Ռուս խաղաղապահների կոչն ու իր առօրյայով ապրող Թաղավարդը

Մարտի 14-ին թշնամու դիրքերից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող Թաղավարդ գյուղի ներքևի հատվածում ռուս խաղաղապահները բարձրախոսներով կոչեր են ուղղել՝ հայերեն, ռուսերեն և ադրբեջաներեն: Նրանք մեջբերել են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություն դրույթները և կոչ արել պահպանել հրադադարի ռեժիմը, սադրանքների չտրվել:
«Ապառաժ»-ի հետ զրույցում Թաղավարդի բնակիչ Ռուդիկ Բադասյանը նշել է, որ ադրբեջանական կողմի սադրանքները վերսկսվել են մի քանի օր առաջ, երբ նրանք միացնելով արդեն հայտնի դարձած ձայնագրությունը՝ կոչ են արել լքել տարածքը, կրակոցներ արձակել: «Երկրորդ գիշերն է, որ համեմատաբար խաղաղ է: Ուրախալի է, որ այսօր էլ ռուս խաղաղապահներն են ձայնագրություն միացրել: Բնակիչներից ոչ մեկը այս ընթացքում չի լքել գյուղը, սովորական իր առօրյայով ապրում է»,- նշել է նա:

Ռուդիկ Բադասյանի խոսքով՝ մեր կողմից կրակոցներ չեն լինում, ռուս խաղաղապահներն էլ ամեն ինչ անում են խաղաղությունը պահպանելու համար:

Թաղավարդ-Կալերի բնակիչ Արթուր Թովմասյանն էլ տեղեկացնում է, որ այստեղ ապրում է իր ընտանիքի՝ զավակների և թոռների հետ: «Լրիվությամբ անվտանգ զգալու համար պետք է թուրքերին քշել այստեղից: Այս գիշեր էլ վերևի դիրքից մի քանի անգամ կրակեցին, բայց ոչ ինտենսիվ: Բոլորը դուխով են»,- փաստում է Արթուր Թովմասյանը:






Տաթևիկ Աղաջանյան