Սարինե Աբրահամյանի աշխատանքի արդյունքում IUSY-ն հետևողականորեն աջակցել է Արցախի ժողովրդի իրավունքների իրացմանը
Գլխավոր » Լրահոս » Սարինե Աբրահամյանի աշխատանքի արդյունքում IUSY-ն հետևողականորեն աջակցել է Արցախի ժողովրդի իրավունքների իրացմանը

Սարինե Աբրահամյանի աշխատանքի արդյունքում IUSY-ն հետևողականորեն աջակցել է Արցախի ժողովրդի իրավունքների իրացմանը

Սոցիալիստ երիտասարդների միջազգային միության (International Union of Socialist Youth – IUSY/ԸԵՄՄ) նոր գլխավոր քարտուղար է ընտրվել Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ, IUSY-ի նախկին փոխնախագահ Սարինե Աբրահամյանը, ով այս պաշտոնում փոխարինում է Պորտուգալիայի սոցիալիստական կուսակցության անդամ Բրունո Գոնսալուեսին։ Վերջինս հրաժարական էր ներկայացրել Եվրոպական խորհրդարանի պատգամավոր ընտրվելու հանգամանքով պայմանավորված։

Սարինե Աբրահամյանը երկար տարիներ եղել է ԸԵՄՄ-ի ակտիվ անդամ, 2021 թ․ ընտրվել է կազմակերպության փոխնախագահ և Սևծովյան տարածաշրջանի համակարգող: ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի հետ համագործակցելով՝ նա առանցքային դեր է խաղացել տարբեր ծրագրերում, այդ թվում ԸԵՄՄ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և հատուցմանն ուղղված աշխատանքներում, ինչի արդյունքում 2015 թ․ Երևանում ԸԵՄՄ-ի համաշխարհային խորհրդի նիստի ժամանակ ընդունվեց բանաձև:

2017 թ. ՀՅԴ Երիտասարդական գրասենյակի հետ միասին, Աբրահամյանի օժանդակությամբ կազմակերպվեց հաջող ճանաչողական այց Արցախ՝ ներգրավելով IUSY-ի և Երիտասարդ Եվրոպացի Սոցիալիստների (Young European Socialists – YES) ղեկավարությանն ու անդամներին: IUSY-ում աշխատելու ողջ ընթացքում նա եղել է Արցախի միջազգային ճանաչման և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, ինչպես նաև IUSY-ի կողմից Ադրբեջանի ագրեսիան դատապարտելու ջանքերի շարժիչ ուժը: Սարինե Աբրահամյանի աշխատանքի արդյունքում IUSY-ն հետևողականորեն աջակցել է Արցախի ժողովրդի իրավունքների իրացմանը, ներառյալ նրանց հավաքական վերադարձի իրավունքի, և դատապարտել է Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությունը: Այս դիրքորոշումներն արտահայտվել են մի քանի բանաձեւերով ու պաշտոնական հայտարարություններով։

Բացի այդ, Աբրահամյանն աշխատել է ընդգծելու ժողովրդավարական մարտահրավերները Հայաստանում, ներառյալ ընդդիմադիր ուժերի հանդեպ կիրառվող ճնշումը և ոստիկանության անհամաչափ ուժի կիրառումը Հայաստանի ներկայիս կառավարության կողմից: Նրա ակտիվությունը տարածվում է Հայաստանի սահմաններից դուրս՝ պաշտպանելով սոցիալ-դեմոկրատական գաղափարները, սոցիալական արդարությունը և անդրադառնալով կլիմայի փոփոխությանը ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային մակարդակով: Նա իր աշխատանքով շարունակում է պաշտպանել IUSY-ի հիմնական արժեքներն ու սկզբունքները, ինչպիսիք են արդարությունը, հավասարությունը, ազատությունը և միջազգային համերաշխությունը:

Սարինե Աբրահամյանը եղել է նաև ՀՅԴ երիտասարդական գրասենյակի պատասխանատու և ներկայումս զբաղեցնում է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի հանրային կապերի և հաղորդակցության պատասխանատուի պաշտոնը:

Անդրադառնալով այս ընտրությանը` Աբրահամյանը նշում է.

«Սա նշանակալից հնարավորություն է ոչ միայն ՀՅԴ երիտասարդականի և ՀՅԴ-ի, այլև Հայաստանի և հայության համար: IUSY-ն կարևոր հարթակ է հանդիսանում հայկական խնդիրները համաշխարհային բեմում ընդգծելու համար, միևնույն ժամանակ մենք խթանում ենք սոցիալ-դեմոկրատական և առաջադեմ արժեքները: Ես գիտակցում եմ պատասխանատվությունը, որը բխում է այս պաշտոնից՝ ներկայացնելով և՛ IUSY-ն, և՛ ՀՅԴ-ն, և ես ոգևորված եմ ղեկավարելու այս կազմակերպությունը, որը բաղկացած է ավելի քան 160 երիտասարդական սոցիալիստական, սոցիալ-դեմոկրատական և աշխատավորական կազմակերպություններից: Խորապես շնորհակալ եմ բոլորին, ովքեր աջակցել են ինձ այս ընթացքում»:

Սոցիալիստական երիտասարդության միջազգային միությունը (IUSY) խոշոր միջազգային կազմակերպություն է, որն ընդգրկում է սոցիալիստական, սոցիալ-դեմոկրատական և աշխատավորական երիտասարդական միությունների: IUSY-ն, որը հիմնադրվել է 1907 թվականին որպես Երիտասարդական սոցիալիստական ինտերնացիոնալ, այժմ ներկայացնում է 163 անդամ կազմակերպություններ 110 երկրներում: Նրա առաքելությունը ներառում է երիտասարդության ներգրավվածություն, զանգվածային ակտիվություն, կրթական միջոցառումներ, արշավներ և համաշխարհային շահերի պաշտպանություն: ՀՅԴ երիտասարդականը կազմակերպության լիիրավ անդամ է։

1