խնդիրը։ Երկրի նախագահի խոսքով՝ համավարակի հետ կապված ռիսկերը չեն նվազել, այդ իսկ պատճառով նոր ուսումնական տարում հանրապետության ցանկացած կրթական հաստատությունում համավարակի նոր օջախի հայտնաբերման դեպքում կկիրառվեն խստագույն միջոցներ՝ վարակի տարածումը կանխելու ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում նշվել է նաև, որ, չնայած հանրակրթական դպրոցներում դասապրոցեսը նախատեսված է սկսել սեպտեմբերի 14-ին, սեպտեմբերի 1-ին բոլոր առաջին դասարանցիները խորհրդանշական ձևաչափում դպրոց կհաճախեն: