Սարմեն Գասպարյան
Գլխավոր » Գաղափարական » Սարմեն Գասպարյան

Սարմեն Գասպարյան

                                                   

«Մեր օրերի Սասնա ծուռը»․ այդպես էր ասում  նրան յուրաքանչյուր ոք, երբ ծանոթանում էր իր բնավորության գծերին։ Նա հպարտ էր Դավթի պես, առյուծասիրտ՝ Մհերի պես։ Նա չընկավ։ Նա  վեհացավ  գերադասելով հայրենիքը և հասավ ընկերներին։

Սարմեն Սամվելի Գասպարյանը ծնվել է 2001 թ․-ի հունվարի 13-ին, Ասկերանի շրջանի Խնապատ գյուղում։ Սովորել է Խնապատի Արտուր Հայրապետյանի անվան միջնակարգ դպրոցում։ Դպրոցական տարիքից աչքի էր ընկնում  նկարչական տաղանդով և  ընդունվել էր ԵՊՀ-ի ճարտարապետության բաժինը։ Սարմենի մտերիմ ընկերոջ ՝ Հովիկի խոսքով Սարմենի մտածելակերպն ու սկզբունքները տարբերվում էին, նա յուրահատուկ էր իր սրտի ու մտքի թելադրանքով։ Երազում էր հայտնի ճարտարապետ դառնալու մասին ու նպատակ ուներ մեծ ընտանիք կազմել և անձամբ տուն գծագրել իր ընտանիքի համար։

Սիրում էր անակնկալներ անել և ամեն ինչ անում էր մայրիկի  յուրաքանչյուր օրը տոն դարձնելու համար։ Նույնիսկ ծառայության ժամանակ չէր դադարում  նվերներ ուղարկել մորն ու քույրերին ՝ իր զգալի բացակայությունը մեղմելու  համար։ Սարմենի մոր ՝ Ռուզաննայի հետ զրուցելիս նա պատմում է, որ որդին մի անգամ անակնկալ այցով եկել էր իր աշխատատեղն ու ծաղկեփունջը  մեջքի ետևում պահելով խնդրել իրեն կանչեն։ Այդ օրը Ռուզաննան ամենա ուրախն էր, վերջապես կարող էր հանգիստ ու երկար  փարվել  որդու կրծքին, առնել կարոտն ու ջերմ համբույրներ դրոշմել։

Պատերազմի օրերին Ռուզաննան Արցախում էր։ Մայրը թիկունքում էր սխրագործում, որդին ՝ առաջնագծում։ Ռուզաննան պատմում է, որ  Սարմենը զանգել ու իրեն համոզում էր գնալ Արցախից, գնալ ապահով մի վայր ՝ իր հանգստության համար։ Մայրն ասաց, որ առանց որդու ոչ մի քայլ չի անի Արցախից և կմնա այնքան, մինչև որդին ինքը գա իր ոտքով․․․ Սարմենը մի խոր հառաչանք քաշեց ու ասաց․

-Ներիր մայրիկ, բայց ես չեմ գա, իմ  ընկերներից գրեթե բոլորը զոհվել են, ես նույնպես արժանանալու եմ իրենց ճակատագրին․․․ հավատա մա՜յր, այդպես էլ կլինի, ես հասնելու եմ  ընկերներիս, ես նրանցից ոչնչով առավել չեմ․․․ խնդրում եմ, գնա այստեղից, որ ես հանգիստ լինեմ քեզ համար․․․

Ռուզաննան  որդուն պատասխանել էր, որ նման բաների մասին չմտածի և նա կսպասի այնքան, մինչև որդին գա ռազմի դաշտից ու միասին գնան որտեղ որ Սարմենը կասեր, սակայն Սարմենին հաջողվել էր հակառակ համոզել մորը։

Սարմենի  մարտական ընկերը՝ Պավելը, պատմում է, որ սեպտեմբերի 29-ին իրենց դիրքի վրա հարձակում էր եղել  և  դիրքապահներով ոչնչացրել են թշնամու 3 տանկերից երկուսը ու հետ մղել մոտ 800 հոգու։ Պավելի խոսքով Սարմենը մտահոգ էր բոլորի համար , անպայման հետևում էր կարգուկանոնին, հորդորում, որ ոչ ոք սաղավարտը գլխից չհանի ։

Պավելն ասում է, որ հոկտեմբերի 14-ին Սարմենին տեղափոխել էին 3-րդ գիծ, սակայն նա լսելով ընկերոջ մահվան բոթն ու այդ դիրքի վրա հարձակման մասին, շտապել է առաջնագիծ՝ օգնելու մարտական ընկերներին։

․․․ ու կռվում էին տղաներն անդադար, ահեղ էր մարտը․․․ Սարմենն իրենով պաշտպանում էր հայրենիքի ամեն քարն ու թուփը, որքան առաջ էր գալիս թշնամին, այնքան առաջ էր գնում և Սարմենը։ Ճակատ առ ճակատ մարտնչում էր, փամփուշտ առ փամփուշտ ոչնչացնում թշնամուն, թուլացնում նրանց ուժերն ու ետ շպրտելով առաջ գնում։

Հերոսացել է ընկերոջ անշնչացած մարմինը դուրս հանելու պահին, հենց ընկերոջ կողքին ․․․

Սարմենի Սասնա հոգին սավառնում է Հադրութի լեռներում ․․․

Սարմեն Գասպարյանի ստեղծագործություններն են

Լանա Համբարձումյան, լրագրության առաջին կուրսի ուսանողուհի

1